Այսօր և վաղը նորից անձրևներ են սպասվում

Այսօր և վաղը նորից անձրևներ են սպասվում
«Առաջիկա երկու օրերի ընթացքում հանրապետությունում տեղումները դեռևս պահպանվելու են, իսկ ամսի 8-ին արևելյան շրջաններում, մասնավորապես Լոռիում, Տավուշում տեղումները կշարունակվեն ամպամածությամբ, մառախուղի, մանրամաղ անձրևի տեսքով: Մնացած շրջաններում ամսի 7-ից տեղումները կթուլանան, իսկ 8, 9, 10-ից սկսած հանրապետությունում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ»,- այսօր «Հենարան» ակումբում ասուլիսի ժամանակ նշեց «Հայպետհիդրոմետի» օպերատիվ կենտրոնի ղեկավար Զարուհի Պետրոսյանը:



Նա փաստեց, որ եթե ամբողջ հոկտեմբերի տեղումների նորման կազմում է 40-45 մմ, երեկ մեկ օրվա ընթացքում տեղացել է 27 մմ անձրև, որը ամսվա նորմայի ուղիղ կեսն է: Ավելի շատ տեղումներ են գրանցվել հատկապես Լոռվա, Տավուշի առանձին կայաններում: Ըստ «Հայպետհիդրոմետի», երեկոյան ժամերին տեղումների հավանականությունը դեռևս կպահպանվի, բայց բոլոր դեպքերում դրանք կլինեն կարճատև ու շատ թույլ:



Օդի ջերմաստիճանն այսօր և վաղը դեռ չի փոխվի: Մայրաքաղաքում և հովտային շրջաններում այն կտատանվի 19-21աստիճանի սահմաններում, իսկ ամսի 8-ից սպասվում է ջերմաստիճանի բարձրացում՝ 23-24 աստիճան, որին կհաջորդի տեղումների նոր ալիք: Չնայած երեկ տեղացած կարկուտին, առաջիկայում կարկուտի հավանականությունը շատ քիչ է, բայց ամպրոպների դեռ ականատես կլինենք:



Զարուհի Պետրոսյանը խորհուրդ տվեց անրձրևանոցները տանը չթողնել, իսկ թեթև աշնանային հագուստներ  դեռ կհասցնենք կրել: Նրա կարծիքով, Արարատին նայելով եղանակը կանխատեսելու ավանդական ձևը գործում է միայն ամռանը, ինչի համաձայն, երբ Արարատի վրա նկատվում է ամպամածություն, ապա կա նաև տեղումների հավանականություն. «Բայց «Հայպետհիդրոմետը» ավանդական միջոցներ չի օգտագործում կանխատեսումների մեջ».- նշեց տիկին Պետրոսյանը:



Մայիս ամսից հետո հոկտեմբերը իր տեղումներով 2-րդ ամենաառատ ամիսն է, որի միջին ամսական ջերմաստիճանը կազմում է 21 աստիճան: Ցուրտ հոկտեմբերներ են գրանցվել 1977, 1983, 1985, 1992թթ.: Իսկ ձմռան կանխատեսումները «Հայպետհիդրոմետը» կներկայացնի արդեն հոկտեմբերի վերջին: