Դիտահորերի բիզնեսը

Դիտահորերի բիզնեսը
Թվում է՝ փոքրիկ խնդիր է Վանաձորում դիտահորերի կափարիչների բացակայությունը, բայց այն լուրջ խոչընդոտներ է ստեղծում թե երթեւեկության եւ թե հետիոտների համար: 20 տարվա վարորդ Կարենն ասում է. «5 մետրի վրա 6 դիտահոր կա, չենք իմանում որ մեկից փախցնենք ավտոն, որ մեջը չընկնի, իսկ ուշ ժամին անցնող մարդիկ էլ պետք ա աչքները չորս անեն, որ մեջը չընկնեն, թե չէ ո՞վ ա իրանց տերը»: Իսկ տիկին Գայանեն էլ հիշում է, որ անցած տարվա սելավների ժամանակ մի երեխա ընկել էր ջրով լցված դիտահորը եւ «տրուբեքի մեջ լռվել, ուղղակի հրաշքով փրկվեց, ով իմանար ջուրը նրան ուր կքշեր-կտաներ»: Այս լուրը ցնցել էր ողջ Վանաձոր քաղաքը, բնակիչներն ուղղակի պառկել էին փողոցում, որպեսզի փոխեն ջրի հոսքը եւ փրկեն երեխային:



Վանաձոր քաղաքի վարչական տարածքում այսօր կա 590 դիտահոր, որոնց կափարիչներն անհետանում են. դրանք չնչին գումարի համար որպես ջարդոն հանձնում են գունավոր մետաղի ընդունման կետեր: Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի գլխավոր մասնագետ Պավլիկ Գեւորգյանը նշում է, որ իրենց բաժնի ստուգայցերի ժամանակ դա բացահայտվում է. «Պարզ երեւում է, որ գողացվել է թե կոտրվել, կան նաեւ կափարիչներ, որոնց սարքինության ժամկետն արդեն անցել է, ու ենթակա է փոխման, քանի որ երթեւեկության համար վտանգ է ներկայացնում»: Երբեմն նաեւ հայտնաբերում են գողերին, եւ վնասը փոխհատուցվում է:



Վիճակը հատկապես վատ է քաղաքի ծայրամասերում, որտեղ 10 դիտահորից 8-ի կափարիչը չկա: Բյուջեի սղության պատճառով արագ վերականգնել չեն կարողանում: Իսկ ստուգայցեր չե՞ն կատարվում գունավոր մետաղի ընդունման կետեր, եւ հնարավոր չէ՞ այդ կետերին համոզել, որ համագործակցեն իրենց հետ եւ չընդունեն դիտահորերի կափարիչները: «Համագործակցություն չեմ նկատել, որ նրանք զանգահարեն մեզ ու ասեն, որ դիտահորի կափարիչ է բերվել, մենք դիմել ենք, բայց ոչ պաշտոնական»,- ասաց քաղաքապետարանի պաշտոնյան:



Եղանք նաեւ գունավոր մետաղի ընդունման որոշ կետերում, սակայն աշխատակիցները չասացին, թե ով է բերում դիտահորերի կափարիչները, իսկ երբ հարցրինք, թե ինչու են ընդունում, պատասխանեցին. «Մի ժամանակ բերում էին նորմալ վիճակում, մենք չէինք վերցնում, բայց հետո սկսեցին ջարդել նոր բերել՝ իբր պիտանելիության ժամկետն անցել է, կոտրվել է, իրենք էլ բերել են»: