Ռուսաստանը փորձում է դուրս գալ ԵԽ մոնիտորինգից

Ռուսաստանը փորձում է դուրս գալ ԵԽ մոնիտորինգից
ԵԽԽՎ ռուսաստանյան պատվիրակության անդամները պարտավորությունների ցուցակ են կազմել, որոնց կատարումը թույլ կտա դադարեցնել տվյալ երկրի մոնիտորինգը: Այս մասին հաղորդում է «Коммерсант»-ը: Ըստ թերթի չբացահայտված զրուցակցի, այդպիսի ցուցակ կազմելու պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռուսաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողների հետ:



Ռուսական կողմի մշակած «ճանապարհային քարտեզը» պարունակում է 25 դրույթ, որոնք Մոսկվան պարտավորվել է կատարել, երբ դարձել է տվյալ կազմակերպության անդամ: Այն, որ նման ցուցակ կազմվել է, «Коммерсант»-ի հետ զրույցում հաստատել է ԵԽԽՎ-ում ռուսաստանյան պատվիրակության ղեկավար, Պետդումայի պատգամավոր Լեոնիդ Սլուցկին:



Այս ցուցակը, ըստ Սլուցկիի, անհրաժեշտ է, որ սահմանափակվի «ռուսաստանյան պարտավորությունների ուռճացումը»: Ավելի վաղ ԵԽԽՎ-ն Ռուսաստանին վերաբերվող բազմաթիվ բանաձեւեր է ընդունել` կոչ անելով Մոսկվային հրաժարվել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ճանաչումից եւ այնտեղից հանել զորքերը:  Այս պահանջները Ռուսաստանը չի կատարի, այդ իսկ պատճառով մոնիտորինգի վերացումը գրեթե անհնար է: ԵԽԽՎ Ռուսասաստանի հարցով համազեկուցողների պաշտոնական արձագանքն այդ փաստաթղթի վերաբերյալ դեռ չկա: