Եվ առհասարակ... Հայաստան

Եվ առհասարակ... Հայաստան
Երեկ՝ 2008-ի փետրվարի 20-ից հետո առաջին անգամ միտինգի գնացի: Ընդ որում՝ որեւէ մտադրություն չունեի դա անելու, նույնիսկ ընկերներիս ասում էի՝ այդ ե՞րբ եք տեսել ինձ միտինգում, որ հիմա տեսնեք: Բայց իշխանություններն իրենց արարքներով ուղղակի ստիպեցին գնալ:



Վերնագրի ֆրազն էլ ֆոլկլոր է, որ միտինգում լսեցի. մարդիկ բացականչում էին «Ազատ, անկախ Հայաստան», մի տղա շատ հաջող լրացրեց` «Եվ առհասարակ... Հայաստան»:



Հետո, իհարկե, միտինգ բաց չթողնող ընկերներիս մոտ գլուխ գովեցի, թե «երեք տարում մի անգամ միտինգի եկա` Օպերայի հրապարակ մտաք, իմանայի` շուտ կգայի»: Մինչդեռ իրականում հենց Օպերայի հրապարակ մտնել-չմտնելու պատճառով էլ գնացի միտինգի: Ցերեկը Օպերա էի գնացել պրն Հովհաննիսյանին տեսնելու եւ անձամբ ասելու, որ իր հացադուլի ակցիան բոլորովին էլ ճիշտ քայլ չեմ համարում: Սերժ Սարգսյանը թող հացադուլ անի, որպես ամեն օր նորոգվող իր մեղքերի ապաշխարություն, ինչո՞ւ պետք է հացադուլ անեն քաղաքական գործիչները: Ժողովրդին պետք է միտք առաջարկել, համախմբել եւ պայքարել, ուրիշ ոչինչ: Պրն Հովհաննիսյանը, բնականաբար, ժպտաց իմ խոսքերի վրա:



Ինչեւէ, մի քառորդ կամ կես ժամ պրն Հովհաննիսյանի, տիկնոջ` Արմինեի, «Ժառանգության» պատգամավորների հետ զրուցում էի, եւ այդ ընթացքում ով ասես չմոտեցավ պրն Հովհաննիսյանին զորակցություն հայտնելու: Սկզբում Ռուբեն Հախվերդյանը, հետո` նախկին ԱԳ նախարար Վահան Փափազյանը, հետո՝ Աշոտ Մանուչարյանը, հետո` Արմեն Շեկոյանը, հետո` Հովհաննես Սերգեյիչը (նախկին ԱԺ պատգամավոր, այժմ Լիբերալ կուսակցության ղեկավար): Արդեն հեռանում էի` Տիգրան Խզմալյանն ու Ժիրայր Սեֆիլյանն էին մոտեցել եւ այլք: Նաեւ այդ ընթացքում բազմաթիվ քաղաքացիներ, որ գալիս էին ուղղակի ձեռք սեղմելու եւ ասելու՝ Ձեզ հետ ենք: Շուտով, սակայն, պետք է գնայի եւ ասացի, որ մի երկու ժամից կվերադառնամ:



Մի երկու ժամից վերադառնում եմ Օպերա, ամեն գծամետրի վրա կանգնած է առնվազն երկու ոստիկան, եւ ասում են, որ մուտքը Օպերայի հրապարակ փակ է: Հրաշալի կլիներ այդ պահին Սերժ Սարգսյանն այդտեղ գտնվեր: Հուսով եմ՝ կգիտակցեր, թե ամեն ՀՀ քաղաքացի որքան է ամաչում, երբ օրը ցերեկով թույլ չեն տալիս իրեն հրապարակ մտնել: Վստահեցնում եմ` անհամեմատ ավելի, քան պրն Սարգսյանն է իբր ամաչել ոստիկանության սխալ հետաքննությունների համար: Եվ քանի որ թույլ չտվեցին մտնել հրապարակ, էլ ո՞վ լիներ, որ մի քանի քայլ չբարձրանար եւ գնար միտինգի: Միտինգում հետաքրքիր ոչինչ չկար, բացի Տեր-Պետրոսյանի անեկդոտային ակնարկը` ուղղված իշխանություններին: Նա պատմեց հայտնի անեկդոտը, երբ ամուսինը հարեւանին ունեցած պարտքի պատճառով չի կարողանում քնել, կինը պատը ծեծում է եւ ասում, որ պարտքը չեն վերադարձնելու, այժմ էլ թող հարեւանը չկարողանա քնել: «Մենք ոչ մի տեղ չունենք շտապելու,- հայտարարեց Տեր-Պետրոսյանը,- թող Սերժ Սարգսյանն անհանգստանա, թե ինչպես է ժամանակն իրեն ավելի մեծ անդունդը գլորում»: Տեր-Պետրոսյանը խոսքն ավարտեց նրանով, թե Լեւոն Զուրաբյանն այժմ անակնկալ կմատուցի: Պարզվեց՝ անակնկալը Ազատության հրապարակ գնալն է:



Ավելորդ է ասել, թե մարդկանց այդ գաղափարը որքան դուր եկավ: Միտինգի ընթացքում բազմությունը «Նաիրի» կինոթատրոն էր հասել, այնպես որ, ընդամենը շրջվելուց եւ մի երկու խաչմերուկից հետո Օպերայի շրջակայքում էր: Բանակցությունները կարճ տեւեցին, եւ մարդիկ մտան Օպերայի հրապարակ: Չգիտեմ՝ այն մարդիկ, ովքեր երեք տարի միտինգների էին մասնակցել եւ Ազատության հրապարակ մտնել չէին կարողացել, ինչ զգացին: Իմ դեպքում 1988-89-ից հետո, երբ դպրոցից փախչում եւ միտինգ էինք գնում, հետագայում հազվադեպ եւ տարիների ընդմիջումներով եմ միտինգի մասնակցել, բայց բոլորն Ազատության հրապարակում: 1996-ի սեպտեմբերին` նախագահական ընտրություններից հետո, 2002-ի ապրիլին, երբ «Ա1 պլյուսը» փակվեց, 2007-ի հոկտեմբերին, երբ Տեր-Պետրոսյանը վերադարձավ քաղաքականություն, 2008-ի փետրվարի 20-ին, երբ կեղծված նախագահական ընտրություններին «ոչ» ասելն ուղղակի քաղաքացիական դիրքորոշման հարց էր, եւ այժմ, երբ եռամյա ընդմիջումից հետո մարդիկ վերադարձան Ազատության հրապարակ:



Ինձ թվում է՝ բոլոր անգամները, երբ  եղել եմ Օպերայի հրապարակում, անկախ նրանից՝ հանուն ինչի կամ ընդդեմ ինչի, նույն զգացողությունն է պաշարել` Հայաստանի զգացողությունը ու նրա ժողովրդի ջերմությունը` անփոփոխ ժպիտով, ինքնավստահությամբ ու հանգստությամբ, որի կողքին ամեն իշխանություն այնքան ողորմելի եւ մեկուսացված է թվում, այնքան անուժ ու անցողիկ:          Այնպես որ, ամբողջ հոգով մի բառ ես միայն ցանկանում վանկարկել` Հայաստան, առհասարակ` Հայաստան: