Ավագ դպրոցները լավ բան են՝ ներշնչում է նախարարությունը

Ավագ դպրոցները լավ բան են՝ ներշնչում է նախարարությունը
Նոր ուսումնական տարվա մեկնարկից մեկ ամիս անց ավագ դպրոցների ներդրման եւ արդյունավետության թեմայով ասուլիս էր հրավիրել ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ 2008 թվականից սկսված ավագ դպրոցների ներդրման գործընթացը շարունակվեց նաեւ 2009-ին: Իսկ այս տարվանից գործընթացը գրեթե մոտենում է ավարտին: Ըստ հանրակրթության վարչության պետի՝ ավագ դպրոցների ներդրումը ճիշտ քայլ էր, գործընթացն էլ՝ հաջողված. «Ավագ դպրոցները կարծես արդեն ծառայում են իրենց նպատակին: Գործընթացն էլ բավական սահուն է ընթանում: Երեխաները, ավարտելով հիմնական դպրոցը, յուրաքանչյուրն ավելի ճիշտ է գտնում իր տեղը:



Ավագ դպրոցը առաջին հերթին հնարավորություն է տալիս աշակերտին գտնել իր տեղը»,-ասաց Նարինե Հովհաննիսյանը: Հիմա հանրապետությունում գործում է 91 ավագ դպրոց: Հանրապետության տարբեր դպրոցներից ավագ դպրոցներ է տեղափոխվել մոտ 11 հազար երեխա, որոշ դպրոցներում նույնիսկ կուտակումներ են առաջացել:  Ավագ դպրոցների ներդրումը, բնականաբար, միանշանակ չէր կարող ընդունվել: Կան բազմաթիվ դժգոհություններ եւ ծնողներից, եւ աշակերտներից: Տարբեր դպրոցներից իրար գլխի հավաքված աշակերտների միջեւ հաճախ կոնֆլիկտներ են առաջանում, կան նաեւ ծրագրային որոշակի խնդիրներ, ինչպես նաեւ աշակերտների` դպրոց հասնելու խնդիրը, որը կապված է որոշակի միջոցների հետ:



Շատ ավագ դպրոցներ բավական հեռու են, եւ աշակերտները դպրոց հասնելու համար համայնքից համայնք են անցնում: Սակայն այս հարցը կարծես այդքան էլ չի հուզում կրթության նախարարությանը: Տիկին Հովհաննիսյանն ասաց. «Այդ երեխաները վաղ թե ուշ ավարտելու էին դպրոցը եւ բուհ ընդունվեին, այսինքն մի օր պետք է իրենց դպրոցից դուրս գային: Հիմա 3 տարի ավելի շուտ են դուրս գալիս, ի՞նչ խնդիր կա»: Այս խնդիրը շուտով գլուխ կբարձրացնի նաեւ մարզերում եւ գյուղերում, երբ ավագ դպրոց հասնելու համար երեխան ստիպված կլինի արդեն  գյուղից գյուղ կամ գյուղից քաղաք հասնել: Բարեբախտաբար, դեռ այն գյուղերում, որտեղ դպրոցը մեկն է, շարունակում են իրականացնել 1-12-ամյա կրթություն:



Ինչեւէ, այս տարի կրթության նախարարության միակ հոգսը կարծես ավագ դպրոցները լինեն: «Ավագ դպրոցները բարենորոգվում են, բացվում են համակարգչային սենյակներ, գրադարանները համալրվում են»,-ոգեւորված ասում էր Նարինե Հովհաննիսյանը: Սակայն կողքից պատկեր է ստեղծվում, որ միջին եւ հիմնական դպրոցները մնում են ստվերում, որը տիկին Հովհաննիսյանի համար այդքան էլ զարմանալի չի. «Քանի որ այսօր մենք կրթության որակի խնդիր ենք դնում եւ այս ամբողջ բարեփոխումների նպատակը կրթության որակի բարձրացումն է, ապա ավագ դպրոցում կրթության որակը բարձրացնելը անմիջականորեն ազդում է հիմնական դպրոցների վրա»:



Ասուլիսի ժամանակ անդրադարձ եղավ ուսուցիչների տոնի հետ կապված նրանց մեքենաներ նվիրելու «փայլուն» գաղափարին: Կառավարությունը հոկտեմբերի 5-ը հաստատել է որպես Ուսուցչի տոն եւ նույն օրը Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեծ դահլիճում մեծ շուքով կնշվի այդ օրը: «Տոնակատարությունը գտնվելու է անմիջապես կրթության նախարարի վերահսկողության ներքո»,-ասաց տիկին Հովհաննիսյանը: Հանրակրթության վարչության պետը տեղեկացրեց, որ արդեն պատրաստ են «լավագույն ուսուցիչ», «լավագույն տնօրեն» եւ «լավագույն դաստիարակ» անվանակարգերում հայտարարված մրցույթի արդյունքները:



Դաստիարակն ու ուսուցիչը կառավարության կողմից պարգեւատրվելու են ավտոմեքենայով, մրցանակն էլ հանձնելու է ոչ ավել, ոչ պակաս՝ վարչապետը: Իսկ լավագույն տնօրենը կպարգեւատրվի համակարգչով: Լավ կլիներ Աշոտյանն ու Հովհաննիսյանը նույն ոգեւորությամբ ու ջանասիրությամբ պայքարեին դպրոցներում դրամահավաքության, կաշառակերության դեմ եւ կարգուկանոն հաստատեին դպրոցներում: Ի դեպ, ասուլիսի ժամանակ հարց ուղղեցինք տիկին Հովհաննիսյանին՝ կապված թիվ 114 դպրոցում համազգեստներ պարտադրելու խնդրի հետ: Սակայն նա այդպես էլ չպատասխանեց հարցին: Ի դեպ, տիկին Կոստանյանն օրերս դպրոցում հայտարարել է, որ աշակերտները կարող են արդեն անցնել ազատ հագուստի, ինչն առաջացրել է համազգեստի համար արդեն վճարած ծնողների վրդովմունքը: