«Նուռ քարտ» ծրագիրը մարդկանց նսեմացնելու, ստորացնելու համար է

«Նուռ քարտ» ծրագիրը մարդկանց նսեմացնելու, ստորացնելու համար է
2009 թվականի կեսերից Հայաստանում ներդրված «Նուռ քարտ» կուտակային համակարգը, համագործակցելով որոշակի խանութների եւ բանկերի հետ, հաճախորդին առաջարկում է  կուտակել բոնուսային միավորներ, հետո էլ դրանք փոխարինել համարժեք գումարով: Համենայնդեպս այդպես գովազդել եւ գովազդում են:



Սակայն պարզվում է՝ ընկերությունը հրաժարվում է  կատարել իր պարտավորությունները: Բոնուսային միավորներին համարժեք գումարը հնարավոր է օգտագործել միայն  ընկերության կողմից տրամադրված համապատասխան կտրոնի առկայության դեպքում, իսկ ընկերությունը հրաժարվում է այդ կտրոնները տրամադրել: Նախօրեին մեր խմբագրություն էր զանգահարել Երեւանի բնակիչ Մարինա Հակոբյանը, ով 2009-ի նոյեմբերից «Պառնաս» սուպերմարկետից օգտվում է «Նուռ քարտով»: Նա վստահեցնում էր, որ այս տարիների ընթացքում ինքն առեւտուր է արել բացառապես քարտի հետ համագործակցող խանութներից եւ վճարումներ կատարել այդ ցանցում գտնվող բանկերում: Հավաքելով 1940 բոնուսային միավոր, քաղաքացին այս տարվա հունվարին որոշել է գնալ Պարոնյան 8 հասցեում գտնվող ընկերության գրասենյակ եւ ստանալ համարժեք կտրոն: «Գնալուց առաջ ես նախ զանգ տվեցի ընկերություն, որ տեղեկանամ աշխատանքային ժամերի մասին, նաեւ՝ թե երբ կարող եմ ստանալ կտրոնը, եւ այլն: Սակայն ընկերության աշխատակիցն ասաց, որ հիմա համակարգչում համապատասխան ծրագիրը կախված ա, շարքից դուրս ա եկած, հիմա մի եկեք»,-ասաց Հակոբյանը:



Շուրջ երեք ամիս նման պատճառաբանություն ներկայացնելուց հետո ընկերությունը հիմա այլ պատասխան է տալիս քաղաքացուն: «Մի քանի օր առաջ զանգում-ասում եմ՝ կարո՞ղ եմ հիմա գալ-ստանալ, ասում են՝ այո, եկեք: Գնում-հասնում եմ՝ էլի նույն պատճառաբանությունը՝ ծրագիրը շարքից դուրս եկած է: Ասում եմ՝ բայց չէ որ ես զանգ եմ տվել՝ նոր եկել, չնայած որ ամենեւին պարտավոր չեմ դա անելու, աշխատանքային ժամերին պարտավոր են կատարել իրենց պարտավորությունները»: Հակոբյանն ափսոսանք էր հայտնում, որ ինքը հանուն այդ կուտակային միավորների առեւտուր է արել ոչ թե իր տան մոտ գտնվող խանութից, այլ քարտի հետ համագործակցող սուպերմարկետից, որն իր խոսքով՝ բավական հեռու է իր տնից: Քաղաքացին զարմացած էր, որ ընկերության գրասենյակում ձգձգելուց, տարբեր պատճառաբանություններ բերելուց եւ կտրոն չտրամադրելուց բացի, իրեն նաեւ անձնական վիրավորանք են հասցրել: «Հավանաբար հոգնելով իմ համառությունից, որ շուրջ երեք ամիս է՝ ես զանգում եւ գնում էի ընկերության գրասենյակ, իրենք ինձ անվանեցին տգետ, անուղեղ, ասելով, որ եթե ես հասկանայի համակարգչից, կհասկանայի, որ այն մեկ-մեկ էլ ծրագիրը գցում ա: Նաեւ ինձ սկսեցին վիրավորել, թե՝ իբր էդ ինչ գումար ա, որ հլը եկել-մեզնից էլ պահանջում ես: Բայց ես ոչ մուրացկանություն եմ անում, ոչ էլ իրենք են ինձ լավություն անում՝ ծրագիր եք առաջարկում, բարի եղեք պարտավորությունները կատարել»: Իսկ վերջում ընկերության աշխատակիցները «մեծահոգություն» են ցուցաբերել: «Սկսեցին շշնջալ, թե՝ եկեք կոպեկ-կոպեկ հավաքենք, իրա 1940 դրամը տանք՝ թող գնա: Ես գրասենյակից դուրս եկա նսեմացված, արցունքներն աչքերիս եւ քիչ էր մնում փողոցում ընկնեի մեքենայի տակ»,-եզրափակեց Հակոբյանը եւ հավելեց. «Էդ ծրագիրը ստեղծված է մարդկանց նսեմացնելու, ստորացնելու համար»: