Ցեղասպանությունը «Բայցովսկի Կլուբում»

Ցեղասպանությունը «Բայցովսկի Կլուբում»
Օրերս ինձ զանգահարեց եղբայրս, թե` «Աս ջան, թասիբի հարց ա, պիտի օգնես»: Ես էլ մտածում եմ` էս ո՞ր օրվանից է եղբայրս քրոջից թասիբի հարցերով օգնություն խնդրում: Արթուրը «կոմբաթս.ռու»-ի անդամներից է: Սա համակարգչային խաղերի սիրահարների դրախտ է` ստրատեգիական մի խաղ, որը խաղում են տարիներով: Յուրաքանչյուր խաղացող ունի իր հերոսը, որին ուժեղացնելու համար միանգամայն իրական գումարներ ու ջանքեր են ծախսվում: Խաղի ամենաուժեղ հերոսը, ավելի ճիշտ՝ այն խաղացողը, որին հերոսը պատկանում է, վերջերս է միայն տեղափոխվել տասներկուերորդ` դեռեւս գոյություն ունեցող ամենաբարձր մակարդակը, որի համար նա ծախսել է չորս տարի եւ տասնյակ հազարավոր դոլարներ:



Կայքին անդամագրված են ամենատարբեր տարիքի ու մասնագիտության մարդիկ աշխարհի գրեթե բոլոր երկրներից: Եղբայրս` Արթուր Խաչատրյանը, ուժեղագույն խաղացողներից է. նա գտնվում է տասներորդ մակարդակում: Կայքում գործում են «կլաններ»` միավորված մասնակիցների խմբեր, որոնք օգնում են միմյանց եւ պայքարում այլոց դեմ: Այսպիսի մի բազմազգ կլան Արթուրին առաջարկում է միանալ իրենց, քանի որ Արթուրի հերոսը շատ բանով կարող է օգնել վերջիններիս: Արթուրը մի որոշ ժամանակ տատանվում է, գերադասելով մենակ խաղը, հետո, քանի որ վերոհիշյալ կլանի անդամներից մեկի` մի ռուս տղայի հետ ընկերություն անելիս է լինում, համաձայնվում է միավորվել: Կլանը հարցը դնում է քննարկման եւ, ի զարմանս Արթուրի, մի քանի օրից մերժում եղբորս հայտը: Այ քեզ բան:



Ճշմարտությունը բացահայտվում է աստիճանաբար. կոնֆետի ճռճռան, փայլփլուն թուղթը եղբորս ռուս ընկերը բացում է, եւ Արթուրը դրա մեջ տեսնում է մի որդնած, բորբոսնած շոկոլադի կտոր: Այն է, թե` քո ազգակիցները անցած դարում սպանել են մեր կլանի անդամներից մեկի ապուպապերին, եւ նա չի ուզում քեզ հետ մի կլանի մեջ գտնվել: Գուշակեք, թե ում մասին է խոսքը` մի թուրք երիտասարդի:



Արթուրը, փաստորեն, ուզում էր, որ միասին թուրք դաստիարակեինք: Պատասխանատո՜ւ մի գործ: Սկզբում երիտասարդ թուրքին առաջարկեցինք բացել բառարանն ու նայել, թե անգլերեն ինչ իմաստ ունի «թուրք» բառը: Այն նշանակում է անողոք, դաժան: Հետո փորձեցինք բացատրել, որ անգլիացին հայից էլ, թուրքից էլ օբյեկտիվ կլինի մեզ բնորոշելու հարցում, իսկ բառարանում, չգիտես ինչու, ոչ մի նման բան հայի մասին չէր ասվում: Հետո խնդրեցինք ռուս երիտասարդին տրամաբանել, թե որտեղից առաջացավ հայկական սփյուռքը, եւ ինչու այն երեւան եկավ հատկապես 1915 թվականից հետո:



Մի շարք հարցեր ուղղեցինք ողջ կլանին` ինչո՞ւ են հայկական տարածքները թուրքական տիրապետության տակ, ինչո՞ւ են թուրքերը փակել սահմանը, ինչո՞ւ են մի շարք հարգարժան պետություններ ընդունել ցեղասպանությունը եւ այլն, եւ այլն: Առաջարկեցինք թուրք երիտասարդին նյութեր ուղարկել` փաստեր, լուսանկարներ ու ականատեսների վկայություններ, որոնք առնվազն կցրեին նրա թշնամանքը: Կլանին հասկացրինք, որ ամեն մարդ իր արածի համար է պատասխանատու. իրենք առանց կարծիք հարցնելու Արթուրին մերժել են անդամակցությունը նրա համար, որ մորթվել են նրա ապուպապերը, իսկ Արթուրն առաջարկում է օգնել իր ժողովրդի պատմությունը ճանաչելու թուրք պատանուն, որի նախնիները մորթել են Արթուրի նախնիներին… Իսկ երբ խոսք էր գնում մեկուկես միլիոն անմեղ զոհերի մասին, ինձ թվաց, թե քսանամյա եղբորս սերը դեպի «կոմբաթս.ռու»-ն ցամաքեց…



Արդյունքում` մինչ այդ իրերի դրությունից անտեղյակ կլանի անդամները խորհրդակցելով՝ կլանից հեռացրին անկարացուն, որը մինչեւ վերջ էլ հրաժարվեց բառ փոխանակել Արթուրի հետ: Կլանի անդամները` մի տասը հոգի, իմացան ճշմարտությունը եւ ներողություն խնդրելով` նորից եղբորս հրավիրեցին անդամակցելու «բայցովսկի կլուբին»:



Արթուրն ասում է, որ դեռ կմտածի...



Աստղիկ ՍԱՐԳՍՅԱՆ