Պարզվեց` Տիգրան Սարգսյանը բյուրեղյա է

Պարզվեց` Տիգրան Սարգսյանը բյուրեղյա է
Դեկտեմբերի 20-ը Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պատմության  կարեւորագույն էջերից էր: Այդ օրը փրկվեց նրա արատավորված պատիվը: Փրկվեց ոչ թե կոռուպցիան բուհում նվազեցնելով ու ցածր կրթամակարդակը բարձրացնելով, այլ ամենակարճ ճանապարհով՝ ՀՀ վարչապետին կարգեցին բուհի կառավարման խորհրդի նախագահ, վերջապես դե ֆակտո ՀՀԿ-ականացնելով նաեւ այս բուհը: Նշենք, որ ԵՊՀ նախագահը ՀՀԿ առաջնորդն է, ԵՊՏԻ-նը՝ Հովիկ Աբրահամյանը, ԵՊՃՀ-ինը՝ Սամվել Նիկոյանը: Իսկ մանկավարժականինը, մինչ վարչապետը, ղեկավարում էր կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ Արամ Կարապետյանը:



Ինչպես ամենուր, այնպես էլ այստեղ նախագահ ընտրելու  գործընթացն ուղեկցվեց զավեշտալի դրվագներով: Ներկա էին ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանն ու Էդուարդ Շարմազանովը, վարչապետն ու կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը: Շունչները պահած՝ սեղանների շուրջ բոլորվել էին նաեւ ՀՀԿ-ի կոմսոմոլները: Խորհուրդն առաջ քաշեց պատվավոր ներկայացուցչի՝ Տիգրան Սարգսյանի թեկնածությունը, ինքնառաջադրվեց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը:



Վերջինիս թեկնածությունը հունից հանեց Տիգրան Սարգսյանի համակիրներին, քանի որ գործը բարդանալու էր, ու ընտրական գործընթաց պիտի կազմակերպվեր, իսկ առանց Բախշյանի միանգամից կնշանակեին ու վերջ: Հարց ծագեց՝ ինչպես Բախշյանին մեջտեղից հանել: Որոշեցին գործի դնել իրենց  կառուցողական նշանակության հմտությունը՝ քծնանքը: Ու քանի որ այս հատկանիշը բոլորին չէ բնորոշ, այդ պատճառով իրավիճակը փրկեցին մի քանի վաստակաշատ դասախոսներ՝ ի ցույց դնելով  բարձրաստիճան չինովնիկին հաճոյանալու ձիրքը:



ՎԱՐՉԱՊԵՏԸ ՄՐՑԱԿՑԻ ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿԸ ՀԱՏՈՒՑԵՑ ԾԱՂԿԵՓՆՋՈՎ



Սկզբում ելույթ ունեցավ խորհրդի միակ ու անպաշտպան օպոզիցիան: Ոչ մեկը չհամարձակվեց Բախշյանին տեսնել այդ պաշտոնում, էլի փառք Գալուստ Սահակյանին. թերեւս սա միակ դեպքն էր, որ նա սթափ գնահատեց ստեղծված իրավիճակը: Մի խոսքով, տիկին Բախշյանը, ներկայացնելով իր անելիքները, նշեց նաեւ. «Վարչապետը շատ զբաղված է, չեմ կարծում, որ շատ հաճախ կարող է մասնակցել խորհրդի նիստերին, իսկ ես համեմատաբար ազատ եմ, պատրաստ եմ ներդնել իմ հմտությունները, գիտելիքները, փորձը, որպեսզի Մանկավարժական  համալսարանի խորհրդի կայացրած որոշումներն առավելագույնս բխեն ՀՀ կրթության բնագավառում կանխատեսած քաղաքականությունից»:



Ապա  ամբիոնին մոտեցավ պատվավոր թեկնածուն՝ վարչապետը, նախընտրական քարոզը կառուցելով բուհի անվանարկված հեղինակության վրա: «Ես կարծում եմ, որ Մանկավարժական համալսարանն այսօր կարիք ունի էլ ավելի կարեւորվելու, ես դրանով եմ պայմանավորում այն հանգամանքը, որ մեր քաղաքական թիմը, քննարկելով այս խնդիրը եւ ընդհանրապես կրթական համակարգի բարեփոխումների խնդիրը, կայացրել է քաղաքականության մեջ կադրային որոշակի փոփոխություններ եւ թարմություն մտցնելու հարցը»:



Ապա «համեստորեն» ավելացրեց, որ եթե Մանկավարժական համալսարանի նախագահի  պաշտոնում առաջադրվում է ՀՀ վարչապետը, ինքնին խոսուն է. «Սա նշանակում է, որ պետությունն ուզում է իր ուշադրության կենտրոնում պահել այս խնդիրը եւ ուզում է բարեփոխումների լիցքն ու թափը հաղորդել հենց այս համալսարանին»: Ապա վարչապետը խոստացավ կոռումպացված, ճահճացած բուհը բերել այնպիսի վիճակի, որը կհամապատասխանի աշխարհի լավագույն համալսարանների կարգավիճակին: Վարչապետի թեկնածությունը պաշտպանելու անզուսպ ցանկությամբ ամբիոն նետվեցին մի քանի դասախոսներ: Առաջինը հայոց լեզվի եւ գրականության ֆակուլտետի դեկան Աիդա Դոլուխանյանն էր. «Ես հաճախ լսել եմ պարոն վարչապետի ելույթները, կարդացել նրա գրածները: Տիգրան Սարգսյանը մարդ է, որը գիտի մեր անցյալը, պատմական անցյալը:



Պետական գործիչը պետք է երկու հատկանիշ ունենա՝ նախ իմանա, թե ինչ ժողովրդի զավակ է ինքը...»:  Վարչապետին խորհրդի նախագահ տեսնելու հոգեւոր շարժառիթներին հաջորդեց կոմերցիոնը: «Երկու կողմնակի օգուտ ունենք՝ Դուք կհովանավորեք, ակնհայտ է, երկրորդը՝ ես գիտեմ, որ Դուք խստապահանջ պետական գործիչ եք եւ կլինեք սթափ: Եթե մի բուհում կառավարման խորհրդի նախագահն է վարչապետը, այդ բուհում կգան Հայաստանի օժտված երեխաները: Իսկ եթե գան օժտված երեխաները, բուհը կունենա երբեմնի բարձր համբավը»,-դիմորդներ կպցնելու տեխնիկան գաղտնազերծեց տիկինը:



Նա այնքան էր տաքացել վարչապետի թեկնածության վրա, որ սկսեց ամբիոնի մոտ կանգնած հավասարաչափ քայլել այնպիսի բուհերի հետ, ինչպիսիք են Եվրոպայի ու Կալիֆոռնիայի առաջավոր բուհերը: Հաջորդ «աշուղն» իր ձոներգով ուղղակի ստվերեց նախորդին. կերպարվեստի ֆակուլտետի դոկտոր, պրոֆեսոր Հրավարդ Հակոբյանն էր: «Եթե վարչապետը համաձայնվում է լինել նախագահ, նշանակում է նա մտածել է ժամանակի եւ միջոցների մասին»: Խոսքը շարունակեց՝ դիմելով Բախշյանին, թե իր խոսքերի մեջ ինչ-որ  այլ երանգներ տեսավ:



Այդ պայծառատեսությամբ էլ արդարացրեց իր՝ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու անհրաժեշտությունը: Ապա տեղում կանգնած սոցհարցում իրականացրեց. «Մի բան էլ ասեմ՝ գուցե մի քիչ առօրեական թվա. հայ ժողովուրդը սիրում է չափազանցնել, եթե մենք իջնենք փողոց՝ յուրաքանչյուրին կանգնեցնենք, հարցնենք այս ղեկավարի մասին, նրանք կամ երկինք կբարձրացնեն, կամ կիջեցնեն ցած: Միակ լուսավոր անունը, որ միշտ լսել եմ՝ Տիգրան  Սարգսյանը, որ կապված չէ որեւէ ստվերային կլանների հետ, նա մաքուր է, բյուրեղյա է, եւ ես հպարտ լինեմ, ուրախ կլինեմ, որ խորհրդի նախագահը լինի վարչապետը»:



Երրորդը հոգեբանության ֆակուլտետի դեկանուհին էր, որ բանաձեւեց վարչապետի կառավարելու ձիրքը՝ մի քանի ակնթարթում վերլուծելով վերջինիս հոգեւոր աշխարհը. «Հոգեբանության մեջ կա հայտնի բանաձեւ, ինծելեկտ, հույզեր, վարք եւ նրանց ներդաշնակությունը.  մենք գտնում ենք՝ ամփոփված է հարգարժան Տիգրան Սարգսյանի կերպարի մեջ»: ԳԹԿ նախկին տնօրեն, կրթության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, որ տնօրինում էր ընդունելության քննությունների ֆինանսական հոսքերը, նեղվեց, որ դիմորդների ու դասախոսների համար մանկավարժականը մնացորդային է, վերջին հանգրվան:



Սկսեց համոզել Բախշյանին, որ ինքաբացարկ հայտնի. «Անձամբ ինձ գցում եք շատ անհարմար դրության մեջ, ես ձայնս տալու եմ վարչապետին, բայց կուզեի, որ դա չդիտվի, որ Ձեր նկատմամբ բացասական կարծիք ունեմ: Ուղղակի համոզված եմ, որ սա մեծ մասշտաբ ա, իսկ Դուք բոլոր հնարավորություններն ունեք հսկելու վարչապետի գործունեությունը»: Գալուստ Սահակյանն էլ խնդրեց, որ տկն Բախշյանը բացարկ հայտնի: Տիկին Բախշյանը ինքնաբացարկ հայտնեց՝ հրաժարվելով ընտրությունից: Այս մեծահոգությունը ցնցեց Տիգրան Սարգսյանին, չգիտես որտեղից, նրա ձեռքում վարդերի համեստ փունջ հայտնվեց, ու նա այդպիսով հատուցեց մրցակցուհու զոհաբերությունը՝ խոնարհվելով ու համբուրելով նրա ձեռքը: Այնքան հուզիչ էր...