Կայացած է, տապալված է, չեն վստահում…

Կայացած է, տապալված է, չեն վստահում…
«Իմ կարծիքը» քաղաքացիական նախաձեռնության անցկացրած ուսումնասիրության համաձայն, հայաստանցիների 45 տոկոսը գտնում է, որ Վրաստանն իր զարգացմամբ Հայաստանից անհամեմատ առաջ է անցել: 25 տոկոսը կարծում է, որ Վրաստանը մի փոքր է առաջ  անցել: Եվ միայն 5 տոկոսի կարծիքով է մեր երկիրն ավելի զարգացած: Վրացական պաշտոնական աղբյուրների համաձայն, 2011 թվականի օգոստոսի տվյալներով, մոտ 400 հազար ՀՀ քաղաքացի ժամանել է Վրաստան: Ճնշող մեծամասնությունն ամռան ամիսներին վրացական ծովափերում հանգստացողներն են:



Անկախության 20-ամյակին նվիրված ուսումնասիրության հարցերից մեկը հետեւյալն էր. «Ո՞ր ոլորտն է այսօր ամենակայացածը մեր երկրում»: Հարցվողների 35 տոկոսը պատասխանել է՝ սպորտի բնագավառը, հետո նոր միայն բանակը` 25 տոկոս, առողջապահություն` 10, մշակույթ` 7:  Վերջին տեղերից մեկում հայտնվել է տնտեսությունը` 5 տոկոս:



Վերջին տարիներին տարբեր մարզաձեւերում հայ մարզիկների աննախադեպ բարձր ցուցանիշները խրախուսել են երկրում մանկապատանեկան սպորտի զարգացումը, որում ներգրավված են տասնյակ հազարավոր երեխաներ եւ պատանիներ: Մեծ դեր ունի նաեւ մարզադպրոցների եւ մարզական ենթակառուցվածքների կառուցումն ու համալրումը վերջին տարիներին: Չնայած բանակում տեղ գտած աղմկահարույց սպանություններին ու խոշտանգումներին, մեր քաղաքացիների զգալի մասն այն համարում է կայացած ուժեղ կառույց, ինչի վկայությունն են բարձր տոկոսները:



Երկրի տնտեսությանը տրված խայտառակ ցածր ցուցանիշներն իրենց հերթին վկայում են էական բացթողումների մասին, որոնք առկա են թե բարեփոխումների, թե ընթացիկ կառավարման  մեջ: Ուսումնասիրության մյուս բաժինը նվիրված էր լրատվական դաշտին եւ լրատվության խնդիրներին:



«Լրատվության աղբյուրներից ո՞րն է ձեզ համար ամենավստահելին» հարցը տալիս է հետեւյալ պատկերը. որքան էլ տխուր լինի, այնուհանդերձ անկախության 20 տարում հայաստանցիների 25 տոկոսն ամենավստահելի լրատվության աղբյուր համարում է ռուսական հեռուստաալիքները, այնուհետեւ` լրատվական կայքերը՝ 18 տոկոս, միջազգային լրատվական թողարկումները` «Եվրոնյուզ», CNN…՝ 15 տոկոս, համացանց` սոցցանցեր, բլոգներ` 10 տոկոս, հայկական թերթեր` 8 տոկոս, եւ հայկական հեռուստաալիքներ` 5 տոկոս: Վստահելիությանը զուգահեռ դրվել է նաեւ լրատվության բազմակողմանիության խնդիրը, որի արդյունքում  լրատվությունն իր բազմակողմանիությամբ բավարարում է միայն 10 տոկոսին, իսկ բացարձակ չի բավարարում 38 տոկոսին: