Մարզպետարանները թափանցիկ դարձնելու փորձ

Մարզպետարանները թափանցիկ դարձնելու փորձ
Այսօր Հրազդանում` Կոտայքի մարզպետարանում, տեղի է ունեցել ՀՀ 10 մարզպետարանների արդիականացված կայքերի շնորհանդեսը:  Նոր կայքերը պատրաստվել են «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Տեղեկատվության մատչելիությունը որպես համայնքային մասնակցության միջոց» ծրագրի շրջանակում` ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ:



«Օգտագործելով ժամանակակից տեխնիկական լուծումները`  հնարավոր է դարձել տվյալ մարզի եւ համայնքների մասին բավականին մեծ ծավալի տեղեկատվություն հասանելի դարձնել հանրությանը: Մենք հուսով ենք, որ կայքերը գործուն կլինեն, կապահովեն հասարակության հետ հետադարձ կապը,  քաղաքացիներին հնարավորություն կընձեռեն ծանոթանալ ոչ միայն մարզպետարանների, այլեւ համայնքների ղեկավարների եւ ավագանու որոշումներին` այդպիսով նպաստելով նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության թափանցիկությանը»,- շնորհանդեսի ժամանակ նշել է ՀՀ Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:



Կոտայքի մարզպետ  Կավալենկո Շահգալդյանի խոսքով` արդիականացված կայքերը կնպաստեն մարզպետարանի գործունեության հրապարակայնությանը և հանրային իրազեկման աշխատանքների առավել թափանցիկ կազմակերպմանը:



«Հայաստանը ձգտում է բարելավել իր էլեկտրոնային կառավարման համակարգերը. պատիվ ունեինք այդ կարևոր հարցում օժանդակելու մարզպետարանների համար տեղեկատվության ազատության միջազգային չափանիշներին եւ մասնավորապես ՀՀ Տեղեկատվության ազատության մասին օրենքին համապատասխան միանման կայքերի մշակմանը», - ասել է ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի տնօրենի պաշտոնակատար Ստիվեն Բրագերը:



«Ինֆորմացիայի  ազատության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանը կարեւորում է այն փաստը, որ այս արդիականացված ռեսուրսները լայն հնարավորություն են ընձեռում մարզպետարաններին կատարել իրենց պարտավորությունը, որն է՝ սեփական նախաձեռնությամբ հանրության համար մատչելի դարձնել իրենց տնօրինման տակ գտնվող տեղեկությունները:



Կայքերում հրապարակված են պարտադիր հրապարակման  ենթակա բոլոր տեղեկությունները, որոնք հանրային կարևորություն ունեն։ Կայքում օգտագործողները կարող են ծանոթանալ տեղեկատվության ազատության օրենսդրությանը, ինչպես նաեւ առցանց հետևել իրենց հարցումներին, նամակ-դիմումներին: