«Չգաս` կպարտվես». Չեկան ու պարտվեցի՞ն

«Չգաս` կպարտվես». Չեկան ու պարտվեցի՞ն
Չնայած հորդառատ անձրեւին եւ ոչ աշխատանքային կիրակի օրվան, որոշեցինք այնուամենայնիվ գնալ եւ լուսաբանել Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանի հանրահավաքը, քանի որ պրն Կարապետյանն ասել էր. «Չգաս՝ կպարտվես»: Հետաքրքիր էր տեսնել, թե ինչպես էին եկածները հաղթելու. «10 ապրիլի, հանրահավաք Մատենադարանի մոտ: Չգաս` կպարտվես, ժամը 17:00: Ժողովրդական շարժման առաջնորդ Տիգրան Կարապետյան»: Ահա այսպիսի խորագրով թռուցիկները փակցված էին քաղաքի տարբեր հատվածներում, այդ թվում եւ Մաշտոցի պողոտայի բոլոր հնարավոր սյուներին եւ պատերին:



Ճիշտ ժամը 17:00-ին Մատենադարանի հարթակում էինք, սակայն, ի զարմանս մեզ, հանրահավաքի մասին ազդարարող ոչինչ չկար՝ ոչ բարձրախոսներ, ոչ պաստառներ ու դրոշներ, ոչ էլ առավել եւս՝ մարդկային բազմություն: Զանգահարեցինք Տիգրան Կարապետյանին՝ իմանալու համար, թե ինչ է պատահել, ինչու տեղի չի ունենում հանրահավաքը: «Մարդկանց հանեմ-բերեմ էս անձրեւի տակ, ի՞նչ անեմ: Չեք տեսնո՞ւմ էս հեղեղը: Մարդկանց ավտոբուսներով հետ ենք ուղարկել, էդտեղ էլ մարդ ունենք, որ հավաքվածներին ասում ա, որ միտինգը չի լինելու, հետաձգվել ա մայիսի 3-ին»,-ասաց Կարապետիչը:



Ապա հավելեց, որ իրենք արդեն հաղորդագրություն են տարածել: «Հաշվի առնելով բնակլիմայական վատ պայմանները, մասնավորապես առավոտից անդադար տեղացող հորդառատ անձրեւը` Ժողովրդական շարժումն այսօր նախատեսված հանրահավաքը հետաձգել է եւ կանցկացնի մայիսի 3-ին, ժամը 18:00-ին, ինչի մասին շարժման ակտիվիստները բնակիչներին արդեն իսկ իրազեկել են»,- ասված է Ժողովրդական կուսակցության լրատվական հաղորդագրության մեջ: Այնուամենայնիվ՝ մի 7-8 պապիկ եկել էին հաղթելու հույսով: «Բա ստոլբին գրած ա՝ «Չգաս՝ կպարտվես»: Ուրեմն պարտվե՞լ ենք: Էկել ենք, որ հաղթենք»,-հուսահատված ասաց 60-ն անց մի մարդ: Մի քանիսն էլ դեռ հույս ունեին, որ հանրահավաքը կկայանա, քանի որ՝ «գրած ա, որ լինելու ա», եւ մի քանի անգամ բարձրացան Մատենադարանի հարթակ եւ իջան ներքեւ: Փաստորեն, այս պապիկներն ու լրագրողներն ավելի համարձակ էին գտնվել, քան Տիգրան Կարապետյանը: Նա անգամ զլացել էր անձամբ գալ «դեպքի վայր» եւ հայտարարել, որ հանրահավաքը հետաձգվում է: «Ինչ ա, տղամարդ չի՞, խի՞ չի էկել, անձրեւից ա՞ վախեցել»,-վրդովված ասաց մի պապիկ՝ Մարտուն Պետրոսյան անունով: Հետաքրքիր է, որ որոշ ժամանակ առաջ նույն ինքը՝ Տիգրան Կարապետյանը, անդրադառնալով ՀԱԿ-ի ապրիլի 8-ի հանրահավաքին, ասել էր. «ՀԱԿ-ի ներկայացուցիչները սովորություն են դարձրել խոստումներ եւ անիմաստ հույսեր տալ ժողովրդին: Չի կարելի խաբել ժողովրդին, այլ պետք է լսել նրան: ՀԱԿ-ի վերջին հանրահավաքին ժողովուրդը ցանկանում էր մնալ Ազատության հրապարակում, վանկարկում էր՝ «հիմա, հիմա», իսկ պապին բոլորին ուղարկեց տուն: Մի՞թե մարտի 17-ին եղանակն ավելի ցուրտ էր, քան 2008-ի մարտի 1-ին»: Սակայն մարդկանց հուսախաբ անելու գործում Տիգրան Կարապետյանն էլ առանձնապես հետ չի մնում մյուսներից:



ՀԳ - Հետաքրքիր է՝ եթե հանրահավաքը կայանար, այս անգամ Կարապետյանի «շարժումն» ի՞նչ ուղղվածություն կստանար: Հիշեցնենք, որ նախորդ հանրահավաքում նա հայտարարել էր, որ իրենք այլեւս համարվում են այլընտրանքային ընդդիմություն, մինչդեռ որոշ ժամանակ առաջ արմատական ընդդիմություն էին, դրանից առաջ էլ՝ կենտրոնամետ: