Իր ազատությունը փողով գնածը գա Հայաստան, որ ի՞նչ անեն

Իր ազատությունը փողով գնածը գա Հայաստան, որ ի՞նչ անեն
Օրերս մի շարք լրատվամիջոցներում հրապարակված ռումինացի Օլիվեր Ռադուկո Մարիանի նամակը աղմուկի տեղիք է տվել: Նա պատմել էր, թե ինչպես է կաշառքի միջոցով գնել իր ազատությունը: «Ձեր արդարադատության ողջ համակարգն այնքան կոռումպացված է եւ կեղծ, եւ փողը խնդիրներ լուծելու միակ ճանապարհն է, հատկապես իմ ունեցած խնդիրների նմանները: Ես ընդամենը մի քանի անուն կներկայացնեմ Ձեզ, որպեսզի հասկանաք կոռուպցիայի աստիճանը: Երկու տարի ազատազրկում ստանալու համար ես փող եմ վճարել մայոր Վահանին եւ մայոր Գրիգորյանին եւ նրա բոսին»,- գրել է նա: Ապա նկարագրել է, թե ինչպես եւ ինչ հանգամանքներում է վճարել հիսուն հազար եվրո եւ քսան հազար ԱՄՆ դոլար գումարը: Իսկ նրա գործով «անցնող» դատավորը ոչ անհայտ Գագիկ Ավետիսյանն է,  մեղադրողը՝ Սարգիս  Հովսեփյանը, նախաքննությունը վարել է  ԱԱԾ քննիչ  Արտյոմ Գրիգորյանը:



Հանցավոր խումբը հայաստանյան բանկերի բանկոմատներից կեղծ պլաստիկ քարտերով հանել էր ավելի քան 80 միլիոն դրամ: Առանձնապես խոշոր չափերի գողության մեջ մեղադրվող Օլիվերը դատապարտվել է երկու տարի ազատազրկման` հոդվածով սահմանված նվազագույն չորս տարվա փոխարեն, իսկ պատիժը կրելուց յոթ ամիս անց լքել է Հայաստանը: Եվ ահա հիմա, խղճի խայթից դրդված՝ նամակ է գրել, պատմելով, թե ինչպես է ամեն ինչ բարդվել ընկերոջ` տասներկու տարի ազատազրկման դատապարտված Կոնստանտին Ստանգաչուի վրա, որն իր պատիժն այժմ կրում է «Վարդաշենում»:



Հետաքրքիր է, որ դատավոր Գագիկ Ավետիսյանն իր  բացառիկ հումանիզմը բացատրել է ռումինացու անկեղծ զղջումով եւ հանցագործության բացահայտմանն ուղղված օժանդակությամբ, նաեւ նրանով, որ նախկինում արատավորված չի եղել: Մինչդեռ քրեական գործի նյութերով առկա է Ինտերպոլի տեղեկանքն այն մասին, որ Օլիվեր Մարիանը երկու անգամ դատապարտվել է խարդախության համար եւ հայտնի է որպես Մեծ Բրիտանիայում, Նիդեռլանդներում, Իտալիայում, Իսրայելում, Մարոկկոյում եւ Ֆրանսիայում կեղծ վճարման քարտեր օգտագործող խմբի պարագլուխ:



Նախօրեին այս նամակի կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվել է, որ իրենք ոչ մի նամակ էլ չեն ստացել: Ապա մեծ ջերմեռանդությամբ բացատրել են, թե ինչու է ռումինացի հանցագործը նվազագույնից ցածր պատիժ ստացել, որը կարդալով մտածում ես, թե հումանիզմի ինչ դարբնոց է մեր դատախազությունը: Եվ վերջապես, փորձել են խոսակցությունը գողականով շուռ տալ փաստաբանների վրա՝ նշելով անուն առ անուն, թե ովքեր են պաշտպանել Մարիանի շահերը: Այսինքն՝ եթե շատ փորփրենք, փաստաբանների նկատմամբ գործ կհարուցենք՝ որպես կաշառատուների: Եվ վերջապես ամենահանճարեղ մտահղացումը, որ դատախազության «մոզգերը» մտածել են. նրանք առաջարկել են Մարիանին վերադառնալ Հայաստան եւ հաղորդում տալ հանցագործության մասին. «Հակառակ պարագայում տպավորություն է ստեղծվում, որ նրա անունից ինչ-որ մարդիկ զբաղված են զրպարտությամբ»:



Եվ վերջում դատախազությունը դաս է տվել Մարիանի նամակը տպած ԶԼՄ-ներին. «Ամենայն հարգանքով վերաբերվելով ԶԼՄ-ների աշխատանքին եւ առաքելությանը,  կարծում ենք, որ վերջիններս նույնպես պետք է հարգանքով եւ պատասխանատվությամբ վերաբերվեն իրենց աշխատանքին՝ զերծ մնալով չստուգված տեղեկություններ տարածելուց»:



ՀԳ - ՀՀ դատաիրավական համակարգին ծանոթ Մարիանը երեւի թե ծանոթ է նաեւ «սուտ մատնություն» հոդվածին: Ինքներդ դատեք` կգա՞ նա Հայաստան, թե՞ չի գա:



Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ