Տիգրան Սարգսյանն ու «Արմսվիսբանկը» սնանկացրել են հայ-չինական ձեռնարկությունը

Տիգրան Սարգսյանն ու «Արմսվիսբանկը» սնանկացրել են հայ-չինական ձեռնարկությունը

Ռուդոլֆ Հակոբյանը VR and G profile հայ-չինական համատեղ ձեռնարկության տնօրենն է։ Նա այս ընկերությունն իր չինացի երկու գործընկերների հետ հիմնել է 2005 թվականին։ Արտադրում էին պոլիվինիլքլորիդից պրոֆիլներ։ Այն ժամանակ դա Հայաստանի միակ ձեռնարկությունն էր, որ նման արտադրանք էր տալիս։ Հումքը ներկրում էին Չինաստանից։ Ներդրողները նույնպես Չինաստանից էին՝ Շաո եղբայրները։ Հակոբյանը պատմեց, որ շատ կարճ ժամանակահատվածում իրենց ընկերությունը տնտեսական մեծ հաջողություններ է գրանցել՝ մեկ արտադրամասից վերածվել է չորս արտադրամասի, տարեկան շրջանառությունը հասել է 480 մլն․ դրամի, եւ 2007-08 թթ․ հայտնվել են անգամ խոշոր հարկատուների ցուցակում։ Բայց այս հաջողությունը երկար չի տեւել, ընդամենը 4 տարի։ Հակոբյանն իր ընկերության մեջ ներդրում կատարելու համար 1 մլն․ 75 հազար դոլար վարկ է վերցրել «Արմսվիսբանկից»։ Վարկն իր տոկոսներով ժամանակին մարել են եւ որեւէ պարտավորություն չեն ունեցել ո՛չ բանկի, ո՛չ որեւէ այլ կազմակերպության նկատմամբ։ Հերթական անգամ մեծ խմբաքանակով հումք ներկրելու համար նրան նորից վարկ է պետք եղել՝ 300 հազար դոլարի չափով։ Ըստ Հակոբյանի՝ այդ ժամանակ պատվերների հերթեր են գոյացած եղել, իրենք չեն հասցրել պատվիրատուների պահանջները բավարարել, ուստի անհրաժեշտ է եղել մեծ խմբաքանակով հումք ներկրել, որպեսզի կարողանային մեծացնել արտադրական ծավալները։ Ընկերության այդ ծաղկուն շրջանում Ռուդոլֆ Հակոբյանը հանդիպում է «Արմսվիսբանկ» ՓԲԸ գործադիր տնօրեն Գեւորգ Մաչանյանի հետ։ Նրան ներկայացնում է իրավիճակը, որ իրենք ընկերության հաշվին ունեն 964 հազար դոլար գումար, անհրաժեշտ է եւս 300 հազար, որպեսզի կարողանան անհրաժեշտ խմբաքանակով հումք ներկրել։ Իրենց պրոֆիլների արտադրության մեջ 11 տեսակի քիմիական միացություններ են օգտագործվում։ Ուստի այդ 11 տեսակից խոշոր խմբաքանակով ձեռք բերելու համար գումարը չէր բավարարում։



«Ինքը խոստացավ մեզ ֆինանսավորել՝ պայմանով, որ մենք մեր գումարով կներկրենք երկու գլխավոր հումքատեսակները, իսկ մնացածի համար էլ ինքը կֆինանսավորի։ Մենք մեր պարտավորությունը կատարում ենք, բերում ենք այդ ահռելի քանակությամբ հումքը, իրենք իրենց մոնիտորինգով գալիս նայում են, հենց ինքը՝ Գեւորգ Մաչանյանը, գալիս տեսնում է, որ մենք բերել ենք, սակայն հրաժարվում է այդ 300 հազար դոլարը մեզ տրամադրել։ Եվ դա մեզ վրա անդառնալի հետեւանքներ է ունենում, ընկնում ենք ցայտնոտի մեջ, քանի որ ձեռնարկության ամբողջ գումարը մենք ծախսել էինք՝ հավատալով, որ վարկը կստանանք»,- հակիրճ ներկայացրեց պարոն Հակոբյանը՝ նշելով, որ դրանից հետո իրենք կորցրել են իրենց ծաղկուն ձեռնարկությունը։



Ապա սկսվել են դատական քաշքշուկներ, բանկում գրավադրված ողջ գույքը հանվել է աճուրդի, որին մասնակցել է մի ընկերություն՝ «Ալզաս» ՍՊԸ-ն, որին «Արմսվիսբանկը» գույքի գնից 210 հազար դոլար ավելի վարկ է տրամադրել, որպեսզի գնի VR and G profile ընկերության գույքը։ Սնանկացած ընկերության հիմնադիրը կարծում է, որ բանկն ու «Ալզաս» ՍՊԸ-ն հատուկ պայմանավորվածություն են ունեցել, որ «փող լվանան»։ Ուշագրավ է, որ «Ալզաս» ՍՊԸ տնօրեն Գագիկ Ղազարյանի մահվանից հետո դրա իրավահաջորդները դատի են տվել «Արմսվիսբանկին»՝ կեղծ աճուրդ կազմակերպելու համար։



Հակոբյանի խոսքով՝ բանկի կողմից իր խոստումը չկատարելը հատուկ ծրագրված քայլ է եղել իրենց դեմ, որպեսզի սնանկացնեն իրենց։ Եվ դա կատարվել է, ըստ Հակոբյանի, Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ։ «Բազմաթիվ անգամ ստուգումներ են ուղարկել մեզ մոտ հենց իր հանձնարարությամբ, եւ միակ տարբերակը՝ հարուստ ձեռնարկությանը քցել, դա հնարավոր էր միայն խաբելու միջոցով»,- ասաց նա։ Արդեն մի քանի տարի է՝ դատական գործընթաց է գնում, մի նիստ էլ սեպտեմբերի 6-ին է նշանակված։ Բանկը, ըստ Հակոբյանի, փորձում է ապացուցել, որ Հակոբյանի ղեկավարած ընկերությունն իբրեւ թե հայտ չի ներկայացրել իրենցից վարկ ստանալու համար, մինչդեռ Հակոբյանը պնդում է, որ իրենք ունեն ապացույցներ, տեղեկանքներ, այլ փաստարկներ է բերում՝ բանկի կողմից իրենց վարկ տրամադրելու խոստումը փաստող։



Զրուցեցինք նաեւ «Արմսվիս-բանկի» իրավաբանական վարչության պետ Միհրան Գալստյանի հետ։ Նա նշեց, որ բանկը պարտավոր չէ ոչ մի անձի վարկ տրամադրել, եթե չկա պայմանագիր։ Մինչդեռ Հակոբյանը պնդում է, որ ինքն ունի տեղեկանք, այն մեզ ցույց տվեց, որով դիմել է բանկին՝ վարկ ստանալու համար։ Ուստի կարծում է, որ բանկի ղեկավարությունը խոստացել եւ վերջում չի տվել վարկը՝ ընկերությանը կանգնեցնելով փաստի առաջ։ «Դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռներ կան, որ երկու տարբեր դատարաններ երկու տարբեր գործերով, նույն հիմքերով․․․ գործը քննվել է առաջին ատյանից մինչեւ վճռաբեկ դատարան, ու իր բոլոր հայցերը մերժվել են։ Էդ ամեն ինչը թող ինքն էնտեղ ներկայացներ ու ներկայացրել է։ Բացի դրանից, VR and G-ն էլ է սնանկ, Ռուդոլֆ Հակոբյանն էլ է սնանկ՝ որպես ֆիզիկական անձ»,- ասաց բանկի իրավաբանական վարչության պետը։ Ինչ վերաբերում է աճուրդին մասնակցած «Ալզաս» ՍՊԸ-ին գույքի գումարից ավելի գումար տրամադրելուն, պարոն Գալստյանն ասաց, որ դա բանկային գաղտնիք է, եւ չի կարող ասել, թե որքան գումար են տրամադրել «Ալզաս» ՍՊԸ-ին։



Ռուդոլֆ Հակոբյանը կարծում է, որ այս ամենն ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական ասպեկտ ունի։ Բանն այն է, որ այս ամենից հետո իր չինացի գործընկերներն ուղղակի հիասթափված թքել-հեռացել են Հայաստանից։ Մինչդեռ, Հայաստանն այս օրերին ձգտում է Չինաստանից ներդրողներ գրավել, բանակցություններ է վարում։ «Ինչպե՞ս պետք է ներդրողները նման դեպքերից հետո վստահեն մեր իշխանություններին եւ գան ներդրում կատարեն Հայաստանում, եթե այստեղ ներդրողներին քցում են»,- կարծում է Ռուդոլֆ Հակոբյանը։ Նրա կարծիքով՝ Տիգրան Սարգսյանը շահագրգռվածություն է ունեցել այս բիզնեսի հարցում, որը մեծ հաջողություններ էր գրանցում։ Իր տեղեկություններով՝ անգամ նմանատիպ մի ընկերություն է ունեցել նախկին վարչապետը, ուստի որոշել են իրեն սնանկացնել, որպեսզի դաշտը մաքրեն «խոշոր խաղացողից»։



Նկատենք, որ Հայաստանի կառավարությունն այս օրերին ակտիվ հանդիպումներ է ունենում չինական տարբեր ընկերությունների հետ՝ փորձելով համոզել նրանց, որ գան ներդրում կատարեն Հայաստանում։ Միայն վերջին երկու ամսում տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հինգ այդպիսի հանդիպում-բանակցություններ է ունեցել չինացիների հետ։ Հայկական կողմը համոզել է նրանց ներդրումներ կատարել ճանապարհաշինարարության, հանքարդյունաբերության եւ այլ ոլորտներում։ Նախնական պայմանավորվածություն կա Ալավերդիում պղնձաձուլարան կառուցել չինական ներդրումներով։ Երեկ էլ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էր չինական պատվիրակություն ընդունել՝ Երեւան էր ժամանել Չինաստանի Ցինդաո քաղաքի քաղաքային ժողովրդական կոնգրեսի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Լիու Շենգժենի գլխավորած պատվիրակությունը։ Քաղաքապետն էլ է խոսել ներդրումային ծրագրեր իրականացնելու մասին՝ ակնկալելով ներդրումներ չինացի բարեկամներից։ Այս ֆոնին հայ-չինական խոշոր ձեռնարկության սնանկացումը, այն դեպքում, երբ Չինաստանում բանկերը դժվար պահերին կանգնում են հենց ներդրողների ու գործարարների կողքին, այս ծրագրերի իրականացմանը հաստատ չի նպաստի։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ