Երեխան ծնվել է կենդանի, բայց չի ճչացել

Երեխան ծնվել է կենդանի, բայց չի ճչացել
Մամուլի հրապարակումների հիման վրա ոստիկանության Վայքի քննչական բաժնում նյութեր էին նախապատրաստվել «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ, մանկաբարձ-գինեկոլոգ Մետաքսյա Հովհաննիսյանի կողմից   մարզի Գնդեվազ գյուղի բնակչուհի Արմինե Թորոսյանի ծննդաբերության ընթացքում իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու փաստով: Ըստ  ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրության,  երեկ ՀՀ քրօր. 130՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը հոդվածի հատկանիշներով  հարուցվել է քրեական գործ: Ա. Թորոսյանն այս տարվա փետրվարի 2-ին, որպես հղի, հաշվառվել է «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում:



Հղիությունն ընթացել է նորմալ, եւ պտղի մոտ խնդիրներ չեն հայտնաբերվել: Նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով,  հերթական կոնսուլտացիաներից մեկի  ժամանակ Թորոսյանը  ենթարկվել է սոնոգրաֆիկ հետազոտության: Պարզվել է, որ արձանագրված հղիության ժամկետը չի համապատասխանում հղիության օբյեկտիվ տվյալներին: «Հղին ուղեգրվել է դոպլեր քննության` «Արմենիա» ԲԿ: Մի քանի օր անց Ա. Թորոսյանն իր կոնսուլտացիոն բժշկին հեռախոսով տեղյակ է պահել, որ դոպլեր հետազոտությամբ իր մոտ խնդիրներ չեն հայտնաբերվել, եւ այլեւս չի ներկայացել կոնսուլտացիաների»,-ասվում է հաղորդագրության մեջ: Օգոստոսի 11-ին եւ 14-ին Թորոսյանը դիմել է Վայքի հիվանդանոցի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք: Այդ երկու օրերին էլ տնային հերթապահությունն իրականացրել է բաժանմունքի վարիչը: Նա, օգոստոսի 11-ին զննելով ծննդկանին, պարզել է, որ ծննդաբերական ընթացք չկա, նշանակել է միջմկանային անալգին-դիմեդրոլ` ցավերը հանգստացնելու համար, եւ ուղարկել տուն: Երեք օր անց, լուսադեմին, Թորոսյանին տարել են ծննդատուն: Հերթապահ մանկաբարձուհին, զննելով նրան, բաժանմունքի վարիչին հեռախոսով հայտնել է, որ «արգանդի պարանոցի բացում չկա»: Վերջինս ցուցել է մաքրող հոգնա անել եւ ժամը  10:30-ին, գնալով հիվանդանոց, անձամբ կատարել է ներզննում:



Պարզվել է, որ  «արգանդի պարանոցի բացումը 2 սմ է, պտղապարկը` պահպանված, իսկ հեմոդինամիկ մյուս տվյալները` նորմալ»: «Պտղի սրտի աշխատանքը  1 րոպեում 147-148 զարկ էր, որը եւս նորմայի սահմաններում է եղել: Ծննդկանի հերթական զննումը կատարվել է 16:30-ին, զննման տվյալներով՝ ծննդաբերության ընթացքը եղել է նորմալ: Հղիի մոտ ճիգային շրջանը սկսվել է ժամը 20-ին, արգանդի պարանոցի բացվածքը եղել է լրիվ: Ժամը 21-ին նկատվել է ճիգային շրջանի թուլություն: Անմիջապես ձեռնարկվել է ստիմուլյացիա` ծննդաբերության խթանում, պտղի սրտի աշխատանքը եղել է նորմալ, ներարգանդային թթվածնային քաղց  չի ախտորոշվել: Ժամը 22:15-ի սահմաններում պտղի մոտ նկատվել է թթվածնային քաղց, իսկ գլուխը եղել է կոնքի ելքի ուղիղ չափսում, որի դեպքում ցուցված է եղել կատարել վակուում-էքստրակցիա»,-ասվում է հաղորդագրության մեջ:



Սակայն բուժմիավորումում չեն եղել համապատասխան  գործիքներ, ինչի պատճաոռվ էլ կատարվել է էպիզքոտոմիա` շեքի կտրվածք: Դրանից հետո Մետաքսյա Հովհաննիսյանը, պտղի պարանոցի հատվածից բռնելով, դուրս է բերել: Երեխան ծնվել է կենդանի, բայց չի ճչացել:  Երեխայի պարանոցին եղել է պորտալարի եռակի փաթաթում, եւ պորտալարի վրա եղել է մեկ իսկական հանգույց: Բաժանմունքի վարիչը նորածնի պարանոցն ազատել է պորտալարից եւ թուլացրել հանգույցը: Երեխայի սրտի աշխատանքը եղել է նորմալ, սակայն երեխան լիարժեք չի շնչել:



Այնուհետեւ բաժանմունքի վարիչի եւ մանկաբարձուհու կողմից կատարվել են նորածնի վերին շնչուղիների արտածծում, արհեստական շնչառություն եւ վերակենդանացման այլ միջոցառումներ, որոնք օգուտ չեն տվել: Երեխան չի ճչացել շուրջ 40 րոպե: «Այնուհետեւ  մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչի կողմից հրավիրվել են նույն բուժմիավորման բժիշկ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգը եւ մանկաբույժը: Վերջիններիս ներկայանալուց հետո մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչն օգնություն է ցույց տվել ծննդկանին»,-կարդում ենք դատախազության հաղորդագրությունում:



Երեխայի վիճակն այդպես էլ չի կայունացել, եւ  կանչ է տրվել «Մուրացան» համալսարանական հիվանդանոց: Երկու ժամ անց ժամանած շտապ օգնության անձնակազմը համապատասխան բուժօգնություն ցույց տալուց հետո երեխային տեղափոխել է  Երեւան քաղաքի «Մուրացան» համալսարանական հիվանդանոց, որտեղ եւ 2011թ. սեպտեմբերի 4-ին մահացել է: Նշանակված  է դատաբժշկական փորձաքննություն: