SOS. Աֆրիկյանների տունը

SOS. Աֆրիկյանների տունը
Պատմամշակութային հուշարձանների ցանկում ընդգրկված Երեւանի հին սեւ շենքերը հերթով քանդում են եւ քարերն անհայտ ուղղությամբ տանում, պատճառաբանում են, թե իբր մի օր այդ շենքերը հավաքել-մեկտեղելու են Բուզանդ փողոցում՝ այդպես վերականգնելով հին Երեւանի պատկերը: Իսկ հիմա՝ քանդվողների սեւ ցուցակում հերթը եկել- հասել է Տերյան 11 հասցեում գտնվող Աֆրիկյանների տանը, որը կառուցվել է 19-րդ դարավերջին եւ պատկանել Առաքել Աֆրիկյանին: 20-րդ դարասկզբին, մինչեւ բոլշեւիկյան հեղափոխությունը, շենքն օգտագործվել է որպես քաղաքային ակումբ, որտեղ այցելել են ժամանակի հայտնի մարդիկ՝ քաղաքական գործիչներ, գործարարներ, արվեստագետներ, արտասահմանցի հյուրեր:



2004թ. քաղաքապետարանը հուշարձանը համարել է պետական գերակա շահ եւ տարածքը վաճառել մասնավոր ընկերության: Իսկ տարածքի սեփականատերը, որին խանգարում էր հուշարձանի գոյությունը, ձեռնարկում է այն քանդելու գործընթացը, ինչը մեր երկրում քաղաքակիրթ տարբերակով ընդունված է ասել ապամոնտաժում: Հուշարձանի նկատմամբ անփույթ վերաբերմունքը մտահոգ մարդկանց մոտ բողոքի ալիք բարձրացրեց, ինչի հետեւանքով էլ դադարեցվեց քանդման, նուրբ ասած՝ ապամոնտաժման գործընթացը:



«Շենքի ճակատագիրն առայժմ անհայտ է, մեր բողոքի ակցիաների հետեւանքով առայժմ քանդելը դադարեցրել են: Տարածքի կառուցապատողը շենքը քանդելու թույլտվություն չի ունեցել, եւ մեր ահազանգից հետո մշակույթի նախարարությունը դիմել է քաղաքապետարան, որից հետո գործընթացը դադարեցվել է: Վերջին ութ տարվա ընթացքում ապամոնտաժման անվան տակ պատմաճարտարապետական հուշարձանները քանդվում եւ ոչնչացվում են: Հենց այդ փաստն էլ աչքի առաջ ունենալով, չպետք է թույլ տանք, որ Աֆրիկյանների տունն ապամոնտաժեն»,- ասում են «SOS. պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնության անդամ Հայկ Բիանջյանը եւ Արմեն Աֆրիկյանը: Արմենը նաեւ Առաքել Աֆրիկյանի ժառանգն է:



«Կառավարության որոշմամբ գերակա շահ ճանաչված շենքը՝ ենթադրվում է, որ ապամոնտաժվելու եւ «Հին Երեւան» ծրագրի շրջանակում վերականգնվելու է Գլխավոր պողոտայի այդ նպատակով նախատեսված հատվածում, իսկ թե ինչ ժամկետում, ստույգ որեւէ բան չեմ կարող ասել: Տեղափոխման աշխատանքների դադարեցումը հավանաբար տեխնիկական պատճառներով է պայմանավորված, որպեսզի մշակույթի նախարարությունը համապատասխան մասնագետներ ապահովի՝ գործընթացը լիարժեք իրականացնելու համար»,- պարզաբանում է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը:



Իսկ ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը հուշարձանը տեղափոխելու առիթով իր մասնագիտական հիմնավորումն ունի. «Հուշարձանի տեղափոխումը հակապատմական ու հակաօրինական է եւ հակասում է միջազգային կոնվենցիաներին: Այսօր Հայաստանում չենք կարող մատնացույց անել գոնե մեկ բնակելի շենք, որ գրագետ կերպով վերակառուցվել է տեղում, էլ չեմ ասում տեղափոխելու մասին: Առաջին, տեղափոխման ցուցակի մեջ գտնվող որեւէ շենք չի վերականգնվել, պարզապես քանդվել են այդ անվան տակ, եւ երկրորդ, եթե շենքից մի բան պակասում է, արդեն կորցնում է իր ճարտարապետական արժեքը: Ճիշտ լուծումն այն է, որ շենքն իր տեղում պահպանվի»:



Նախաձեռնող խմբի նպատակն է տեղում պահպանել շենքը եւ թույլ չտալ, որ ապամոնտաժվի: Արդեն մեծ արձագանք կա արտասահմանյան մի շարք կառույցների կողմից, հատկապես սփյուռքահայության մեջ՝ շնորհիվ «Յութուբ» կայքով տարածած փոքրիկ ֆիլմի, որը պատկերում է այդ շենքերի քանդման աշխատանքները, երբեմն էլ էքսկավատորների միջամտությամբ: Հուշարձան շենքերից մնացել է 14-ը, փորձելու են ամեն կերպ դրանք պահպանել իրենց տեղերում:



«1922-23թթ. ապօրինի կերպով ազգայնացվել է 52 շենք, որոնցից 4-ը պատկանել է Աֆրիկյաններին, եւ տերերը չեն ստացել որեւէ փոխհատուցում, միայն թույլ են տվել, որ իրենց տան մի սենյակում ապրեն: Իսկ Առաքել Աֆրիկյանին, որի ժառանգն եմ հանդիսանում ես, Պուշկին 38 հասցեի իր տան մի սենյակից էլ են հետագայում զրկել: Եվ ես հենց այդ շենքի առիթով էլ սկսել եմ դատական գործընթաց, որը շարունակվում է արդեն 5 տարի, փորձում եմ ետ ստանալ իմ ժառանգությունը: Բայց մենք չունենք օրենք, որը թույլ կտա բռնագրաված ժառանգությունը վերադարձնել: Անցել եմ դատական բոլոր ատյաններով, եւ իմ հայցը որեւէ կերպ չի բավարարվել»,- ասում է Արմեն Աֆրիկյանը:



Նախաձեռնող խումբը հոկտեմբերի սկզբին պատրաստվում է ստորագրահավաք կազմակերպել, որպեսզի պահպանվեն Տերյան 11 եւ Պուշկին 38 հասցեներում գտնվող Աֆրիկյանների շենքերը: Նաեւ առաջարկում են, որ Տերյան 11 շենքը վերածվի Աֆրիկյանների թանգարանի, այդպիսով կվերականգնվի Երեւանի պատմության ու հիշողության մի ժամանակահատվածը:



Ֆելիքս Եղիազարյան