Որոշումը կայացվեց. ԲՀԿ-ն սատարելու է Սերժ Սարգսյանին

Որոշումը կայացվեց. ԲՀԿ-ն սատարելու է Սերժ Սարգսյանին
Երեկ, ինչպես հայտնի է, լրանում էր ուլտիմատումի ժամկետը. ԲՀԿ-ն պետք է վերջնականապես կողմնորոշվեր, թե որտեղ է ինքը՝ սատարում է Սերժ Սարգսյանին եւ մնում կոալիցիայո՞ւմ, թե՞ համալրում է փողոցային ընդդիմության շարքերը եւ հրաժարվում պաշտոններից: Ամբողջ օրը մարդիկ իրարանցման մեջ էին՝ հետաքրքրվում էին, թե ինչ է որոշել Գագիկ Ծառուկյանը: Ժամը 18:00-ին տեղեկացանք, որ նա նախագահականում է: Սերժ Սարգսյանի հետ մոտ մեկ ժամվա առանձնազրույցից հետո տեղեկություն ստացվեց, որ Ծառուկյանը «կրոնն ընդունել է» եւ, հուրախություն իր թիմի, համաձայնվել է սատարել ՀՀ նախագահին: Ըստ որոշ տեղեկությունների, Գագիկ Ծառուկյանն էլ իր կոնտրպահանջներն է դրել՝ նոր պաշտոնների եւ չգիտես էլ ինչի տեսքով (հավանաբար վաղը հայտնի կդառնան մանրամասները): Ապա, այսպես ասած, հաշտության չիբուխն են ծխել ու գնացել Միքայել Հարությունյանի ծննդյան տոնակատարությանը: Ավելի ուշ տեղեկացանք, որ ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահները Ընդունելությունների տանն են: Բնականաբար, ԲՀԿ-ի հնազանդեցման պրոցեսն առանց Ռոբերտ Քոչարյանի ակտիվ մասնակցության չէր կարող ընթանալ: