Մնում է, որ Սերժ Սարգսյանը չհեռանա

Մնում է, որ Սերժ Սարգսյանը չհեռանա

ՀՀ կառավարության 2017-2022թթ. ծրագրի խորհրդարանական քննարկումները, ապաեւ հաստատումը, ոմանց, չգիտես ինչու, ստիպել է մտածել, որ նախապատրաստվում է վարչապետ Կարեն Կարապետյանի փախուստը, իրենց բնորոշմամբ` 2-րդ փախուստը: Ի՞նչ կարելի է ասել այդպես մտածող մարդկանց, որոնցից շատերը, ունենալով նաեւ հասանելիություն լրատվական հարթակներին, սկսել են իրենց այդ կարծիքը փաթաթել հասարակության վզին եւ դրանով հուսահատեցնել մարդկանց, հավատացնել, որ ոչինչ եւ ոչ ոք, նույնիսկ Կարեն Կարապետյանը, չի փոխի Հայաստանը:



Համամիտ չենք, իհարկե: Նախ` Կարեն Կարապետյանի երկրորդ փախուստի սուր անհրաժեշտությունը չկա, ինչպես որ չկա Քրիստոսի 2-րդ գալստյան անհրաժեշտությունը: Ինչո՞ւ պետք է Կարեն Կարապետյանը հեռանա, կամ ինչո՞ւ պետք է Քրիստոսը 2-րդ անգամ գա: Համեմատությունը տեղին չէ՞: Իզուր եք այդպես կարծում: Ավելին ասեմ` հայ վերլուծական միտքը սնոտիապաշտության խանձարուրից դեռ դուրս չի եկել:



Իր անուն-ազգանունով երբեք չստորագրող մի գլխավոր խմբագիր այսպիսի բան է երկնել. «Եթե ընդհանուր գծերով ամփոփենք կառավարության ծրագրի խորհրդարանական քննարկումները, ապա ընդդիմության քննադատության խորքերում մենք կհայտնաբերենք թույլ եւ անօգնական վարչապետի կերպար, մի մարդու, որին ոչ միայն չեն թողնում աշխատել, այլեւ մտադիր են դարձնել քավության նոխազ: Կարեն Կարապետյանի անօգնականության, անհույս միայնության կերպարն ամրապնդվեց հատկապես խորհրդարանական մեծամասնության վարքագծի ֆոնին, որը, ըստ էության, Կարապետյանին մենակ էր թողել ընդդիմության հետ «բաց մենամարտում»»: Այս մարդու աչքին, վստահաբար, տեսիլքներ են երեւացել խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ: Այլապես ինչո՞ւ պետք է նա այդքան ազդվեր ընդդիմության «խիստ մասնագիտական» քննադատությունից: Ներկայացված ծրագրի ի՞նչն է քննադատել ընդդիմությունը: Բարոյահոգեբանական գրոհ վարչապետի վրա գուցե կար, բայց քննադատություն` ոչ: Հաջորդ պարբերության մեջ հեղինակը հակասում է իրեն. «Եթե մենք ընդունում ենք Կարապետյանի «անօգնականության» միֆը, ակամայից ընդունում ենք, որ նա արժեհամակարգով արմատապես տարբեր է այսօրվա քրեաօլիգարխիայից: Մինչդեռ դա այդպես չէ ու չունի որեւէ աղերս իրականության հետ ու թեկուզ միայն այն պատճառով, որ Կարեն Կարապետյանը տարիներ շարունակ ղեկավարել է «ՀայՌուսգազարդը»` Հայաստանի կոռուպցիայի եւ հասարակության կեղեքման խորհրդանիշներից մեկը»: Տեղ հասանք: Բացատրեք, խնդրեմ, թե ինչու պետք է Կարեն Կարապետյանը հեռանա («փախչի»), եթե քրեաօլիգարխիկ տարրերից մեկն է, թիմի անդամ, որ շարունակում է իր նախորդ վարչապետերի` Սերժ Սարգսյանի, Տիգրան Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի գործը: Բացի այդ, ոզնուն էլ հասկանալի է, որ ռուսական «Գազպրոմը», որպես գազ վաճառող ընկերություն, դեմ չէ նույնիսկ գերմանացիներին շահագործել ու կեղեքել, սակայն Գերմանիայի կառավարությունը մեջտեղ է ընկում եւ այնպես անում, որ գերմանացիները չշահագործվեն եւ չկեղեքվեն:



Եկեք հարթությունները չխառնենք, այլապես տպավորություն է ստեղծվում, թե մենք գերմանացիներից լավն ենք, կամ էլ «Գազպրոմի» պապերն են մեզ պարտք:
Եկեք Կարեն Կարապետյանի հետագա պաշտոնավարման հարցը ոչ թե դարձնենք իշխանության համար պայքարի հարց, այլ դիտարկենք որպես նոր մտածողության, իշխանության օղակների միջեւ նոր հարաբերությունների ձեւավորման, տնտեսության կառավարման նոր մեթոդների ու ձեւերի ներմուծման խնդիր: Այս դեպքում միայն կարելի կլինի վաղը հասկանալ, թե ինչու Կարեն Կարապետյանը 2018-ից հետո մնաց վարչապետ կամ ինչու հեռացավ այդ պաշտոնից, այսինքն` կարողացա՞վ լուծել գերխնդիրը, որի համար 2016թ. աշնանը նշանակվեց վարչապետ:



«Կարապետյանը քարոզարշավի ընթացքում կարող էր ձեւակերպել նոր իշխանության հայտը, բայց նա գերադասեց հանրությանը ներկայանալ Սերժ Սարգսյանի ստվերի, մենեջերի կարգավիճակում: Գործող վարչապետը կարող էր խորհրդարանում ծրագրի քննարկումներն օգտագործել որպես առիթ` ընդդիմությանը մեսիջներ փոխանցելու, ներքաղաքական ստատուս-քվոն փոխելու նպատակով, բայց նա խուսափեց անգամ «Ելքի» հետ առանձին հանդիպումից»,- գրում է գլխավոր խմբագիրը: Ստացվում է, որ Կարեն Կարապետյանը դավադրությունների տեսության միջի «տղեն» էր, բայց վարչապետ նշանակվելուց հետո, փոխանակ ընդդիմադիր դառնալու, անցավ Սերժ Սարգսյանի կողմը: Այո՞… Եթե այս նույն գլխավոր խմբագիրը ժամանակին գրած չլիներ, որ վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակումով Ռուսաստանը Հայաստանում վերցրեց իշխանությունը, ես նրան, գուցե, հասկանայի: Փաստորեն` մալադեց Սերժ Սարգսյան, որ կարողացավ իր ստվերում պահել Պուտինի ուղարկած մարդուն:



Եթե մեր խորհրդարանում իրոք «վարչապետին չեն թողնում աշխատի», «շուտով կսարքեն քավության նոխազ», եւ նման կարգի մտքեր են թեւածում, ինչպես պնդում է հեղինակը, ապա դա նշանակում է, որ խորհրդարանը խորհրդարան չէ, այլ բամբաս-բյուրո, որի անդամներին հասու չէ այն պարզ ճշմարտությունը, որ վարչապետին փոխելն էլ, չփոխելն էլ այլեւս իրենց գործն է լինելու եւ ոչ թե նախախնամության, ինչպես եղել է մինչ օրս: Խորհրդարանում ե՞րբ են հասկանալու, որ ընտրողներին հետաքրքրում է ոչ թե Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան կեղծ հակամարտությունը, ոչ թե այն, թե ինչպես Կարեն Կարապետյանը կկարողանա հեռացնել Սերժ Սարգսյանին, այլ այն, թե ինչ կարող է անել գործող վարչապետը, ով էլ նա լինի:



«Կարեն Կարապետյանի երկրորդ ու ամենահավանական տարբերակը փախուստն է, մանավանդ, որ «վարչապետին չեն թողնում աշխատի», «շուտով կսարքեն քավության նոխազ» ֆոնն ապահովում է այդ քայլը, որը նաեւ փախուստ է քաղաքականության ձախողումից, չիրականացված ներդրումային խոստումներից: Կարեն Կարապետյանը փախուստի հարուստ փորձ ունի: «Գազպրոմի» երրորդական, բայց եկամտաբեր պաշտոնը 2011-ին ստիպեց, որ նա փախչի Երեւանի քաղաքապետի պատվաբեր պաշտոնից: Իրականում դա փախուստ էր Հայաստանից, հայրենիքից, որի հետ Կարեն Կարապետյանին կապում են միայն ժամանակ առ ժամանակ զբաղեցվող ժամանակավոր պաշտոնները»,- գրում է կայքի խմբագիրը` փորձելով տպավորություն ստեղծել, թե Կարապետյանն այս պահին երկընտրանքի առջեւ է կանգնած` կամ պետք է հակադրվի Սերժ Սարգսյանին եւ իշխանության հայտ ներկայացնի, կամ «փախուստի» դիմի: Երրորդ տարբերակ չկա, ինչը նշանակում է, որ հեղինակը վստահ է, որ շատ շուտով Սերժ Սարգսյանն է լինելու ՀՀ հաջորդ վարչապետը: Բայց երանի Սերժ Սարգսյանը գոնե մեկ անգամ ակնարկած լիներ, որ ուզում է դառնալ վարչապետ: Նախագահները, սովորաբար, ուրիշ բան չեն դառնում: Ռուսաստանն այս հարցում բացառություն է, բայց նույնիսկ Ռուսաստանի նախադեպը չի կարող Կարեն Կարապետյանի «փախուստը» երազողների համար օրինակ ծառայել: Իսկ թե ինչու են նրանք այդպիսի երազներ տեսնում, կարող եմ միայն ենթադրել:



Սերժ Սարգսյանին դուր գալու ձեւերը շատ են եւ բազմապիսի: Վարչապետին որպես անօգնական, թույլ, փախուստի պատրաստ մարդ ներկայացնելն էլ այդ ձեւերից մեկն է:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ