Ոստիկանապետը պարզապես չի իմացել

Ոստիկանապետը պարզապես չի իմացել
Տարիներ շարունակ երթեւեկության կանոնները խախտած վարորդները տուգանքները բանկում մուծելուց հետո ստիպված են եղել կտրոնը տանել-ներկայացնել նաեւ Ճանապարհային ոստիկանություն, ընդ որում՝ մեկամսյա ժամկետում: Եթե այդ ժամկետում չէին ներկայացնում, բանը հասնում էր դատարանին եւ ուշացման համար հավելյալ տուգանքներին: Այս վիճակը մոտ երեք տարի շարունակվում էր, վարորդները դժգոհում էին, սակայն՝ ապարդյուն: Պարզվում է՝ այն մի պատճառ է ունեցել:



Պարզապես ՀՀ ոստիկանապետը տեղյակ չի եղել, որ իր ենթակայության տակ գտնվող կառույցում նման կարգ գոյություն ունի, այլապես տեղում լուծում կտար հարցին, ճիշտ այն արագությամբ, ինչպես տեղի ունեցավ շաբաթ օրը Ծաղկաձորում, որտեղ «Ոստիկանության գործունեության լուսաբանման առանձնահատկությունները» թեմայով սեմինար էին կազմակերպել: Երբ լրագրողներից մեկն այդ խնդրով հետաքրքրվեց, Սարգսյանն անակնկալի եկավ ու զարմանք հայտնեց վերոնշյալ մեխանիզմի առնչությամբ եւ  համապատասխան վարչության ներկայացուցչից հավաստիանալով «կարգի» գոյության մասին, հրահանգեց երկուշաբթի օրվանից «անվավեր ճանաչել» այն:



Երեկ ոստիկանության լրատվության վարչությունից հավաստիացրին, որ այն այլեւս չի գործում: Ի դեպ, սա միակ հարցը չէր, որ այդ օրը լուծում ստացավ. բարձրաձայնված բոլոր հարցերն ու խնդիրները նույն բծախնդրությամբ ցուցակագրվեցին: Ինչ վերաբերում է ծաղկաձորյան «Ոստիկանության գործունեության լուսաբանման առանձնահատկությունները» թեմայով սեմինարին, ապա ոստիկանապետի տեղակալ Արթուր Օսիկյանն այն լրագրողներիս համար նշանավորեց շատ կարեւոր եւ օդ ու ջրի պես անհրաժեշտ մի դասախոսությամբ:



Պատմեց  ժուռնալիստիկայի ծագման, առանձնահատկությունների ու ընդհանրապես հասարակության շրջանում դրա դերի մասին: Հասնելով մեր օրեր՝ ոլորտը հնարավորինս «օբյեկտիվ» լուսաբանելու համար, լրագրողներին առաջարկեց համագործակցություն, մոտավորապես փորձի փոխանակման մակարդակով: