Ֆոտոտեսիլքներ

Ֆոտոտեսիլքներ


Այսօր ՄԱԿ-ի գրասենյակում բացվեց ՄԱԿ-ի օրվան նվիրված Զավեն Խաչիկյանի լուսանկարների եւ բացիկների ցուցահանդեսը` «Միավորված գույներ» խորագրով: ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն ասաց, որ ցուցահանդեսի կազմակերպումը նպատակ ունի կանգնել աղքատների եւ ամենախոցելի մարդկանց կողքին` հանուն համաշխարհային խաղաղության:

20 տարվա պատմություն ունեցող այս բացիկները ներկայացնում են մեր երկրի  անցյալն ու ներկան` միմյանց կողքին կանգնած: Զավեն Խաչիկյանի խոսքերով՝ իր բացիկներում ներկա են մարդիկ` իրենց նուրբ եւ բարի հումորով, իրենց անկեղծությամբ: «Փորձել եմ վերականգնել մեր անցյալի մասին  հիշողությունները: Կան բացիկներ, որոնցում պատկերված են այնպիսի իրեր, ինչպիսիք են ջրով լի շշերը, լվացքի պարանները: Դրանք են մեր անցյալից  եկած յուրահատուկ հիշողությունները, որոնց այժմ չես հանդիպի»,- ասաց լուսանկարիչ Զավեն Խաչիկյանը: 



Նա տեղեկացրեց նաեւ, որ աշխատել է նկարիչ-դիզայներ Հասմիկ Մովսեսյանի հետ, եւ նրանք հանդիսանում են «Ֆոտոգրուպ» ստուդիայի հիմնադիրները: «Մենք արդեն 15-16 տարի է, ինչ միասին ենք կազմում բացիկները: Մեծ սիրով եմ համագործակցում Զավենի հետ: Նա իսկապես մեծ  ստեղծագործող է»,- ասաց Հասմիկ Մովսեսյանը: 



Ներկաներից ոմանք նկարները բնութագրեցին  որպես ֆոտոտեսիլքներ, որոնք յուրահատուկ  են ու իրենց մեջ պարունակում  են հսկայական մի աշխարհ:



Ռուբինա Սաֆարյան