Ընդդիմության վիճակը ծանր է

Ընդդիմության վիճակը ծանր է
Վերջին հանրահավաքի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը վերջնականապես ապացուցեց, որ իշխանությունների հետ ինքը գտնվում է բանակցությունների մեջ: Ավելին՝ նա ըստ էության մեղադրեց «ներքին եւ արտաքին» ուժերին, որ փորձում են խանգարել Տեր-Պետրոսյան - իշխանություն երկխոսությանը: Ակնարկն ավելի շատ ուղղված էր երրորդ կամ չորրորդ ուժին, ինչպես դա նշվեց: Կարծում եմ՝ Տեր-Պետրոսյանի ելույթից գոհ չեն առաջին հերթին իր թիմակիցները, ովքեր հույս ունեին, որ առաջին նախագահն ավելի վճռական գործողությունների կդիմի:



Սակայն  նկատենք, որ Տեր-Պետրոսյանը նման քայլերի պատրաստ չէ, որովհետեւ նա նախագահ է եղել եւ գիտի այդ քայլերի իրական արժեքը, գիտի, որ նման քայլերով հաջողության հասնելու հավանականությունը մեծ չէ՝ ի տարբերություն մյուսների, ովքեր 20-30 հազար մարդ են տեսնում եւ միանգամից ոգեւորվում են: Ի վերջո մենք գիտենք, որ 1996թ. դեպքերի ընթացքին Տեր-Պետրոսյանն իր գնահատականն ունի, եւ եթե նա դիմի այդպիսի քայլերի, ապա հասարակությանը պետք է բացատրի, թե ինչու այդ թվականին նախագահ լինելով՝ ինքը դատապարտեց, իսկ այսօր, որպես ընդդիմության առաջնորդ, պետք է ողջունի նույն քայլերը, ինչը ողջունում է իր թիմը:



Այս իմաստով ԼՏՊ-ն ունի լուրջ պրոբլեմ, եւ երկխոսության եզրեր գտնելու փորձերը, ենթադրվում է՝ չի խորհրդակցել իր շրջապատի հետ: Մինչեւ իր ելույթը նրա շրջապատը մեղադրում էր Րաֆֆի Հովհաննիսյանին, տարբեր տիպի ուրվականներ էին այդ դաշտում ման գալիս... Բայց ապրիլի 8-ին պարզվեց, որ ԼՏՊ-ն ոչ թե ուրվականի հետ է բանակցում, այլ կոնկրետ անձի՝ գործող նախագահի հետ: Հետեւաբար իր շրջապատին ծանր կացության մեջ գցեց, որոնք եթե նախկինում Րաֆֆիին էին մեղադրում, ապա այսօր գոնե պետք է բացատրություններ տան, թե ինչպես են մեկնաբանում ԼՏՊ-ի ելույթը:



Այդ ժամանակ կերեւա Հայաստանի քաղաքական գործիչների սկզբունքայնության արժեքը: Ըստ էության  ընդդիմության վիճակը բավական ծանր է, լիակատար խառնաշփոթ: Մարդկանց մոտ կա հիասթափություն եւ ինչ-որ իմաստով անհասկացողություն: Եվ այս պարագայում, չնայած իշխանությունն այս երեք տարիներին տանուլ է տվել թե ներքին, թե արտաքին կյանքում գրեթե բոլոր ուղղությունները, սակայն իշխանությունը ժամանակավորապես կարող է հանգիստ լինել, որովհետեւ ընդդիմության վիճակն ապահովվում է հնարավոր ցնցումներից եւ քաոսային իրավիճակից:



Երվանդ ԲՈԶՈՅԱՆ

քաղաքագետ