Խոսնակ՝ բառի բուն իմաստով

Խոսնակ՝ բառի բուն իմաստով
Թեեւ գյուղնախարար Սերգո Կարապետյանն իր նշանակվելու առաջին օրերին հայտարարեց, թե մամուլի հետ անկաշկանդ շփվելու է, սակայն օրեցօր ապացուցեց, որ ինքն այն չինովնիկներից է, ովքեր լրագրող տեսնելիս ոչ միայն բերանը պինդ փակում են, այլեւ ջղաձգվում:



Երեկ կառավարության նիստից հետո գյուղնախարարն իջավ լրատվական սրահ՝ բրիֆինգի: Ներկա էր նաեւ իր մամուլի քարտուղարը: Բրիֆինգի վերջում, երբ ավարտվեց  նախատեսված ծրագրերի զեկուցումը, մոտեցանք՝ առանձին մեկնաբանություն խնդրելու մի հարցի վերաբերյալ: Դեռ հարցը չհնչեցրած՝ մամուլի քարտուղարը, առանց սպասելու նախարարի խոսքին, իրեն իրավունք վերապահեց արգելել հարցին պատասխանելը: Վարչապետի ու նախագահի սիրելի գյուղնախարարը գեղեցկուհու պաշտպանությունից փքված՝ ասաց, թե ժամանակ չունի, ու ատամները սեղմած՝ շարժվեց դեպի դուռը: Մամուլի քարտուղարի պահվածքից մոլորված՝ նկատեցինք, թե որպես նախարարի մեկնաբանություն՝ մամուլի խոսնակի խո՞սքը ներկայացնենք: Վերջինս շրջվեց ու շեֆին մատուցած ծառայությունից գոհ՝ մեզ լուսավորեց, թե ինքն ընդամենը իր աշխատանքն է անում:



Այսինքն, իր աշխատանքը նախարարի բերանը ճիշտ ժամանակին կողպե՞լն է: Մեզ էլ թվում էր՝ մամուլի խոսնակները բոլորովին այլ առաքելություն ունեն: Այդ թվում՝ լրագրողների աշխատանքին նպաստելը, այլ ոչ թե խանգարելը: Ի դեպ, մեր հարցը վերաբերում էր վարուցանքն օրհնելու նախարարի իդեային: Չի բացառվում, որ նրանք իմանալով այս թեմայի ակտուալության մասին պարզապես վախենում են կրկին դառնալ զավեշտի առարկա: