Կորեացիներին արգելում են շփվել «Twitter»-ում

Կորեացիներին արգելում են շփվել «Twitter»-ում
Հարավային եւ Հյուսիսային Կորեաների հարաբերությունները շարունակում են ծայրահեղ լարված մնալ: Հարավային Կորեայի իշխանությունները նույնիսկ սպառնացել են պատժել այն քաղաքացիներին, որոնք «Twitter» սոցիալական կայքում կկարդան եւ կմեկնաբանեն Հյուսիսային կորեայի բնակիչների գրառումները: Իշխանությունները մտահոգված են, որ համացանցի միջոցով իրենց քաղաքացիները կընկնեն հակառակորդ երկրի քարոզչական արշավների ազդեցության տակ: Թե կոնկրետ ինչ պատիժներ են սպասվում «Twitter»-ում հակառակորդ երկրի բնակչության հետ հարաբերվողներին, Հարավային Կորեայի իշխանությունները չեն պարզաբանել:



«Այս արգելքն արվում է ի պատասխան Հյուսիսային Կորեայի ագրեսիայի` նավի եւ կղզու վրա հարձակում գործելուն»,- հայտարարել է Հարավային Կորեայի արդարադատության նախարարը: Հիշեցնենք, որ նոյեմբերի վերջին երկու Կորեաների միջեւ կարճատեւ ռազմական գործողություններ էին սկսվել, որոնց արդյունքում 4 մարդ էր զոհվել եւ մոտ 20-ը վիրավորվել էին: