Ինչպիսին համակարգն է, այնպիսին էլ մանկավարժներն են

Ինչպիսին համակարգն է, այնպիսին էլ մանկավարժներն են
Նախօրեին հերթական անգամ «YouTube» կայքում հայտնվեց հերթական տեսանյութը, որտեղ ուսուցչուհին դաժանաբար ծեծում է աշակերտին, հարվածում նրան, գցում գետնին... մի խոսքով՝ մանկավարժին ոչ թույլատրելի արարք է դրսեւորում: Սա արդեն երկրորդ նման տեսանյութն է, որ հայտնվում է համացանցում: Առաջին դեպքը տեղի էր ունեցել Պուշկինի անվան թիվ 8 դպրոցում, որն ավարտվեց նրանով, որ տեսանյութի հրապարակումից հետո ուսուցիչը դիմում գրեց եւ հեռացավ, իսկ տնօրենն արժանացավ նկատողության: Երկրորդ դեպքը, պարզվեց, տեղի է ունեցել Գայի անվան թիվ 129 դպրոցում:



Ինչպես նախորդ, այնպես էլ այս տեսագրությունն արված է եղել որոշ ժամանակ առաջ: Հավանաբար աշակերտները, տեսնելով նախորդ տեսանյութի «հաջողությունը», որոշել են շարունակել բացահայտել մեր մանկավարժների իրական դեմքը եւ դպրոցներում տիրող անմխիթար վիճակը: Հետաքրքիրն այն է, որ տնօրենները, ովքեր իրականում ավելի շատ են պատասխանատու դպրոցներում կատարվող վայրագությունների համար, կարծես երկրորդ պլան են մղվում:



«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, մանկավարժ Անահիտ Բախշյանի կարծիքով, դա նրանից է, որ այսօրվա տնօրենները մանկավարժությունից շատ հեռու, իրենց աշխատասենյակներից դուրս չեկող մարդիկ են, որոնք ընդամենը ձեռնտու են այսօրվա իշխանություններին: Անդրադառնալով կատարվածին՝ նա ավելի ընդհանրական ասաց, որ մանկավարժության մեջ ամենագործող բանաձեւն այն է, որ ինչ որ տալիս են, ինչպես որ աշխատում են, այն էլ ստանում են: Ոչ մի իրավիճակում ուսուցիչն իրավունք չունի նման վարք դրսեւորել:



Աշակերտը կարող է անգամ նրան պրովոկացիայի ենթարկել, բայց մանկավարժն իրավունք չունի տրվել դրան. «Մանկավարժի հմտությունը կայանում է հենց նրանում, որ նա կարողանա անհատական վերաբերմունք ցուցաբերել յուրաքանչյուր աշակերտի նկատմամբ: Ուսուցիչը պետք է բազմաթիվ գործիքներ ունենա, որպեսզի դրանցով կարողանա աշխատել յուրաքանչյուր աշակերտի հետ»: Տիկին Բախշյանը նման մանկավարժներ պատրաստելու եւ հետո դպրոցներ գործուղելու միակ մեղավորը համարում է Մանկավարժական համալսարանին:



Նա կարծում է, որ Մանկավարժական համալսարանը պետք է փակվի, որովհետեւ այնտեղից դուրս եկած մանկավարժները չեն համապատասխանում անհրաժեշտ չափանիշներին: Տիկին Բախշյանը վստահ է, որ եթե 10-15 տարի առաջ էլ լինեին բջջային հեռախոսներ, նման դեպքեր կլինեին. «Այն ժամանակ մանկավարժությունն ավելի ավտորիտար էր: Հիմա գոնե խոսվում է այն մասին, որ այս մանկավարժությունը ճիշտ չէ, իսկ այն ժամանակ ասում էին, որ դա է ճիշտը, որ պետք է ջարդես, սաստես, խիստ լինես»:



Լրագրողներից ոմանք պնդեցին, որ այսօրվա սերունդը վատն է, անկարգ է եւ հաճախ հենց աշակերտներն են դրդում ուսուցիչներին այդպիսի քայլերի, սակայն տիկին Բախշյանը հակադարձեց, որ այսօրվա սերունդը մեղավոր չէ. «Սերունդը հասարակության հայելին է: Այն հասարակությունը, որտեղ բռնությունը, ուժը դարձել են գերակշռող, դարձել են մեր կյանքի շարժիչ ուժը, այդ հասարակության մեջ երեխան այդպիսին կդառնա: Մի մեղադրեք երեխաներին, մեծերն են նրանց օրինակ ծառայում»:



Ասուլիսի մյուս բանախոսը՝ հոգեբան Ռուբեն Պողոսյանը գտնում է, որ ուսուցիչներին աշխատանքի ընդունելուց առաջ պետք է թեստերի միջոցով պարզել նրանց անձնային տիպերը, քանի որ այսօր մանկավարժները շատ վատ են ճանաչում երեխայի տարիքային առանձնահատկությունները, այդ պատճառով էլ շատ հաճախ կոնֆլիկտներ են առաջանում ուսուցչի եւ աշակերտի միջեւ: Սոցիալական ցանցերում այս տեսանյութերի տեղադրումը հավանաբար կօգնի արմատախիլ անել երեւույթը դպրոցներում եւ ուսուցիչներին կստիպի զսպել իրենց էմոցիաները: