Երբ արտգործնախարարություն չունենք, Շարմազանովն էլ է արտգործնախարար

Երբ արտգործնախարարություն չունենք, Շարմազանովն էլ է արտգործնախարար

Ասում է` Լատվիայում մեծ աղմուկ է բարձրացրել ՀՀ ԱԺ փոխխոսնակ եւ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունն այն մասին, որ նա չի հասկանում, թե ինչպես կարող է ԵՄ անդամ երկիրը ռազմավարական համագործակցության հռչակագիր ստորագրել Ադրբեջանի հետ, որտեղ ժողովրդավարություն չկա: Եվ հիմա Լատվիայում, իբր, գործադուլներ են սկսվել սեփական իշխանությունների դեմ, թե բա դուք չե՞ք ամաչում՝ սեփական կնոջը փոխնախագահ նշանակած Ալիեւի հետ այդպիսի ղալաթներ եք անում:



Իսկ եթե ավելի լուրջ, ապա հետաքրքիր է` ինչո՞ւ է Շարմազանովն անդրադարձել այդ հարցին: Մի՞թե միայն այն պատճառով, որ լրագրողներն են հարցրել: Իսկ գուցե ՀՀ իշխանություններին պետք էր մի թեթեւ արձագանքել ադրբեջանա-լատվիական այդ մերձեցմանը, ու արձագանքելու պատիվը թողել էին Շարմազանովի՞ն: Դե, պարոն Շարմազանովի երեւակայությունն էլ թույլ է տվել նրան ասելու միայն. «Տարօրինակ եւ զավեշտալի է, որ ԵՄ անդամ երկիր Լատվիան ռազմավարական հռչակագիր է ստորագրում մի պետության հետ, որը մարդու իրավունքների խախտման ամենաակնառու օրինակն է հանդիսանում մեր տարածաշրջանում»: Իսկ ինչո՞ւ է տարօրինակ ու զավեշտալի: Գուցե, ավելի շուտ, մտահոգիչ ու անհանգստացնո՞ղ է:
Ինչ արած, եկեք արձանագրենք` երբ արտգործնախարարություն չկա, խոսնակ եւ համատեղությամբ փոխխոսնակ Շարմազանովն էլ է արտգործնախարար:



Հայաստանում նույնիսկ հավերժ երիտասարդ Կարեն Ավագյանն է արտգործնախարար: Իմացել եք, չէ՞, ինչպես էր Վոլոդինի յոթն ու քառսունքը մի տեղ արել: Ասել էր` ռուսերենին Հայաստանում պետական լեզվի կարգավիճակ տալու մասին առաջարկը Վոլոդինի անձնական կարծիքն է, ոչ ավելին: Եվ Կարեն Ավագյանի տանձին էլ չէ, որ այդ Վոլոդին ասվածը ՌԴ Պետդումայի խոսնակն է: Ավելին ասեմ` Ավագյանը ձեռքի հետ նաեւ Բաբլոյանի եւ Աշոտյանի յոթն ու քառսունքն է արել: Ստացվում է, որ մերոնք պաշտոնական այցով Մոսկվա են գնում, որ անձամբ Վոլոդինի շուրթերից լսեն նրա անձնական կարծիքը: Նույն Կարեն Ավագյանն ասում է, թե Վոլոդինի հայտարարությունը ռուսական ԶԼՄ-ները տարածել են, իսկ մերոնց պատասխանը`ոչ, եւ տպավորություն է ստեղծվել, թե մեր պատվիրակությունը չի պատասխանել Վոլոդինին: Իրականում, իբր, լավ շշպռել են: Բայց մի՞թե կարելի է շշպռել մարդուն` անձնական կարծիք ունենալու համար:



Ոչ պետական լեզվի մասին Վոլոդինի եւ ոչ էլ Արցախի հարցն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում լուծելու Ադրբեջանի եւ Լատվիայի նախագահների հայտարարությունները մեր արտգործնախարարության աչքի թարթոցին էլ չարժանացան: Ինչո՞ւ: Կարելի էր, չէ՞, Լատվիայի դեսպանատանը մի թեթեւ անհանգստացնել ու ասել՝ ճիշտ է, դա ձեր ներքին հարցն է, բայց մեր հակառակորդի հետ ռազմավարական համագործակցության հռչակագրի ստորագրումը ձեզ համար նոր կարգավիճակ է ստեղծում Հայաստանում, մեղմ ասած` ոչ բարեկամի կարգավիճակ: Իսկ այս նոտային պետք է կցվեր ընդամենը մեկ երկտող այն մասին, որ Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս, եւ Արցախի ինքնորոշման իրավունքն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում քննարկելն առնվազն խնդրի չիմացության հետեւանք է: Ինչպես ասում են` կարճ եւ կոնկրետ:



Այլապես Շարմազանովը ժամերով ճառում է իր ներքին խռովքի մասին, թե՝ վախ, վախ, վախ, ինչպե՞ս կարող է Լատվիայի նման երկրի նախագահը սեղմել բռնակալ Ալիեւի ձեռքը: Ի՞նչ կարիք կա Ադրբեջանի կեղտոտ լվացքը դուրս թափելու, երբ նույն Լատվիան եւ ողջ Եվրամիությունն են տեղյակ մեր լվացքի մաքրության աստիճանին: Օ՛, Ալիեւն իր տիկնոջը երկրի փոխնախագահ է կարգել` ժողովրդավարության ինչպիսի՜ դեֆիցիտ` փոթորկվում է Շարմազանովը: Թրամփն էլ իր դստերն ԱՄՆ նախագահի խորհրդական է նշանակել եւ նրան թույլ է տալիս իր տեղն զբաղեցնել G20-ի գագաթնաժողովի նիստերից մեկի ժամանակ: Երեւի Լատվիայի նման երկիրը նաեւ Թրամփի ձեռքը սեղմելիս պետք է մի քիչ մտածի: Իսկ Շարմազանովը, գուցե. իսկապե՞ս տեղյակ չէ, որ ՀՀ-ում ոչ մի պատահական պաշտոնյա չկա: Կարելի է երիտասարդ խոսնակին լուսավորել այս հարցում, որպեսզի ժողովրդավարության մասին նրա հայեցի պատկերացումները վերջապես համահունչ դառնան այդ երեւույթի միջազգային չափանիշներին:



Շարմազանովի մասին երկար խոսեցի: Կարեն Ավագյանին երեւի թվաց` ինքը լավ պրծավ: Ոչ: Կարեն Ավագյանը թող հանկարծ չմտածի, որ Բաբլոյանն ու Աշոտյանն են մեր նոր «Վարդանանքի» հերոսները, որ Տիզբոնում, կներեք, Մոսկվայում դոշ են տվել մայրենիի համար: Նրանց` Վոլոդինին շշպռելու համար «դուխ» տվողն էլի հայ ժողովուրդն է, չարքաշ, օրվա հաց վաստակող, իր ամենահասարակ իրավունքներն անասելի զրկանքներով պաշտպանող, սեփական պաշտոնյաների ձեռքը ք..․-ն ընկած ժողովուրդը: Բայց այս ի՞նչ եմ ասում, ո՞ւմ եմ ասում, ինչո՞ւ եմ ասում, երբ արդեն հասել ենք մի տեղ, որ ՀՀ ԱԺ նախագահն արթնանում ու բիրդան որոշում է պաշտոնական այց կատարել Մոսկվա, իսկ խայտառակ այցին մեկնաբանություններ տալու հոգսը դնում դիվանագետ Կարեն Ավագյանի վտիտ ուսերին:



Օրերս թերթերից մեկը, անդրադառնալով Բաբլոյանի մոսկովյան արկածներին, գրել էր, որ վարչապետ Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանին մենակ է թողել` ոչ մի հայտարարություն չանելով Վոլոդինի ասածների կապակցությամբ: Այս փորացավը ես հասկանում եմ` միայն թե սեւ կատու տեսնեն Սերժ Սարգսյանի եւ Կարեն Կարապետյանի արանքում: Բայց դա չէ այս պահին հարցը: Իրոք պետք էր արձագանքել, դիվանագիտական պատասխան տալ Վոլոդինին, որ կարող էր անել ՀՀ ԱԳՆ-ն` առնվազն փոխնախարարի մակարդակով, որպեսզի ՌԴ Պետդումայում վերջնականապես հասկանային, որ դաշնակից երկրի օրենսդրությանը միջամտելը եւս համարվում է միջամտություն նրա ներքին գործերին: Այլապես, ասել Շարմազանովը, տարօրինակ ու զավեշտալի է, երբ Պետդումայի խոսնակը փորձում է իր անձնական կարծիքը դարձնել պաշտոնական հանդիպման քննարկման նյութ, իսկ մերոնք էլ ճակատամարտ են տալիս, ասես Մոսկվա կռիվ են գնացել:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ