Գյումրին բրենդավորում են (ֆոտո)

Գյումրին բրենդավորում են (ֆոտո)

Գյումրու քաղաքապետարանի կայքէջից տեղեկանում ենք, որ Հանրապետության երկրորդ քաղաքն իր բրենդն է ունենալու: Deem Comunications ընկերությունը կզբաղվի բրենդի մշակմամբ, որի համար ձևավորվել է աշխատանքային խումբ: Ինչպես տեղեկացանք, աշխատանքային խմբում ընդգրկված են մշակույթի, տնտեսական և բիզնես ոլորտների փորձագետներ, ինչպես նաև ներկայացուցիչներ միջազգային և հասարակական կազմակերպություններից, Գյումրու քաղաքապետարանից: Ծրագիրը բաղկացած է երկու փուլից, առաջին փուլում կիրականացվի ուսումնասիրություն, իսկ երկրորդ փուլում արդեն կմշակվի բրենդը: Նախատեսվում է, որ մինչև տարեվերջ Գյումրին կունենա իր բրենդը: Ըստ զբոսաշրջության զարգացման կոմիտեի, սա լուրջ նախադրյալ է եւ նպաստելու է, որպեսզի Գյումրիում զարգանա տուրիզմը:



Մինչ Հանրապետության վարչապետն ու մյուս պաշտոնյաները հայրաքաղաքի հետ ծրագրեր են մշակում, իրական պատկերն այլ է: Դեռ երկու ամիս առաջ սկսած շինարարությունը ոչ սկիզբ ունի, ոչ էլ վերջ, ասում են Կումայրի պատմական արգելոց տարածքի բնակիչները՝ մատնանշելով Ռուսթավելի փողոցը, որ քարուքանդ վիճակում է: Փողոցը վերականգնվելու է վարչապետի հրահանգով՝ Կումայրի պատմամշակույթային տարածքի վերականգնման ծրագրի շրջանակներում: Այստեղ մեկ ակտիվ տեմպերով շինարարություն է ընթանում, մեկ՝ աշխատանքները դադարեցված են: Մեր այցելության պահին տարածքը ժապավենապատ էր, եւ որևէ աշխատող չկար: Բնակիչներից միայն տեղեկացանք, որ մի քանի օր է շարժ չկա: Այս փողոցի աշխատանքների դադարեցման հետ կապված Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը մեկ անգամ մեզ համոզել էր, թե աշխատանքները դադարեցված չեն, իսկ պատմական քյարիզները, որոնք ասֆալտը փորելուց հետո ի հայտ են եկել, խոչընդոտ չեն հանդիսանում շինարարական աշխատանքների համար:Մինչդեռ բնակիչները շարունակում են պնդել, որ փողոցը քարուքանդ են արել եւ վերականգնել չեն կարողանում հենց հին ստորգետնյա խողովակների պատճառով, քանի որ ջրի արտահոսք է նկատվում: Թե ինչ է լինելու փողոցի վերջը, դեռևս անհայտ է, բայց բնակիչներին լուրջ անհանգստացնում է փաստը, որ առանց այդ էլ անմխիթար ու փոշոտ փողոցներին ավելացել է կենտրոնական՝ Ռուսթավելի փողոցի քարուքանդ պատկերը:



Այս ամենի կողքին հետաքրքիր է նաև մի բան: «Ջրահարս» համալիրը, որը գնեց հանրապետության վարչապետը եւ տուրիզմը զարգացնելու նպատակով տեղում նոր շինարարություն է իրականացնում, բնակիչների խոսքերով երկար ժամանակ է 25-30հզր. դոլարով չէր վաճառվում, իսկ վարչապետն այն գնել է հնգակի անգամ թանկ: «Վարչապետն առավ, թե չէ, էս մեր տների գները դառան անգին, հըմի ըստեղ ում խոսցնես, տան գինը հոր գնից թանկ է»,-ծիծաղելով ասում է Կումայրի տարածքի բնակիչը՝ մատնացույց անելով իր տունը, որն արդեն անգին է: «Հըբը, տուրիստական, պատմական կենտրոն է, էդտեղ կապրինք»,-ավելացնում է նա:Նշենք, որ Կումայրի պատմական արգելոցի տարածքն ընդգրկում է 1000-ից ավել շինություններ:



Անդրադառնալով զբոսաշրջության զարգացմանն ու Գյումրու բրենդին՝ գյումրեցիներից մի քանիսը նկատեցին՝ բրենդ ստեղծելու համար իրական պատկեր է պետք ունենալ: «Ինձ երբեմն թվում է, թե ապրում եմ մի քաղաքում, որը երկու դեմք ունի: Մեկը սա է, ինչ տեսնում ենք, որն իհարկե առավել իրական է: Մյուսն այդ բրենդը ձևավորող ստեղծագործողների մտքում է: Մայր Հայաստան, Սև Բերդ, Ձիթովցոց տուն, Յոթ Վերք, ու էլի արժեքներ, որոնք տեսնել է պետք: Համոզված եմ՝ դրանք բոլորը բրենդում լինելու են, բայց ինչպես նկարը երկու կողմ ունի, դա էլ երկկողմանի կլինի՝ ետևում թողնելով խղճուկ տնակային ավանները: Մի՞թե մեր իշխանավորներին դժվար է հասկանալ, որ Գյումրին միստիկ քաղաք է, նրա հետ չեն կատակում»,-ասաց անցորդ գյումրեցիներից մեկը:



Արևիկ Հակոբյան