ԼՂՀ-ն ճանաչելու պահը հասունացե՞լ է

ԼՂՀ-ն ճանաչելու պահը հասունացե՞լ է
Հոկտեմբերի 5-ին ԱԺ-ն քննարկելու է "ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին" օրինագիծը, որն օրակարգում ընդգրկվել է "Ժառանգության" ջանքերով: Մեծամասնություն կազմող ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն առայժմ չեն կողմնորոշվել, թե ինչպես են քվեարկելու: Նրանք մեկը մյուսի վրա են գցում որոշման հիմնավորումը եւ խուսափում են հստակ արտահայտվել այս թեմայով: "Եթե քաղաքական մեծամասնությունը հիմնավորեց, որ այսօր պետք է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, մենք չենք ճանաչի",- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը:



Իսկ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը "Կքվեարկի՞ արդյոք ԲՀԿ-ն օրինագծի օգտին" հարցին պատասխանեց, որ դրա համար ավելի պատեհ պահ կլինի: Ըստ նրա, քաղաքական իրադարձությունները շատ արագ՝ միգուցե մեկ ամսում, կարող են փոխվել: "Երբ բանակցային ճանապարհով հիմնահարցի լուծման ճանապարհները սպառվեն, կարծում եմ, որ հայկական կողմը կդիմի այլընտրանքային քայլերի, որոնցից կարող է լինել նաեւ ԼՂՀ ճանաչումը",- ասաց ԲՀԿ խոսնակը: "Ժառանգության" այս պահվածքը սպասելի էր, թեեւ այս պահին կուսակցությունը եւս չի կարողանում կանխատեսել իր նախաձեռնության ճակատագիրը:



"Ժառանգության" պատգամավոր Ստեփան Սաֆարյանն այսպես մեկնաբանեց քաղաքական մեծամասնության պահվածքը. "Ժամանակն ապացուցեց, որ ճանաչման դեմ բերվող փաստարկներն ուղղակի հիմնազուրկ են, եւ ոչ թե պետք է սպասել, թե երբ է գալու ճանաչման հարմար պահը, որ ինչ-որ մեկը մեզ հասկացնի, թե՝ դուք ճանաչեք, մենք էլ կճանաչենք, կամ՝ այ, հիմա է ճանաչելու պահը, այլ Հայաստանն ինքը պետք է հասունացնի այդ պահը":