Քաջ Խուանը կամ` հռետորական հարցեր «Հայփոստի» ղեկավարներին

Քաջ Խուանը կամ` հռետորական հարցեր «Հայփոստի» ղեկավարներին
Շուտով արդեն երրորդ տարին է լրանում, ինչ պետության սեփականության մեջ գտնվող եւ Հայաստանում խոշորագույն գործատու հանդիսացող «Հայփոստ» ընկերության հավատարմագրային կառավարումը ստանձնել է արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանին պատկանող ընկերությունը:



Ձեր միջոցով կուզենայի մի քանի հարց ուղղել «Հայփոստի» ներկայիս հավատարմագրային կառավարիչ, «Հայփոստ թրաստ մենեջմենթ» ընկերության տնօրեն եւ միաժամանակ «Հայփոստի» խորհրդի նախագահ Խուան Պաբլո Քեչիջյանին, «Հայփոստի» խորհրդի անդամ ու Էռնեկյանի մեկ այլ ներկայացուցիչ Արմեն Տեր-Տաճատյանին եւ Հայաստանի Հանրապետության անունից՝ նշված կառավարչի հետ «Հայփոստի» հավատարմագրային կառավարման վերաբերյալ պայմանագիր կնքած Պետական գույքի կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյանին:



Պարոն Քեչիջյան, արդյոք ճի՞շտ է, որ «Հայփոստից» գանձած գումարների հաշվին «Հայփոստ թրաստ մենեջմենթ» ընկերությունը Ձեզ ամսական վճարում է մոտ 35 հազար ԱՄՆ դոլար աշխատավարձ, ինչի արդյունքում Դուք անձնապես «Հայփոստի» բյուջեից վերջին երեք տարվա ընթացքում ստացել եք կես միլիարդ դրամ աշխատավարձ: Ես, որպես Հայաստանի քաղաքացի, լինելով «Հայփոստի» գույքի սեփականատերերից մեկը, խնդրում եմ նաեւ պարզաբանեք՝ արդյոք ճի՞շտ են այն պնդումները, թե «Հայփոստ թրաստ մենեջմենթ» ընկերությունը «Հայփոստից» գանձած գումարներն ուղղում է «Հայփոստի» համար այնպիսի կարեւոր գնումների իրականացմանը, ինչպիսիք են Մայամիում գտնվող Ձեր առանձնատան հիփոթեքային վարկի մարումը, Ձեր բազմազավակ ընտանիքն ԱՄՆ եւ Արգենտինա տեղափոխելու համար անհրաժեշտ օդանավի բիզնես կլասում տոմսերի գնումը եւ այլն:



Արդյոք ճի՞շտ է, որ «Հայփոստից» գանձած գումարներից նաեւ աշխատավարձ են ստանում Էռնեկյանին պատկանող հայաստանյան մեկ այլ ընկերության` «Զվարթնոց» օդանավակայանի գործադիր եւ թռիչքների գծով տնօրենները: Համոզված եմ, որ ասելու եք, թե այդ անձինք «Հայփոստին» խորհրդատվություն են տրամադրել: Օդանավակայանի գործադիր եւ թռիչքների գծով տնօրենները, որոնք մասնագիտացած են օդային թռիչքներ կազմակերպելու հարցում, ի՞նչ գծով կարող են խորհրդատվություն տրամադրել «Հայփոստին»: Միգուցե «Հայփոստի» գույքը թռցնելու գործո՞վ են Էռնեկյանին եւ Ձեզ խորհրդատվություն տրամադրել այդ անձինք:



Մամուլի նախկին հրապարակումների համաձայն, Խուան Պաբլո Քեչիջյանը, հայաստանցիներին չվստահելով եւ տեղացիներին վերաբերվելով որպես պոտենցիալ գողերի, անձամբ է իրականացնում «Հայփոստի» գնումները` ներառյալ զուգարանի թղթի մասով: Քանի որ այդ հրապարակումները երբեք չեն հերքվել, ենթադրաբար Խուան Պաբլո Քեչիջյանի ազնվության եւ քաջության մասին վկայող վերը նշված փաստերը համապատասխանում են իրականությանը: Հարգարժան պարոն Քեչիջյան, գնումների կառավարման մասով (ներառյալ զուգարանի թղթի) Ձեր անձնվեր աշխատանքի շնորհիվ ամսական տնտեսած գումարի չափն արդյոք գերազանցո՞ւմ է քսան հազար դրամը կամ հիսուն ԱՄՆ դոլարը:



Հարգելի պարոն Քեչիջյան, մամուլի նախկին հրապարակումների համաձայն (որոնք կրկին  չեն հերքվել), Դուք բարձրագույն կրթություն չունեք, իսկ մինչ Հայաստան տեղափոխվելն Արգենտինայում աշխատել եք դիսկոտեկում եւ Ձեր հորեղբորը պատկանող՝ կոշիկների տակացուներ պատրաստող ընկերությունում: Հատուկ նշեմ, որ թեկուզեւ չգիտեմ ինչպես է իսպաներենի արգենտինական բարբառում, սակայն հայերենում, ռուսերենում եւ անգլերենում «բարձրագույն կրթություն» տերմինը վերաբերում է գոնե բակալավրի մակարդակի կրթությանը, եւ բուհում երկամսյա դասընթացներ ավարտողը չի կարող պնդել, թե ինքն ունի բարձրագույն կրթություն:



Մամուլի նախկին հրապարակումների համաձայն՝ Ձեր կողմից ընտրված «Հայփոստի» մի շարք տնօրեններ նույնպես չունեն բարձրագույն կրթություն: Պարոն Քեչիջյան, արդյոք ճի՞շտ է, որ «Հայփոստի» ղեկավար պաշտոնյաներից երեքը` ներկայիս գլխավոր տնօրենը, նոր կադրերի ներգրավման գծով գլխավոր պատասխանատուն եւ ֆինանսական տնօրենը 90-ականներին լքել են Հայաստանը եւ քաղաքական ապաստան ստացել Իտալիայում, Արգենտինայում եւ Հոլանդիայում: Քաղաքական ինչպիսի՞ համոզմունքների արդյունքում են այդ անձինք ստիպված եղել լքել Հայաստանը տերպետրոսյանական կամ քոչարյանական ռեժիմների օրոք, թեկուզեւ ներկայումս իրենք առոք-փառոք ապրում են իրենց ծննդավայրում: Եվ ընդհանրապես՝ ի՞նչն է պատճառը, որ «Հայփոստում» Ձեզ շրջապատել եք կամ դպրոցավարտ, կամ (նախկին) փախստական հանդիսացող տնօրեններով:



Պարոն Տեր-Տաճատյան, Դուք Երեւանի առավել ազդեցիկ հարյուր հազար անձանցից մեկն եք: Մասնավորապես, «Հայփոստում» աշխատանքի անցնելուց հետո Դուք սկսել եք վարել «Պորշ» մակնիշի մեքենա` դառնալով  13-րդ երրորդմասցին, ով վարում է այդ մակնիշի մեքենան: Նաեւ՝ հանդիսանում եք Հայաստանում գործող ամենահեղինակավոր հասարակական կազմակերպություններից մեկի` Հանրային խորհրդի անդամ: Միգուցե միայն Հայաստանի մեղվաբույծների ասոցիացիան եւ Հայաստանի ավտոսիրողների միությունը կարող են իրենց ազդեցությամբ համեմատվել Ձեր անդամակցած կառույցի հետ: Ենթադրաբար, վերը նկարագրվածն է պատճառը, որ պարոն Էռնեկյանը Ձեզ վստահել է կոորդինացնել պետական կառույցների հետ հարաբերությունները:



Ճի՞շտ են այն լուրերը, թե Դուք հանդիսանում եք Հայաստանում գործող վճարահաշվարկային կազմակերպություններից մեկի սեփականատեր: Եվ արդյոք ճի՞շտ է, որ Դուք այդ կազմակերպությանը փոխանցում եք կառավարության կողմից կազմված եւ «Հայփոստին» տրամադրված թոշակառուների ցանկերը, որպեսզի այդ վճարահաշվարկային ընկերության ներկայացուցիչները շրջեն համապատասխան հասցեներով եւ թոշակառուներին համոզեն թոշակը ստանալ ոչ թե «Հայփոստի» միջոցով, այլ հենց այդ ընկերության միջոցով: Ասում են՝ այդ ընկերությունները հետաքրքրված են թոշակառուների ցուցակներում ընդգրկված, այսպես կոչված, «մեռած հոգիներով»` ակնկալելով, որ կդառնան Խաչիկյանի հետնորդը «մեռած հոգիներին» թոշակներ բաժանելու գործում: Ճի՞շտ է դա:



Ես կցանկանայի օգտվել «Հայփոստի» կողմից մատուցման ենթակա հետեւյալ ծառայություններից` «նամակների հատուկ առաքում», «Հայփոստ-էքսպրես», «Հիբրիդ նամակ», «Նամակ եւ տպագրություն» եւ «Հայփոստ գրքի ակումբ»: Համենայնդեպս, համաձայն ՀՀ կառավարության հետ կնքված հավատարմագրային կառավարման պայմանագրի, «Հայփոստի» հավատարմագրային կառավարիչը պարտավորվել էր, որ մինչ 2011-ն այդ ծառայությունները հասանելի կլինեն: Իմ հարցումներին ի պատասխան, «Հայփոստի» բաժանմունքի կամ կենտրոնական գրասենյակի ոչ մի աշխատակից տեղյակ չէր նման ծառայությունների առկայությունից:



Շատ շնորհակալ կլինեի, եթե Դուք՝ պարոնայք Քեչիջյան եւ Տեր-Տաճատյան, ինձ ուղղորդեիք, թե «Հայփոստում» ում դիմեմ, որպեսզի վերը նշված ծառայություններն ինձ մատուցեն: Իսկ ճի՞շտ են այն պնդումները, որ վերջին 3 տարվա ընթացքում «Հայփոստը» հավատարմագրային պայմանագրով եւ ծրագրով ստանձնած փոստային բնագավառի բարեփոխման վերաբերյալ քսանից ավելի պարտավորություններից չի կատարել եւ ոչ մեկը:



Պարոն Քեչիջյան, ի՞նչն է պատճառը, որ «Հայփոստի» պաշտոնական կայքում մինչ այժմ նշված է, որ ընկերության հավատարմագրային կառավարումն իրականացնում է հոլանդական ընկերություն, թեկուզ արդեն երեք տարի է, ինչ «Հայփոստի» ազգությամբ հոլանդացի կառավարիչը` Հանս Բոոնը, Ձեզ է փոխանցել հավատարմագրային կառավարման իրավունքները (իմիջիայլոց, կա՞ ինչ-որ միտում կամ պատճառ, որ պարոն Բոոնը երկկողմանի համաձայնեցված փաստաթղթերի տակ վերջնական ստորագրությունը դրեց 2008 թվականի հոկտեմբերի 13-ին): Ինչո՞ւ չեք իրազեկում հասարակությանը, որ «Հայփոստը» գտնվում է արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանի վստահելի ձեռքերում, այլ փորձում եք թաքնվել Հոլանդիայում միայն կնիք եւ փոստային արկղ տիրապետող ընկերության հետեւում:



Նաեւ Ձեզ խորհուրդ կտայի Ձեր կողմից «Հայփոստի» հենքի վրա հիմնադրված «Փոստբանկը» դարձնել «Պոտյոմկինբանկ»: Ընդհանրապես, Դուք՝ որպես «Հայփոստի» հավատարմագրային կառավարիչ, հերթական անգամ կոպտորեն խախտել եք «Հայփոստի» հավատարմագրային պայմանագրի պայմանները, համաձայն որի՝ դեռ երեք տարի առաջ պարոն Էռնեկյանի ֆինանսավորմամբ «Հայփոստի» հենքի վրա պետք է ստեղծվեր նոր բանկ` «Փոստբանկ»: Իսկ իրականում Դուք արել եք հետեւյալը: Նախ՝ Կենտրոնական բանկում գրանցել եք «Կոնվերսբանկի» երկու նոր մասնաճյուղ բացելու իրավունք: Հետո՝ «Հայփոստի» 30-ից ավելի մասնաճյուղերի դիմային պատին փակցրել եք «Փոստբանկ»/«Կոնվերսբանկ» ցուցանակը, թեկուզեւ, ինչպես նշվեց, այս պահին «Կոնվերսբանկն» ունի իրավունք բանկային ծառայություններ մատուցել ընդամենը երկու նոր մասնաճյուղում: Այդ գործողությունները շատ հիշեցնում են պոտյոմկինյան գյուղերը:



Պարոն Քեչիջյան, իսկ ճի՞շտ են այն լուրերը, թե «Հայփոստի» երեք տարվա փայլուն կառավարումից հետո այժմ պարոն Էռնեկյանը պատրաստ է գնել «Հայփոստի» բաժնետոմսերը, այսինքն՝ կառավարությանն առաջարկել է սեփականաշնորհել ընկերությունը: Նաեւ՝ ճի՞շտ են այն լուրերը, թե ֆրանսիական «Լա Փոստը» Ձեզ մեղադրել է կեղծիքի մեջ, քանի որ «Հայփոստի» սեփականաշնորհման վերաբերյալ բիզնես պլանը Դուք վերնագրել եք որպես «Լա Փոստի» կողմից մշակված փաստաթուղթ, այնինչ «Լա Փոստը» կապ չի ունեցել այդ փաստաթղթի մշակման հետ:



Նաեւ ուզում եմ դիմել պարոն Էռնեկյանին: Արգենտինյան կառավարությունը վերջերս հայտարարեց՝ որպեսզի օտարերկրյա ընկերություններն իրավունք ստանան ապրանք ներմուծել Արգենտինա, պետք է նաեւ Արգենտինայում արտադրված ապրանք արտահանեն: Ըստ ռուսական մամուլի, արգենտինյան կառավարությունը մասնավորապես դիմել էր գերմանական «Պորշ» ավտոընկերության արգենտինյան ներկայացուցչին՝ սկսել զբաղվել արգենտինյան գինիների արտահանմամբ: Քանի որ Դուք արդեն իսկ Հայաստան եք արտահանում արգենտինյան գինի, կառաջարկեի Ձեզ փոխարենը Արգենտինա ներմուծել մտավոր եւ կազմակերպչական կարողությունների այն ամբողջ համալիրը, որոնց տիրապետում է պարոն Քեչիջյանը` հրավիրելով նրան վերադառնալ իր ծննդավայր, եւ Պարոն Տեր-Տաճատյանին պատկանող «Պորշ Կայեն» մակնիշի մեքենան, որն ընդամենը երկու տարի առաջ է արտադրվել:



Հարգելի տիկին Կիրակոսյան, որպես ՀՀ կառավարության կողմից «Հայփոստի» հավատարմագրային կառավարման հանձնելու գործարքը ստորագրող եւ հետագայում այդ գործարքի իրականացման ընթացքի վերահսկման գծով պատասխանատու, շնորհակալ կլինեի, եթե պարզաբանեիք հետեւյալ հարցերը: Ի՞նչն էր պատճառը, որ «Հայփոստի» հավատարմագրային կառավարումը հանձնվեց օդանավակայանների կառավարման մեջ մասնագիտացած պարոն Էռնեկյանին: Ասենք, նույն տրամաբանությամբ Հայաստանի երկաթուղու կառավարումը կարելի էր փոխանցել ոչ թե ՀԻԺ-ին (ռուսական երկաթուղուն), այլ «ՌոսԿոսմոսին», իսկ «ՀայՌուսգազարդը» կարող էր սեփականաշնորհվել ոչ թե հօգուտ «Գազպրոմի», այլ` Ուլան Ուդեի օդանավակայանի սեփականատիրոջ: Եվ ընդհանրապես, Հայաստանի կառավարությունը շարունակաբար հայտարարում է, որ կառուցելու է գիտելիքի վրա հիմնված տնտեսություն:



Այս առումով չե՞ք կարծում, որ դիսկոտեկների նախկին կառավարիչ Քեչիջյանի, իրավաբան Տեր-Տաճատյանի եւ «Հայփոստի» մի շարք դպրոցավարտ տնօրենների փոստային ոլորտի կառավարման եւ բարեփոխումների առկա միջազգային փորձի վերաբերյալ գիտելիքները մոտավորապես այնքան են, որքան գիտելիքներ ուներ տիեզերքի մասին այն երիտասարդ հայ առաջին «տիեզերագնացը», ում վերջերս ընդունել էր սփյուռքի նախարարը: Պարոն Քեչիջյանը մշտապես նշում է, թե Էռնեկյանի հայաստանյան պրոյեկտների ձախողումների մասին լուրերն ուռճացրած բարձրաձայնում են հայ կոռումպացված բարձրաստիճան չինովնիկները (որոնց քաջ եւ ազնիվ Խուանը հրաժարվել էր կաշառք տալ), սովետական ոճով աշխատող հայաստանյան ԿԳԲ-ն,  գործից հեռացված աշխատակիցները (որոնց հեռացրել է քաջ եւ ազնիվ Խուանը՝ Էռնեկյանի փողերը գողանալու համար), գնման պատվեր չստացած ագահ մատակարարները կամ Խուանի գիտելիքներին ու կառավարչական տաղանդին նախանձող Էռնեկյանի հայաստանյան ընկերությունների այլ բարձրաստիճան ղեկավարները: Այս առումով ուզում եմ մեջբերել Հայաստանի նախագահի վերջերս արտահայտած խոսքերը, երբ նա խոսեց լուջ ծրագրերի ձախողման մասին. «Եթե մեծ, լուրջ ծրագիր է ձախողվել, անպայման պետք է հետեւանքներ լինեն, այլապես բոլորս էլ գիտենք, որ ձախողված ծրագրերի արդարացման համար պատասխանատուները կարող են տասից ավելի արդարացումներ բերել»:



Արզուման ԵՆՈՔՅԱՆ