Մեկ օր

Մեկ օր
Եվրոպական բարեկեցիկ երկրների լրագրողները կերազեին Հայաստանում ապրել ու աշխատել: Այնքան իրադարձություններ, որ Հայաստանում կատարվում են մեկ օրում, եւրոպաներում տեղի են ունենում մի քանի ամսում: Երեկ, օրինակ, մի շարք իրադարձություններ էին արժանի լուսաբանման: Նախ, Ալմաթիում արտգործնախարարների հանդիպումն էր՝ կապված ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ: Եւ այս թեմային առնչվող ադրբեջանական ու թուրքական արձագանքները: Երեկ հայ լրագրողների ուշադրության կենտրոնում էր նաեւ կալանավայրերի խնդիրը՝ հասարակական կազմակերպությունները հասարակության ուշադրությունն էին հրավիրել կալանավայրերի գերծանրաբեռնվածության եւ կենցաղային տարրական պայմանների բացակայության վրա: Երիտասարդ բնապահպանները երեկ բաց նամակով դիմել էին "Տաշիր գրուպի" նախագահ Սամվել Կարապետյանին՝ խնդրելով կամովի հրաժարվել Մաշտոցի եւ գլխավոր պողոտաներում ստորգետնյա եւ վերգետնյա կառուցապատման նախագծից: Հավանաբար նրանց ոգեւորել է "Տրոյկա դիալոգի" ղեկավար Ռուբեն Վարդանյանի քայլը, որը որոշել է հրաժարվել "Դիլիջան" օտարալեզու դպրոցի նախագծից, քանի որ այն առաջացրել է հասարակության վրդովմունքը: Թեեւ երեկ արդեն կարծիքներ էին հնչում, թե Վարդանյանի հրաժարվելը ոչինչ չի փոխելու՝ լեզվի եւ կրթության մասին օրենքները, միեւնույն է, փոխվելու են, եւ այս նախաձեռնությունը կյանքի է կոչվելու: Վերջապես, երեկ Երեւանում "Ոսկե ծիրան" փառատոնի վերջին օրն էր, եւ արվեստասեր հասարակությունը շարունակում էր վայելել կինոարվեստը: Փառատոնը տարեցտարի ավելի մեծ հետաքրքրություն է առաջացնում, եւ ավելի ու ավելի շատ մարդիկ են ներգրավվում: Այնպես որ, հայաստանյան իրականության ընդամենը մեկ օրը լուսաբանելու արժանի շատ իրադարձություններ են տեղի ունեցել: