Իսկ տունը դեռ կանգուն է

Իսկ տունը դեռ կանգուն է

Ռուսական կայսրությունում բաժնետիրական ընկերությունների տեղեկատուի 62-րդ կետում կարդում ենք. «Նավթարդյունաբերական եւ առեւտրային «Սյունիք» ընկերություն: Վարչությունը` Բաքու, Նիկոլաեւսկայա փողոց, Հաջի-Ալեքպեր Բաբաեւի տուն, հեռագրական հասցե` «Սյունիք» ընկերություն: Տնօրեններ` Դավիթ Բոգդանի Յուզբաշեւ, Պավել Մարկի Դոլուխանով, Բոգդան Մոիսեի Դոլուխանով (գործադիր տնօրեն): Հիմնադրվել է Բաքվի նահանգի եւ գավառի Քարդայե, Ռամանի, Դառնագյուլ եւ Քերգյոզե ամառանոցներում Մ. Ի. Դոլուխանովին, Դ. Բ. Յուզբաշեւին եւ Մ. Ս. Մադաթովին պատկանող նավթաբեր հողերի շահագործման, արդյունահանվող նավթի վերամշակման եւ նավթի ու նավթամթերքների առեւտրի նպատակով»: Գործունեությունն սկսել է 1901թ. ապրիլի 1-ից (https://www.ourbaku.com/index.php):



Մեր գյուղում նրան ասել են «Մարկոս աղա», ռուսական աղբյուրներում նա Մարկ Իսայիչ Դոլուխանով է, հայկական ձեւով` «Մարկոս Եսայի Դոլուխանյան, հայտնի իրավաբան եւ հասարակական գործիչ»: Ավելի շատ նրան գիտեն որպես իշխանուհի Մարիամ Թումանյանի (1870-1945թթ.) հոր: Իսկ Մարիամ Թումանյանը հայտնի է Հովհաննես Թումանյանի հետ երկարամյա բարեկամությամբ:



Ոչ ոք չգիտի, թե ինչն է Մարկոս Դոլուխանյանին Թիֆլիսից բերել Ելիզավետպոլի նահանգի Ջիվանշիրի գավառի Առաջաձոր գյուղը: Նրա գործընկերներից որեւէ մեկը ծագումով Առաջաձորի՞ց է եղել: Գուցե իր նախնինե՞րն էին այնտեղից կամ կի՞նը: Այդ մասին որեւէ տեղեկություն չկա, ոչ էլ ավանդություն է պահպանվել: Իսկ տունը դեռ կանգուն է` Մարկոս Դոլուխանյանի ամառանոցը, որ նա 1924-ին նվիրել է Առաջաձորի հասարակությանը: Մինչեւ 1976թ. տունն առաջաձորցիների մի քանի սերնդի համար եղել է դպրոցական շենք, որտեղ 350-400 աշակերտ է սովորել: Մինչեւ 9-րդ դասարան ես այդ դպրոցն եմ հաճախել:



Անցած շաբաթ օրը գյուղ էի գնացել: Եվ հանկարծ ցանկություն առաջացավ տեսնել Մարկոս աղայի տունը: Շենքը կանգուն է, ներսը` դատարկ-ամայի: Փայտե սյուներն արդեն խոնարհվել են, երկար պատշգամբի տախտակամածը` բորբոսնել: Հսկա լորենիները չորս կողմից գրոհել, ճյուղերն արդեն մտնում են անպատուհան սենյակների ներսը: Անխաթար է մնացել երկրորդ հարկ տանող քարե սանդղաշարը: Բակում խիտ մոշուտ է, օշինդր: Մի անկյունում ինչ-որ մեկը լոբի է ցանել: Դա մեր սպորտհրապարակն էր, այնտեղ մենք ֆուտբոլ-վոլեյբոլ էինք խաղում, կախվում պտտաձողից եւ նախանձում տասներորդցիներին, որ մարզական օղակների վրա փորձում էին Ազարյանի «խաչ» անել:
Մի քանի տարի առաջ զբոսաշրջության եւ պատմական հուշարձանների պաշտպանության հարցերով պատասխանատուներից մեկին խնդրեցի, որ մասնագետներ ուղարկի` ուսումնասիրեն տան վիճակը: Բոլոր հաշվարկներով` դա մեկ դարից ավելի վաղեմության կառույց է եւ պատմաճարտարապետական հուշարձան: Որքան գիտեմ, հիմնավորեցի միտքս, Արցախում երկրորդ նման շենք չկա` մեծահարուստի ամառանոց, որի վերականգնումը պատկերացում կտա, թե նախանցյալ դարում ինչ ճաշակ եւ ճարտարապետական միտք է ունեցել թիֆլիսցի Մարկոս Դոլուխանյանը: Խնդրանքս մնաց անպատասխան:



Իսկ Դիլիջանում Մարկոս Դոլուխանյանի աղջկա` Մարիամ Թումանյանի ամառանոցը պահպանվում է: Կուզենայի, որ Մարկոս Դոլուխանյանի ժառանգներից մեկը կարդար այս տողերը եւ իմանար, որ ինքն Արցախի Առաջաձոր գյուղում պապենական տուն ունի: Կես դար ծառայել է որպես դպրոցական շենք եւ, ահա, կես դար է լրանում` ոտքի վրա դանդաղ մեռնում է: Այդ եզակի տունը փրկելու հնարավորություն համայնքը չունի: Առիթն օգտագործելով` դիմում եմ Առաջաձորի միջնակարգ դպրոցի բոլոր շրջանավարտներին, ովքեր կյանքի ուղեգիր են ստացել Մարկոս Դոլուխանյանի տնից. «Մեր հիշողությունները փրկելու համար եկեք հանգանակություն կազմակերպենք, քանի դեռ ուշ չէ: Մի օր կարող ենք լսել, որ տունը չի դիմացել լքվածության ցավին եւ իր ներսում խուլ տնքոցով փլվել է:
Գուցե սենտիմենտալ է հնչում, բայց ինձ թվում է` այդ տան մահը գյուղի համար ճակատագրական կլինի»:



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ