Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթգծի քաղաքական վնասներն ու տնտեսական օգուտները

Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթգծի քաղաքական վնասներն ու տնտեսական օգուտները

Ջավախքի երկու խոշոր կենտրոնները՝ Ախալքալաքն ու Նինոծմինդան իրար միացնող ճանապարհին արդեն ավարտին է մոտենում երկաթգծի նոր խոշոր կայարանի կառուցումը։ Այն կառուցվում է Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու մեգածրագրի շրջանակներում։ Ախալքալաքի մոտ կառուցվող այս կայարանում են հավաքվելու Կարսից եկող ու Թբիլիսիով դեպի Բաքու կամ հակառակ ուղղությամբ գնացող բեռները, լինելու է մեծ տերմինալ։ Այս ծրագրից Հայաստանը դուրս մնաց։ Թուրք-ադրբեջանական տանդեմին հաջողվեց վրացիներին համոզել այս ծրագիրն իրականացնել եռակողմ՝ առանց Հայաստանին ներգրավելու։



Հիմնական ներդրողները հենց Թուրքիան եւ Ադրբեջանն են։ Նպատակը մեկն է՝ տնտեսական այս ճանապարհով մեծացնել Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքական ազդեցությունը տարածաշրջանում, թույլ չտալ, որ Հայաստանը եւս դառնա գործոն տնտեսական կարեւոր նշանակության այս միջանցքում։



Բացի այդ, որքան էլ ջավախահայերի ցանկությունը մեծ էր, բայց այս երկաթուղու շինարարության վրա տեղի բնակչությունը, հատկապես հայերը, գրեթե ներգրավված չեն որպես աշխատուժ։ Հիմնականում աշխատում են դրսից եկած թուրքերն ու ադրբեջանցիները։ Հիմա էլ, երբ կայարանը բացվի, խոսակցություն կա, որ հենց թուրքեր ու ադրբեջանցիներ են բնակեցվելու կայարանամերձ հայաբնակ գյուղերում, որպեսզի սպասարկեն երկաթգիծը։ Իսկ սա հղի է լուրջ վտանգներով հայաբնակ Ջավախքի համար։



Այս ծրագրի հնարավոր օգուտների եւ վնասների մասին զրուցեցինք ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանի հետ, որի ծննդավայր Գանձա գյուղի կողքով է անցնում երկաթուղին։



Սա ոչ թե տնտեսական, այլ քաղաքական ծրագիր է



«Ես կարծում եմ, որ սա առաջին հայացքից է տնտեսական ծրագիր, իրականում նախաձեռնողների՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի համար սա քաղաքական պրոյեկտ էր։ Նպատակն ակնհայտ էր, Թուրքիան եւ Ադրբեջանը երկաթուղային կապ իրար մեջ չունեին, կարող էին ունենալ, եթե գործարկվեր Կարս-Գյումրի երկաթգիծը։ Եթե գործարկվեր Կարս-Գյումրի, Գյումրի-Թբիլիսի, Թբիլիսի-Բաքու երկաթգիծ, ապա Հայաստանը եւ Վրաստանը միասին դառնում էին տարանցիկ Թուրքիայի եւ Ադրբեջանի ցամաքային երկաթուղային կապի համար։ Բայց քանի որ Թուրքիան եւ Ադրբեջանը չէին ցանկանում, որ Հայաստանը դառնար տարանցիկ երկիր, նրանք որոշեցին ուղիղ Վրաստանի տարածքով ունենալ այդ կապը, քանի որ Վրաստանի տարածքով է անցնում նաեւ Բաքվի գազն ու նավթը դեպի Թուրքիա եւ արտաքին աշխարհ»,- կարծում է պատգամավորը՝ նկատելով, որ այս առումով Հայաստանը կարող էր գործոն դառնալ, եւ դրա համար Թուրքիան եւ Ադրբեջանը հարյուր միլիոնավոր դոլարներ ծախսեցին միայն Կարս-Ախալքալաք հատվածը կառուցելու վրա։



«Որեւէ գերտերություն չի աջակցել այս ծրագրին, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ԱՄՆ-ն։ Եվ այդ չաջակցելու դրսեւորումը նախեւառաջ պայմանավորված էր նրանով, որ այդ երկրների որեւէ խոշոր ընկերություն չներգրավվեց այս ծրագրի ֆինանսավորման գործում։ Անգամ ԱՄՆ-ն հրապարակային հայտարարեց, որ թույլ չեն տալու ֆինանսավորել այս պրոյեկտը, որովհետեւ նույն կարծիքին էին, որ դա քաղաքական պրոյեկտ է եւ արվում է ոչ թե տարածաշրջանի կոմունիկացիոն համակարգը զարգացնելու եւ պետությունների միջեւ տնտեսական կապերն աշխուժացնելու նպատակով, իհարկե՝ այդ գործոնը եւս կա, այլ Հայաստանին լուսանցքում թողնելու, տարածաշրջանային ծրագրերից հեռու վանելու նպատակով»։



Ջավախահայ պատգամավորը կարծում է, որ այս ծրագիրն իրագործվեց Միխայիլ Սահակաշվիլու «տխրահռչակ ղեկավարման տարիներին» եւ նրա աջակցությամբ։ «Մի մարդ, ով կուրանալով թուրքական եւ ադրբեջանական ոսկու փայլից եւ Ռուսաստանի հանդեպ ատելությունից, Վրաստանը ներքաշեց ծայրահեղ վտանգավոր մի իրավիճակի մեջ՝ թույլ տալով, որ Թուրքիան եւ Ադրբեջանն ահռելի տնտեսական ազդեցություն ունենան Վրաստանում։ Այսօր չկա Սահակաշվիլին, բայց նրա տխուր հետքերն ակնհայտ ցցվել են Վրաստանի քաղաքական համակարգի եւ ազգային անվտանգության դեմ-դիմաց»։



Ի՞նչ կշահեն Ջավախքն ու Հայաստանը այս ծրագրից



Թորոսյանը, այնուհանդերձ, ռացիոնալ հատիկ տեսնում է այն պնդումներում, որ այս ծրագիրը տնտեսական էֆեկտ է ունենալու նաեւ Ջավախքի եւ, անուղղակիորեն՝ Հայաստանի համար։ «Ի վերջո, դա երկաթգիծ է, փոխադրումներ, կոմունիկացիաներ, տնտեսական շարժ։ Ի վերջո, հայաստանյան ապրանքները եւս կարող են երկաթուղով փոխադրվել, Թուրքիա-Վրաստան երկաթգիծը կաշխատի, որի շնորհիվ Թուրքիայից Վրաստանով արդեն երկաթուղային ճաապարհով ապրանքներ կտեղափոխեն Հայաստան։ Սակայն մի բան է տնտեսական էֆեկտի կանխատեսումը, մեկ այլ բան՝ աշխարհաքաղաքական նոր իրողությունները, որի մեջ ահռելի վտանգ կա։ Պարզից էլ պարզ է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը ձգտում են կյանքի կոչել պանթուրքիզմը։ Ո՞վ է այսօր խոչընդոտում այդ ծրագրին՝ Հայաստանը, մասամբ՝ նաեւ Վրաստանը։ Հայաստանը, բնականաբար, դա թույլ չի տա եւ երբեք էլ թույլ չի տվել։ Ուստի, Թուրքիան մտածում է, որ կարող է միանալ Ադրբեջանին Վրաստանի վրայով»։ Թորոսյանի խոսքով՝ մենք պետք է ամեն ինչ անենք ու պայքարենք, որ գոնե երկաթուղու սպասարկման աշխատանքներն իրականացվեն տեղական աշխատուժի հաշվին։



Նկատեցինք, որ Վրաստանի խորհրդարանի հայ պատգամավորների միջեւ լարվածություն կա։ Եվ նրանք, ըստ էության, ավելի շատ իրենց նեղանձնական շահերն են առաջ տանում՝ մոռանալով Ջավախքի առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրները։ «Ես աշխատում եմ չմտնել որեւէ մեկի միջանձնային հարաբերությունների մեջ։ Խնդիրն այստեղ այն է, որ Ջավախքից ընտրված պատգամավորները պետք է եւ պարտավոր են հանդես գալ ջավախահայության շահերի պաշտպանության դիրքերից։ Նաեւ՝ համավրացական շահերի։ Պետք է հանդես գան որպես Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ։ Իսկ Վրաստանի խորհրդարանի պատգամավորը, եւ ոչ միայն ազգությամբ հայը, բոլորն էլ, կարծում եմ, պետք է Վրաստանի շահերից ելնեն։ Իսկ Վրաստանի շահը տվյալ դեպքում, կարծում եմ, թուրքական ազդեցության թուլացումն է Վրաստանում»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ