Ժամանակակից բացատրական բառարան (շարունակություն3)

Ժամանակակից բացատրական բառարան (շարունակություն3)
Լոքշ - Անհասկանալի ծագումնաբանություն ունեցող եւ ընկալման ու արտասանման համար բավական բարդ ժամանակակից հասկացություն է, որ մոտավորապես համապատասխանում է երիտասարդության շրջանում վերջին տարիներին լայն տարածում գտած ապատիկ հոգեվիճակին:



Լոքշից, օրինակ, կարելի է առավոտները Ծիծեռնակաբերդում վազել, թմրանյութեր օգտագործել, «ադնակլասնիկ» մտնել, սերիալ քննարկել, փողոցում անծանոթի ծեծել, աղջիկ խոսեցնել եւ անգամ գնալ բանակ` երկու տարի ծառայելու: Դժվար չէ կռահել, որ հասարակության եւ հատկապես իշխանությունների համար խրախուսելի է միայն վերջին գործողությունը :



Կայֆարիկ - «homo sapiens»-ի մի հատուկ տեսակ, ով իր կենսակերպում նախապատվությունը տալիս է հաճույքներին, այսինքն` կայֆ բռնելուն: Վերջինս կարող է դրսեւորվել ամենատարբեր ձեւերով՝ կախված մարդու էությունից, տիրող իրավիճակից ու նախասիրություններից: Կարելի է կայֆ բռնել, ասենք, կաթնաշոռն ու թթվասերն իրար խառնելով, «Գրանդ Չերոկին» մայթերով քշելով, «Հայլուր» նայելով  կամ օճառը բաց աչքերին քսելով (սրանք նաեւ մազոխիզմի դրսեւորումներ են), թոռանը մանկապարտեզից տուն բերելով, շամպայնը կանացի կոշիկից խմելով եւ այլն: Կայֆարիկը հիմնականում արհամարհում է իր գործողություններից ծագող հետեւանքներն ու հարեւան-ազգականների կարծիքները: Նրան հիմնականում հոգու խորքում նախանձում են, բայց արտաքուստ ցույց են տալիս, թե իբր չեն ընդունում նրա վարվելակերպը, եւ շինծու քննադատում են: