Գյուլը ծափահարողներին էլ հետն էր տարել

Գյուլը ծափահարողներին էլ հետն էր տարել
ԵԽԽՎ նստաշրջաններում միշտ էլ զվարճալի միջադեպեր լինում են, բայց ընթացիկ նստաշրջանում Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի ելույթին ուղեկցած զավեշտը, արեւմտահայերենով ասած` չըլլալիք բան է: Նախագահ Գյուլը Ստրասբուրգ է ժամանել մեծաթիվ պատվիրակությամբ, մոտ 3-4 հարյուր հոգի նախագահին ուղեկցել են ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի նիստերի դահլիճ եւ ելույթի ընթացքում, որպես այցելուներ, բազմել հյուրերի օթյակներում:



Նախագահի ելույթից եւ հարցուպատասխանից հետո պարզ է դարձել, թե ինչի համար էր ամբողջ այդ անտուրաժը: Որքան էլ զավեշտական հնչի` նախագահին ծափահարություններ ապահովելու համար: Գյուլի ելույթից հետո դահլիճը չի ծափահարել, բացառությամբ Թուրքիայի, գուցե նաեւ` Ադրբեջանի պատվիրակությունների: Ավելորդ է ասել, թե որքան անհարմար է, որ ելույթ ունեցողին ծափահարեն ոչ թե ունկնդիրները, այլ` ուղեկիցները: Խնդիրն այն է, որ ԵԽԽՎ-ում հյուրերը, այցելուները, հրավիրյալները ելույթ ունեցողի հանդեպ վերաբերմունք արտահայտելու իրավունք չունեն:



Դա ԵԽԽՎ պատգամավորների իրավասությունն է: Դահլիճի վերաբերմունքը քողարկելու, եթե չասենք` նենգափոխելու նպատակով արված ծափահարություններն այնպիսի տարակուսանք են հարուցել, որ նույնիսկ ռեպլիկի իրավունքով քննադատության են արժանացել մի պատգամավորի կողմից: Սակայն Ստրասբուրգում նախագահ Գյուլից ոչ նվազ աննպաստ դրության մեջ է հայկական պատվիրակությունը: Այդ պատվիրակության կազմում, ինչպես հայտնի է, կան ելույթ ունեցող անձինք, եւ համարյա խուլուհամրի վարքագիծ դրսեւորողներ:



Ընթացիկ նստաշրջանում վերջիններիս նկատելի դերակատարությունը եղել է այն, որ մի քվեարկությունում իրենց մասնակցությամբ անհրաժեշտ ձայներ են ապահովել, որպեսզի Հերմինե Նաղդալյանն ընտրվի ԵԽԽՎ տնտեսական հանձնաժողովի նախագահ: Չգիտեմ՝ այդ երեք անձի անուններն արժե՞ գրել, կասկածում եմ, թե Հայաստանում անգամ այդ մարդկանց ճանաչում են: Գուցե նրանցից մեկը իրեն պատկանող ռեստորանի պատճառով մյուսներից ավելի հայտնի է:



Հայկական պատվիրակության դժբախտությունը, սակայն, չխոսկանների բրիգադը չէ, այլ այն, որ ելույթ ունեցողներն էլ, մասնավորապես իշխանական դեսանտը ներկայացնողները, այնքան են իշխանությունների հանցագործությունները պարտակելով, երեսպաշտությամբ, անազնիվ գնահատականներով իրենց վարկաբեկել, որ հիմա հեղինակություն կամ ազդեցություն չունեն անգամ ծափահարությունների չարժանացող երկրի նախագահի զինակցին դիմադարձելու համար: Թուրքիան ներկայացնող Մովլութ Չավուշօղլուն, գուցե ադրբեջանցիներին սիրաշահելու համար, ԼՂ-ի հարցով ենթահանձնաժողովի վերստեղծման հարցը մտցրել է ուրբաթ օրվա նիստի օրակարգ:



Անշուշտ, այդ հանձնաժողովի ստեղծմամբ ԼՂ կարգավորման գործընթացում ոչինչ չի փոխվելու, բայց քանի որ ԵԽԽՎ-ում ՀՀ իշխանական դեսանտի միակ զբաղմունքը իշխանությունների ապօրինությունների ու հանցագործությունների քողարկումը եւ հակաադրբեջանական ճամարտակություններն են, սպասելի արձագանքը պետք է լիներ Չավուշօղլուի նախաձեռնությանը խոչընդոտելը: Սակայն մեր պատվիրակության անդամները, գոնե երեկվա դրությամբ, համարժեք կամ կանխիչ որեւէ քայլ չէին կատարել, թեեւ Դավիթ Հարությունյանը ժամանակին հայտարարել էր, թե հայկական պատվիրակությունը պատասխան քայլեր կկատարի: Վաղը կտեսնենք: