Վարուժանիս ծնունդը դուք էլ շնորհավորեք

Վարուժանիս ծնունդը դուք էլ շնորհավորեք
Այս տարի մարտ ամսին մամուլն անդրադարձավ Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ, 20-ամյա Վարուժան Փիրումյանի մահվանը, որի իրական պատճառների մասին ոչ ոք այդպես էլ ոչինչ չիմացավ: Միայն վարկածներ էին ու ենթադրություններ: Հիշեցնենք, որ Վարուժանը մահացել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում, բանակից զորացրվելուց մի քանի ամիս հետո: Այն ժամանակ լուր տարածվեց, թե նա զորացրվել է արյան վարակով: Հոկտեմբերի 2-ին Վարուժանը կդառնար 21 տարեկան, ու նրա մայրը` տիկին Սեդան, սրտի կսկիծով պատմում է որդու մահվան հանգամանքները: Եվ վերջապես մենք իմանում ենք երիտասարդ տղայի մահվան իրական պատճառը, չնայած մայրը խուսափում է որոշ անուններ տալուց: «Մեկ է, Վարուժանիս էլ չեմ վերադարձնի»,- այսպես է մեկնաբանում որդեկորույս մայրը:



Վարուժանը սերժանտի կոչմամբ գերազանց ծառայել է Երեւանի զորամասերից մեկում, պարգեւատրվել «Քաջարի մարտիկ», «Լավագույն մարզիկ» եւ «Հայոց բանակի գերազանցիկ» շքանշաններով: 2009 թվականի աշնանը զորացրվելուց հետո շարունակել է կիսատ թողած ուսումը ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղում: Չնայած բանակում նիհարել էր՝ 20 կիլոգրամից ավելի (ծառայության մեկնելիս կշռել է ավելի քան ութսուն կիլոգրամ), միանգամայն առողջ տեսք ուներ: Եվ երբ հարցրել են, թե` ծառայությանդ ընթացքում խնդիրներ չե՞ս ունեցել, ո՞րն է նիհարելուդ պատճառը, պատասխանել է՝ կարոտը: 2010 թվականի մարտին տղայի մոտ ցավեր են ի հայտ գալիս, որոնք սկսում  օրեցօր ուժեղանալ:



Երբ ինքնազգացողությունը կտրուկ վատանում է, նրան տեղափոխում են «Էրեբունի» բժշկական կենտրոն` իբր լեղապարկի քարի լաբորասկոպիկ վիրահատության: Այստեղ պարզվում է, որ լեղապարկի հետ կապված խնդիրներ չկան: Վարուժանին տեղափոխում են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց: Բժիշկներն արյան հետազոտությունն ուշացնում են ավելի քան 16 ժամ: «Կարող էին վայրկյանի տակ հետազոտել արյունը, ուշացրին 16 ժամ,-կսկիծով պատմում է Սեդա Փիրումյանը:-Մտածել են, որ սովորական դեղնախտ է: Իսկ եթե ժամանակին ստուգեին արյունը, կիմանային, որ արյան վարակում է, բարդ ստադիայում, արյուն կներարկեին ու երեխայիս կփրկեին»:



Մարտի 7-ին Վարուժանն այլեւս չկար: Բանակում արյան վարակ ստանալու վարկածը միայն լրատվամիջոցները չէ, որ առաջ էին քաշել: Սեդա Փիրումյանին զինվորական շրջանակներին մոտ կանգնած մի բուժաշխատող ասել է, թե զինծառայության ժամանակ հեռացրել են Վարուժանի հասունության ատամը եւ դա արել են չախտահանված գործիքներով: Տիկին Սեդան որոշել էր թույլ չտալ, որ իր որդու մահը շահարկման առիթ հանդիսանա: Նաեւ մտավախություն է ունեցել, որ այդ դեպքը պարզապես կօգտագործվի անմեղ մարդկանց դեմ` այլ նպատակներով:



Ի վերջո Վարուժանի մահը ծածկված է խորհրդավորության քողով: Այդպես էլ չի պարզվել, թե ով է մեղավոր եւ պատասխանատու նրա մահվան համար` բանա՞կը, թե՞ բժշկությունը: Իսկ տիկին Սեդան ապրում է, իր խոսքով, «առանց իր լեռ Վարուժանի»՝ նրա հիշատակը պահելու համար: Մանավանդ, որ նրան բերել էր հայրենիքի համար. «Երբ տեղի ունեցավ Սպիտակի երկրաշարժը, ամուսնուս` Թեմուրի հետ որոշեցինք մեկ զավակ էլ ունենալ այդքան զոհեր տեսած Հայաստանի համար, չնայած որ երկու դպրոցահասակ երեխա ունեինք,-պատմում է տիկին Սեդան:-Մտածեցինք, որ հայրենիքին մեկ զավակ էլ է պետք: Ու 1989-ին ծնվեց Վարուժս: Հիմա էլ պահեր են լինում, որ թվում է՝ խելագարվում եմ էն մտքից, որ Վարուժս չկա»:



Որդեկորույս մայրը ձեռնամուխ է եղել տղայի կիսատ թողած նպատակների իրականացմանը: Ասում է, որ դա իրեն ապրելու ուժ է տալիս. «Հիմա իմ տղային տեսնում եմ նրա մանկության ընկերների, ուսանողական եւ ծառայակից ընկերների մեջ: Եվ վստահ եմ, սպասում եմ, որ Վարուժիս ծննդյան օրն իր լավագույն ընկերներն են առաջինը մեր ընտանիքին սփոփելու եւ, ինչու չէ, շնորհավորելու: Վարուժանիս համար էլ իրենք էին թանկ»: