Հանձնաժողովն ամենակարող չէ

Հանձնաժողովն ամենակարող չէ
Ցավով կարդացի Ձեր թերթի «Սովորական կոռուպցիայի դրսեւորում կամ բթացած բյուրոկրատիա» բազմախորհուրդ վերնագրով Հակոբ Մկրտչյանի հոդվածը, որի շարադրանքը, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը (Մկրտչյանը բողոքել էր, որ իր հիվանդության հետ կապված հաշմանդամության կարգ չեն սահմանում՝ խմբ.):



Բանն այն է, որ Հակոբ Մկրտչյանին ս.թ. փետրվարի 1-ին խորհրդատվության նպատակով ընդունել, լսել եւ բացատրել եմ, որ իր ներկայացրած փաստաթղթերի համաձայն, որտեղ հաստատված է պարբերական հիվանդությունը, առանց անձի կենսագործունեության որեւէ տեսակի սահմանափակման բերող բարդությունների, համաձայն ՀՀ կառավարության 780 որոշման, հաշմանդամություն չի սահմանվել: Նրան կարդացել եւ տեղեկացրել եմ վերոնշյալը, այդ մասին կա գրանցման համապատասխան մատյանում՝ Հ. Մկրտչյանի ստորագրմամբ: Ուստի խորհուրդ չեմ տվել դիմել ԲՍՓՀ-ին: Սակայն փետրվարի 16-ին նա պոլիկլինիկայի համապատասխան մասնագետների կողմից լրացված N 088 ձեւով եւ մյուս փաստաթղթերով դիմել է փորձաքննության, եւ  ԲՍՓՀ-ի փետրվարի 17-ի որոշմամբ՝ օբյեկտիվ քննության եւ առկա փաստաթղթերի հիման վրա, Հ. Մկրտչյանին հաշմանդամություն չի սահմանվել, ինչն էլ հարուցել է նրա դժգոհությունը: ՀՀ կառավարության 780 որոշման օրինակը չի տրամադրվել նրան, ինչը ես պարտավոր չեմ անել եւ խորհուրդ եմ տվել այն վերցնել ՀՀ կառավարության կամ ՀՀ ԲՍՓ գործակալության համապատասխան կայքերից:



Օգտվելով առիթից՝ ուզում եմ նշել, որ որեւէ հիվանդության միայն առկայությունը եւ հաստատված լինելը (տվյալ դեպքում՝ պարբերական կամ երեւանյան հիվանդության) բավարար չեն հաշմանդամության սահմանման համար, եթե դրանց հետեւանքով սահմանափակված չէ անձի կենսագործունեության որեւէ տեսակ, ինչը կարգավորվում է ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով: ԲՍՓՀ-ի որոշումը չի գոհացրել Հ. Մկրտչյանին, ով չի կարողացել կամ էլ չի ցանկացել ճիշտ կարդալ եւ գրել մի քանի անուն եւ ազգանուն, եւ նա դիմել է բամբասանքի ու զրպարտության, փորձելով ցեխ շպրտել վերոնշյալ որոշումը կայացնող հանձնաժողովի, նրա բազմավաստակ նախագահի եւ մի ամբողջ պոլիկլինիկայի կոլեկտիվի վրա:



 



Վիկտոր ԲԱԲԱՍՅԱՆ



Երեւանի N2 ԲՍՓՀ-ի նախագահ