Թող առաջարկեն Սանկտ-Պետերբուրգի անունով անվանափոխություն, մենք քննարկենք

Թող առաջարկեն Սանկտ-Պետերբուրգի անունով անվանափոխություն, մենք քննարկենք

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության առաջարկին՝ անվանափոխել Երևանի մի շարք փողոցներ։ 



Մարգարյանն ասել է, որ պետք է նաև հանրային քննարկում լինի, գիտական կարծիքներ հնչեն, որովհետև նախկինում այդ փողոցները անվանափոխվել են, հետո նորից վերանվանվել։ Ուստի, Մարգարյանի խոսքով՝ հանրային քննարկումներից հետո նոր Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցությունն իր դիրքորոշումը կհայտնի։ Մարգարյանը, սակայն, հստակ դիրքորոշում է հայտնել Լենինգրադյան փողոցը Լենոիդ Ազգալդյանի անունով վերանվանելու վերաբերյալ։



«Մեր ազգային հերոսների այն անունները, որոնք առաջարկում է «Ելք» խմբակցությունը, բնականաբար, մենք կողմնակից ենք, բայց օրենսդրությունը պետք է ուսումնասիրենք, թե երբ կարող ենք անվանափոխել։ Երևանն ու Սանկտ Պետերբուրգը քույր քաղաքներ են, մենք համագործակցում ենք և չենք պատրաստվում Լենինգրադյան փողոցն անվանափոխել»,-ասել է քաղաքապետ Մարգարյանը։



Hraparak.am-ն այս թեմայով զրուցեց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հետ։ Վերջինս ասաց, որ դեմ չէ, որ հանրային քննարկում լինի։



«Կարծում եմ, որ այս երկու-երեք շաբաթ տեղի ունեցած հանրային քննարկումներն արդեն ստեղծել են պատկեր, և այդ պատկերն այն է, որ հեղինակավոր պատմաբանները, փորձագետները, մարդիկ կողմնակից են նոր անվանումներին, սակայն, եթե կա ինչ-որ այլ ֆորմալ ընթացակարգ հանրային քննարկումներ անցկացնելու, մենք դեմ չենք, չենք շտապում։ Ես կարծում եմ՝ որքան շատ քննարկվեն Կասյանի ու Միկոյանի գործած հանցանքները, այդքան մարդիկ ավելի շատ պատկերացում կկազմեն այդ ժամանակների մասին»,-ասաց պարոն Խաժակյանը։



Ինչ վերաբերում է Լենինգրադյան փողոցի անվանափոխությանը Տարոն Մարգարյանի դեմ արտահայտվելուն, ապա «Ելք» խմբակցության ղեկավարն ասաց, որ իր համար Մարգարյանի պատասխանը փոքր-ինչ զարմանալի է․ «Որովհետև, եթե խնդիրը Սանկտ-Պետերբուրգի հետ ունեցած հարաբերություններն են, ապա թող ՀՀԿ ֆրակցիան առաջարկի Սանկտ-Պետերբուգրի անունով անվանափոխություն Լենինգրադյան փողոցի մասով»։



Խաժակյանի խոսքով՝ Լենինի անունով անվանակոչված փողոցներից, հրապարակներից ազատվում են նաև Ռուսաստանում, հետխորհրդային մյուս երկրներում, նաև Հայաստանում Լենինականը անվանափոխեցին, դարձրին Գյումրի։ Ամեն դեպքում, «Ելքը», դեմ չլինելով Սանկտ-Պետերբուրգի անունով փողոց ունենալուն, նպատակահարմար է գտնում Լենինգրադյանը անվանակոչել հենց Լեոնիդ Ազգալդյանի անունով։ «Թող առաջարկեն Սանկտ-Պետերբուրգի անունով անվանափոխություն, մենք քննարկենք»,-ասաց նա։




Վահե ՄԱԿԱՐՅԱՆ