Պետք չէ ոչ մեկին ծիծաղեցնել

Պետք չէ ոչ մեկին ծիծաղեցնել

Լավ կլիներ հասկանալ` մեզ առաջին հերթին ե՞լք է պետք Ռուսաստանում ՀՀ քաղաքացիների վարորդական իրավունքի անցնել-չանցնելու պատմությունից, թե՞ խելք, որպեսզի հասկանանք, թե ինչու հանկարծ պարզվեց, որ ԵԱՏՄ անդամ երկրներից «ամենակյաժը» մենք էինք, ու հենց մեր գլխին ջարդվեց այդ «ողբերգությունը»: Այս իրավիճակում թե ելքը եւ թե խելքը մեզ չէին խանգարի, բայց երկու երնեկ մեկ տեղում սովորաբար չի լինում:



«Ելք» դաշինքի առաջնորդներից Էդմոն Մարուքյանի համոզմամբ` խելքին զոռ տալն այս իրավիճակում անխելքություն է, եւ պետք է միանգամից գնալ դեպի ելքը` ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսել: Միանգամայն բնական առաջարկ մեկի կողմից, ով միանգամից նախընտրում է ելքը եւ ոչ թե խելքը: Էդմոն Մարուքյանի թույլտվությամբ մենք նրա այդ առաջարկը Armexit կանվանենք` Brexit-ի օրինակով: Այն էլ նշենք, որ «Ելք»-ում որեւէ գործընթաց սկսելու հմուտ մասնագետները քիչ չեն: Նիկոլ Փաշինյանն ինձ թույլ չի տա ստել, եթե ասեմ, որ ինքն էլ Սերժ Սարգսյանի իմփիչմենտի գործընթաց էր սկսում, բայց այդպես էլ խճճվեց-մնաց ընդդիմադիր պատգամավորների խառնիճաղանջ կարծիքների հորձանուտում:



«Ելք» դաշինքի համեմատաբար ավելի երիտասարդ անդամներն Armexit-ի մասին իրենց հայտարարություններում ավելի զուսպ են: Նրանք ասում են. «Հնարավոր է` Armexit սկսենք», ինչը, համաձայնեք, շատ տարբեր է Մարուքյանի «պետք է սկսենք» ձեւակերպումից:



Armexit սկսելու գաղափարը կայծակի նման շանթել է հայ քաղաքական միտքը, կարելի է ասել` այդ միտքը բաժանել երկու, նույնիսկ երեք մասի: Էդմոն Մարուքյանը շատ ճիշտ է ասում, բա ի՞նչ. ինչքա՞ն համբերենք ու հանդուրժենք, որ մեզ նվաստացնեն: Սա առաջին խումբն է, որի կարկառուն ներկայացուցիչն է փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Նրա կարծիքով՝ Հայաստանի քաղաքական դաշտում Մարուքյանի հայտարարությունն աննախադեպ էր. «Ես ողջունում եմ այդ հայտարարությունը, Հայաստանի քաղաքական դաշտում պետք է սկսեն մտածել այն մասին, որ պետք է սկսել գործընթաց, որով Հայաստանը ոչ միայն դուրս կգա ԵԱՏՄ կոչված ախոռից, այլեւ կսկսի դրան այլընտրանք որոնելու զուգահեռ գործընթաց»: Հասկանալի է, չէ՞, որ Մեհրաբյանի համար էլ կարեւորը ելքն է: Իսկ թե դրանից հետո ինչ կլինի, ցույց կտա ապագան, երբ, ԵԱՏՄ-ից դուրս ընկած` կնայենք շուրջներս, թե ով մեզ կվերցնի կամ թույլ կտա իր ավտոբուսի հետեւի դռնից կախվել: Ես սա ցավով եմ նշում, որովհետեւ Հայաստանը Մեծ Բրիտանիա չէ, որ հանրաքվե անի ու ինքնագլուխ կերպով որոշի իր ճակատագիրը: Եվ դեռ հարց է, թե ինչպես կքվեարկեն հայաստանցիներն Armexit-ին:



Բավականին հետաքրքիր տարբերակ է հուշում մեր հավաքական քաղաքական միտքը կազմող երկրորդ խումբը: Մարուքյանի առաջարկը վատը չէ, բայց նախ պետք է հստակեցնենք մեր կարգավիճակը ԵԱՏՄ-ում եւ ՀԱՊԿ-ում: Կարգավիճակի հստակեցում ասելով` Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նկատի ունի այդ կառույցների մյուս անդամներին հասկացնելը, որ մեր անդամակցությունը նշանակում է համագործակցություն միայն Ռուսաստանի հետ: «Անհրաժեշտ է, որ Հայաստանը հստակ ե՛ւ ԵԱՏՄ-ում, ե՛ւ ՀԱՊԿ-ում ներկայացնի, որ իր անդամակցությունը նշանակում է միայն հստակ Հայաստան-Ռուսաստան երկկողմանի հարաբերություններ եւ այլ որեւէ նշանակություն ու բաղադրիչներ չունի։ Իսկ հետագայում, տեսնելով, թե ինչպիսի արձագանքներ կլինեն դրա հետ կապված, որոշել՝ ինչպես սկսել եւ արդյոք սկսե՞լ ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց»,- ասում է Նավասարդյանը: Չնայած սույն տեսակետի չափավորությանը` հարկ է նշել, որ նման մոտեցման կողմնակիցներին դավաճանել է տրամաբանությունը: Ես, օրինակ, չկարողացա հասկանալ, թե ինչ մեղք ունեն ԵԱՏՄ կամ ՀԱՊԿ անդամ մյուս երկրները, եթե նրանք ՀՀ քաղաքացիներին չեն արգելել իրենց տարածքում մեքենա վարել, իսկ Հայաստանից էլ չեն պահանջում երկրորդ պետական լեզու հռչակել իրենց լեզուն: Այսինքն՝ հիմա մեր կռիվն ո՞ւմ հետ է` Ռուսաստանի՞, թե՞ Ղրղզստանի: Կոպիտ ասած` Նավասարդյանն առաջարկում է բոլորից «յան տալ» ու հայտարարել, որ կարեւորը մենք ենք ու Ռուսաստանը: Սա մի հետաքրքիր կարգավիճակ կարող է տալ Հայաստանին ԵԱՏՄ-ում եւ ՀԱՊԿ-ում, որ շատ մեծ ցանկության դեպքում միայն կարելի է անվանել հատուկ, քանզի դրանով վերջնականապես կամրագրենք, որ առանց Ռուսաստանի մենք ոչնչի ընդունակ չենք:



Կա նաեւ երրորդ խումբը, որոնց ձայնն այսօր դուրս չի գալիս: Այո, դա այն խումբն է, որ ժամանակին ջանք ու եռանդ չէր խնայում հայաստանցիներիս համոզելու, որ ճիշտը ԵԱՏՄ-ն է, ԵԱՏՄ-ի 250 միլիոնանոց շուկան, որ Հայաստանը կամուրջ է դառնում համայն գործարար հայության համար` այդ շուկայի հետ հարաբերվելու եւ այլն, եւ այլն: Խոսեք, պարոնայք: ԵԱՏՄ նախաձեռնության ղեկավար Պուտինը մեր առջեւ, ինչպես ժամանակին Հազկերտը, հավատափոխության ու լեզվի ուրացության հարց է դրել: Առաջնորդեք մեզ դեպի նոր Ավարայր` ինչո՞ւ եք պապանձվել:



Իհարկե, թքած հայ վարորդների իրավունքի վրա, եթե այն Ռուսաստանում գործելու է ի հաշիվ մեր մայրենիի իրավունքների։ Բայց դա չէ հարցը: Մենք պետք է փորձենք հասկանալ, թե ինչու է մեզ պարտադրվում այս անիմաստ կռիվը, բանավեճը, Էդմոն Մարուքյանի ոչնչով չհիմնավորված առաջարկը, դրա շուրջ մեր անիմաստ թռվռոցը: Միով բանիվ` ինչո՞ւ է մեզ առաջարկվում այս կեղծ օրակարգը` պայքարը ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի դեմ: Եվ, ամենակարեւորը` ո՞վ կամ ովքե՞ր են մեզ պարտադրում: Քանի դեռ չունենք այս հարցերի պատասխանները, պետք է ընդամենը խելացի լինել եւ չանել քայլեր, որոնք կարող են նպաստել Հայաստանը տարօրինակ խաղերի մեջ ներքաշելու այս ավազակությանը: Ինչո՞ւ մեր կառավարությունը չի հայտարարում, որ զավեշտ է, երբ ՀՀ քաղաքացին ՀՀ-ում ստացած վարորդական իրավունքով ողջ Եվրոպան, Թուրքիան, Վրաստանը կտրում-անցնում է, սակայն Ռուսաստանում մեքենա վարելու իրավունք չունի: Ստացվում է, որ Պուտինն ամենախելացի ղեկավա՞րն է, այո՞:



Երբ քո երկրում, ընտրողաբար, սահմանափակում ես որեւէ երկրի քաղաքացու օրինական գործունեությունը, ապա դա կոչվում է նաեւ պատժամիջոց տվյալ երկրի դեմ: Հայաստանի դեմ պատժամիջոց կիրառելու սպառնալիքներ մեկ էլ Էրդողանն է հնչեցրել` հայտարարելով, որ Թուրքիայից կարտաքսի հայ առեւտրականներին: Պուտինը, փաստորեն, Էրդողան-2-ն է դառնում: Ո՞վ պետք է այս ամենն ասի Մոսկվային, մինչեւ Armexit-ի գործընթաց սկսելը կամ Ղրղզստանի, Բելառուսի եւ Ղազախստանի հետ հարաբերություններ խզելն ու Ռուսաստանի տակ ավելի հարմար տեղավորվելը: Ասելս այն է, որ պայքարելու փոխարեն փորձում ենք Ռուսաստանին վախեցնել, թե դուրս կգանք ԵԱՏՄ-ից: Կարելի է կարծել` մեր կամքով ենք մտել եւ մեր ուժերով էլ դուրս կգանք: Պետք չէ ոչ մեկին ծիծաղեցնել:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ