Անապահով երկիր

Անապահով երկիր
Ի՞նչն է դրդում ամսական 2 միլիոն դրամից ավելի մաքուր եկամուտ ունեցող, սեփական ֆիրմայի տեր, հաջողակ ու կայացած մարդուն հայրենիքը լքելու ծրագրեր մշակել: Ես փորձում եմ հասկանալ դիմացինիս ու խաչաձեւ հարցեր եմ տալիս նրան: Թվում է՝ զրուցակիցս որեւէ խնդիր չունի: Լավ շրջապատ ունի, հարգանք-պատիվ: Ցանկացած պահի կարող է մեկնել արտերկիր՝ հանգստանալու: Ցանկացած մակնիշի ավտոմեքենա կարող է գնել: Ապրում է բարեկեցիկ բնակարանում: Մի խոսքով, ուրիշ ի՞նչ է պետք՝ ապրիր ու վայելիր: Բայց չէ, դիմել է անձնագրային վարչություն` Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու խնդրով, եւ պատրաստվում է մեկնել Եվրոպա՝ մշտական բնակության: Ի՞նչն է պատճառը, հարցնում եմ ես ու շունչս պահած սպասում այս մեծ գաղտնիքի պարզաբանմանը: Պատասխանը որքան պարզ է, նույնքան էլ ցնցող. «Երեք փոքր երեխա ունեմ: Ես չեմ կարող նրանց ապահովագրել տարբեր օլիգարխների ու նրանց լակոտների ոտնձգություններից: Մի օր մեկին կծեծեն (ոնց որ «Օդնոկլասնիկի» բարում ծեծելով սպանեցին) կամ մեքենայի տակ գցեն ու անպատիժ կմնան՝ կամ բանտ կուղարկեն, կամ չեն թողնի առաջ գնալ, ու ես ինձ չեմ ների, որ ժամանակին նրանց ապահով ու քաղաքակիրթ երկիր չեմ տեղափոխել: Ես գիտեմ, որ այսքան բարեկեցություն նրանց համար կկարողանամ ապահովել ցանկացած երկրում, բայց անձի անվտանգություն ապահովել այս երկրում՝ չեմ կարող: Դա իմ ուժերից վեր է»: Այս փոքրիկ մենախոսության մեջ մեր երկրի պատկերն է նկարագրված, մեր հասարակության ողբերգությունը, մեր դժբախտությունների պատճառը: Ցանկացած դժվարության ու կարիքի մարդն ընդունակ է դիմանալ, բայց անարդարություններին ու դրանց դեմ իր անզորությանը արժանապատիվ մարդը չի ուզում դիմանալ: Եվ գաղթականի ցուպը ձեռքն առնելու գլխավոր պատճառը դա է: