Արցախում մտածում են նաեւ «միացման» մասին

Արցախում մտածում են նաեւ «միացման» մասին
Հայաստանյան շուրջ 34 հասարակական կազմակերպությունների հոկտեմբերի 21-ին Արցախի թեմայով քաղաքացիական ժողով հրավիրելու նախաձեռնությունը որոշակի աշխուժություն է առաջ բերել Արցախի քաղաքական շրջանակներում։ ԼՂՀ անկախության ճանաչման կողմնակիցներից բացի Արցախում քիչ չեն նրանք, ովքեր գտնում են, որ միակ ճիշտ ճանապարհը Լեռնային Ղարաբաղի միացումն է Հայաստանի Հանրապետությանը, որովհետեւ մեր ազատագրական շարժման, պայքարի նպատակը հենց միացումն է եղել։ Ի դեպ, հետաքրքիրն այն է, որ դեռեւս 5-6 տարի առաջ Արցախի տարածքում 1000 եւ ավելի քաղաքացիների շրջանում անցկացված լրագրողական հարցախույզներում 55-60 տոկոսը նախապատվությունը տվել էր Հայաստանի հետ Արցախի միացման տարբերակին։



Այսօր էլ Արցախում քիչ չեն այն հասարակական-քաղաքական գործիչները, ովքեր միանշանակ դեմ են ԼՂՀ անկախության գաղափարին, գտնելով, որ դա դրսից ներմուծված գաղափար է, որի անարդյունավետության լավագույն ապացույցն այն է, որ առայսօր աշխարհի ոչ մի երկիր չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Մինչեւ անգամ Հայաստանը չի ճանաչել այն։ Միացման կողմնակիցներից են Արցախի խորհրդարանի նախկին պատգամավորներ Ներսես Օհանջանյանը, Ռադիկ Հայրիյանը, Ռոմա Կարապետյանը, Աշոտ Սարգսյանը, Արցախի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը եւ ուրիշներ։



Այն, որ մենք, ցավոք, հեռացել ենք «միացման» գաղափարից, վերջիններիս կարծիքով, ավելորդ անգամ համոզվում ենք թեկուզ նրանում, որ հայաստանյան քաղաքական գործիչների ու փորձագետների շրջանում հաճախ է հնչում այն կարծիքը, թե Ադրբեջանի կողմից պատերազմ վերսկսվելու դեպքում Հայաստանը պիտի ճանաչի Արցախի անկախությունը։ Հայաստանի հետ Արցախի միացման գաղափարի պաշտպանները գտնում են, որ պատերազմի վերսկսման դեպքում Հայաստանը ոչ թե պիտի ճանաչի ԼՂՀ անկախությունը, այլ Հայաստանի հետ Արցախի միացման փաստը, որովհետեւ պատերազմ վերսկսելով, Ադրբեջանը, ինչպես ասում են, «վա-բանկ» է գնում, իսկ նման պարագայում կրկին անկախության դրոշ պարզելը ամենասխալ ճանապարհը կլինի եւ կփաստի հայկական կողմի երկչոտության մասին։



Արցախում կան քաղաքական գործիչներ, ովքեր ասում են՝ «իսկ ի՞նչ վատ բան կա նրանում, որ մենք երկու հայկական պետություն ունենանք՝ հանձինս Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության»։ Հասարակական-քաղաքական գործիչ Աշոտ Սարգսյանը կարծում է, որ ուժը քանակի մեջ չէ, այլ՝ որակի։ «Մի պահ պատկերացնենք, որ Վրաստանում ազգամիջյան հնարավոր լարվածության ու հակամարտության արդյունքում վաղն էլ Ջավախքը հռչակի իր ինքնիշխանությունը... Ի դեպ, պատմական Հայաստանի նահանգներից Սյունիքն այն եզակիներից է, որ ամբողջությամբ ազատագրված է, եւ մի օր սյունեցիներն էլ, ոգեւորված Արցախի օրինակով, նպատակահարմար գտնեն անկախ պետություն կերտել։ Էլ չեմ խոսում Նախիջեւանի Հանրապետության մասին,- ասաց Ա. Սարգսյանը,- եւ արդյունքում՝ մի բուռ տարածքում կունենանք մի քանի հայկական պետություններ։ Սովորաբար, հայտնի ասացվածքի համաձայն, թշնամին փորձում է հակառակորդին բաժանել, որպեսզի կարողանա տիրել նրան։ Մեր դեպքում հակառակորդի համար ոչ մի դժվարություն չի լինի բաժան-բաժան եղած հայկական «անկախ» պետություններին մեկ-մեկ հաղթելու եւ վերջնականապես երկրի երեսից ջնջելու Հայոց երկիրը»։ Միացման կողմնակիցներն առաջարկում են չմոռանալ մեծն Չարենցի մեր պապերից ժառանգած պատգամը. «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»։



Վարդգես ՕՎՅԱՆ