Եթե իմանային, թե ով է բողոքողը, եւ որ դասղեկի մասին է խոսքը

Եթե իմանային, թե ով է բողոքողը, եւ որ դասղեկի մասին է խոսքը
Դավիթաշենի առաջին թաղամասի թիվ  189 դպրոցի 9-րդ դասարաններից մեկի դասղեկը մոտ 10 օր առաջ հրավիրած ծնողական ժողովում պահանջել է, որ դասարանի աշակերտներից յուրաքանչյուրն ամսական 2 հազարական դրամ վճարի դպրոցի ֆոնդի համար, ինչը հայտնի է դարձել Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչությանը: Իմանալով այս մասին՝ «հարկահավաք» դասղեկը կանչել է ծնողներին եւ ետ վերադարձրել հավաքած գումարները: Ի դեպ, դպրոցում ֆոնդի փող նախկինում էլ են հավաքել, բայց միայն վերջերս է ծագել «հարկը» պարբերական դարձնելու գաղափարը:



Քաղաքապետարանի կրթության վարչությունը չհերքեց ահազանգի փաստը, բայց դրամահավաքության փաստն էլ չհաստատեց: Վարչության պետ Գայանե Սողոմոնյանն ասաց, որ դրամահավաք դպրոցում չի կատարվել, դա ուղղակի հեռախոսազանգ է եղել թեժ գծին: «Անհապաղ հրավիրվել են դպրոցի տնօրենը եւ դասղեկները, որովհետեւ չգիտեինք, թե որ դասարանի դասղեկն է: Նրանց հետ հանդիպել է մեր տեսուչը, որից հետո ես անձամբ առիթ ունեցա դպրոցում լինելու: Որեւէ մեկը չի պնդում, որ երբեւէ եղել է էդպիսի բան: Եթե մենք իմանայինք, թե որ դասղեկի մասին է խոսքը եւ ով է բողոքի տերը, այդ դեպքում մեզ համար շատ ավելի հեշտ կլիներ միանգամից հարցին լուծում տալը»,- նշեց Գ. Սողոմոնյանը՝ հավելելով, որ եթե անգամ նման բան եղել է, ինչին ինքը «խիստ կասկածում է, որովհետեւ վստահում է տնօրենին եւ դասղեկներին», չեն կարող պնդել, քանի որ բողոքողը հայտնի չէ: