Սե լա վի

Սե լա վի
Չգիտեմ երեկվա իրադարձություններից որն էր ավելի կարեւոր՝ Սարկոզիի այցը Հայաստան, Ազատության հրապարակում նստացույց-հանրահավաքի շարունակվելը, երկու մտավորականների՝ Վանուշ Խանամիրյանի ու Կարպիս Սուրենյանի մահը, թե՞ Անժելա Սարգսյանի երկար սպասված հարցազրույցը հեռուստատեսությամբ: Եթե դատենք այդ իրադարձությունների մասին պատմող ռեպորտաժներն ինտերնետում ընթերցելու-դիտելու հաճախականությունից, Անժելա Սարգսյանն անշուշտ մի քանի անգամ «կրում է» մյուս բոլորին եւ անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին: Բայց դա նորմալ է՝ մարդ էակը միշտ էլ սիրել է բանալու անցքից նայել: Ուրիշի անձնական կյանքն ավելի հետաքրքիր է, քան պաշտոնական հաղորդագրությունները՝ անգամ եթե դրանք պատմում են Եվրոպայի հզոր երկրի ղեկավարի՝ Հայաստան կատարած այցի ու Ծիծեռնակաբերդում հնչեցրած ելույթի մասին: Քան ընդդիմության հաղթանակն ու Ազատության հրապարակում հնչած ելույթները, անգամ եթե դրանցով են պայմանավորված երկրի ապագան ու իշխանափոխության հավանականությունը: Էլ չենք խոսում մի «շարքային» պարուսույցի եւ թարգմանչի մահվան փաստի մասին, որին հավանաբար շատերն անհաղորդ մնացին: Հասարակության համար շատ ավելի գրավիչ ու հետաքրքրող իրադարձություն է սպասվում մեզ այսօր՝ ֆուտբոլային խաղը Մակեդոնիայի հետ: Ազգիս սպորտասեր ու անգամ սպորտատյաց հատվածները գրեթե միանման հետաքրքրությամբ ու ազարտով սպասում են այս իրադարձությանը: «Արարատ-73»-ի նոստալգիան ոչ մեկին հանգիստ չի տալիս: Հաղթանակն օդ ու ջրի նման անհրաժեշտ է մեզ: Երեկոյան կամ Երեւանը ցնծության մեջ կլինի, կամ՝ սգի: Եվ այս իրադարձությունն էլ ներքաղաքական ու արտաքին քաղաքական խնդիրներից վեր է: Եվ սա էլ է բնական: Այնպես որ պետք չէ մարդկանց մեղադրել: