Հյուրանոցը

Հյուրանոցը
Կարմիր մազերով  անգլիացին նայում էր Նորայի աչքերի մեջ` ինքնավստահ ու հաղթական: Բաց բարի դիմաց կանգնած էր Նորան, ու չէր  հավատում: Ոչ թե չէր հավատում, որ բարի խմիչքը տեղում է, այլ չէր կարողանում, չէր ուզում հավատալ, որ սուտ խոսել կարողանում է և հայը, և թուրքը, և անգամ, ու որ ավելի վատ է, անգլիացին:



Արատները համամարդկային  են, ինչպես առաքինությունները:



Մի քանի օր առաջ աղբամանի մեջ նկատել էին բարում պահվող խմիչքի շշերը, ու ընդունարարնի հերթապահ աշխատողը զգուշացրել է ր Նորային, որ գանձի խմիչքի գինը: Երբ աղջիկը անգլիացուն հիշեցրել  էր այդ մասին, վերջինս  պահանջել էր նայել ու համոզվել, որ ամեն բան իր տեղում է:



Համարը ստուգեցին, իրոք, շշերը փակ էին ու իրենց տեղում: Կարմիր մազերովը գնել էր ու տեղը դրել շշերը. դրսում էժան է, հյուրանոցում նույնի համար կրկնակի պիտի վճարեր: «Ok, I see»,- հազիվ արտաբերեց Նորան ու շփոթմունքից կարմրած, առանց «սխալի» համար ներողություն խնդրելու, վերադարձավ ընդունարան: Հաշիվը փակեցին` հանելով  խմիչքի գումարը: Անգլիացին գնաց:



Էլեկտրական սպիտակ լույսից աչքեր ցավում էին.կարգին ուտել էլ հնարավոր չէր. հարթակի ետևից  հեռանալ չես կարող.ամեն րոպե զանգում  են, մեկը ժամանում է, մյուսը` մեկնում: Իննից  ինը:



Նոր էր ընդունվել  աշխատանքի. փոքրաթիվ անձնակազմը դիմավորել  էր ուրախ, հետաքրքրասիրությամբ ու հաճույքով: Խոհարարուհին ու հավաքարարը նստած էին  խոհանոցում. մտավ, որ բարևի ու ծանոթանա: Խոհարարուհին արմունկների ցցված  ոսկորները հենել էր սեղանի եզրին, ու շուտով չաղլիկ, սպիտակ թևերը պիտի ընկնեին սեղանից` այդ փոքրիկ ոսկորները  երկար չէին կարող պահել հաստ թևերի  ամբողջ բեռը. Նորան նայում-նայում էր, բայց ոսկորները դիմանում էին, ու տեղի չտվեցին:



«Լավ, երևի վաղը»,- մտածեց Նորան: Խոհարարուհու կուրծքը կախվել էր մինչև գոտկատեղը, իսկ հավաքարարի մազերը խառը հավաքված էին գլխավերևում: «Կոկոսի ծառ է», -մտածեց Նորան  ու քաղաքավարությամբ բարևեց նորաթուխ գործընկերներին:



Հյուրանոցի սենյակները մաքուր էին, ճաշերը` համեղ. հիմնական տաղանդներին  չէին զիջում երկրորդականները` հավաքարարն ու խոհարարուհին  սրտաբաց էին  ու ասող-խոսող:



Թերթ էր կարդում  ազատ ժամերին: Բարձր սեղանիկի ետևում հնարվորինս թաքնվում էր ու պարզում, որ Ավստրալիայում փախստականները պետության  դեմ դատ են շահել, ու խեղճերին էլ Մալազիա չեն ուղարկելու: Կառավարությունը  փնթփնթացել է, թե իրենք ուզում էին  թրաֆիքինգն արմատախիլ անել, դատարանն ամեն ինչ հարամեց, ու այս որոշումից  ոգևորված նոր նավեր են հոսելու  դեպի Ավստրալիայի ափը: մուսուլմաններ  ու էլի մուսուլմաններ: Ու էլի:



ՄԱԿ-ը  Ավստրալիայի դատարանին քաջալերեց, թե` իսկական մարդու իրավունքները հաղթանակել են: Սոմալիում դեռ սոված են, Ռուսաստանն էլի նավթ է ուզում ճարել իր տարածքում, Հայաստանում «Հայլուրն» ու մյուս  լրատվականները փորձում են մարդկանց ուղեղները լվանալ ուտոպիստական պատկերներով, բայց իզուր, որովհետև արդեն ոչ մեկն էլ «Հայլուր» չի դիտում:



Նորան հենց նոր նկատեց հարթակի լաքի թերությունը.տաք բաժակի հետք էր մնացել: Պայուսակից հանեց ու լաքայի վրա փռեց արդուկված սպիտակ անձեռոցիկը: Ուզում էր սուրճ խնդրել նոր ձեռք բերած բարեկամներից, երբ  ներս մտան լյուքսեմբուրգցի հյուրերը:



Աստղիկ Սարգսյան