Մտավորականների վախի սինդրոմը

Մտավորականների վախի սինդրոմը
Մեկ տարի է՝ արդեն աշխատում եմ «Հրապարակում», մեկ տարի է, ինչ լուսաբանում եմ մշակութային կյանքը եւ այս մեկ տարվա մեջ դժվարանում եմ գեթ մեկ մտավորականի անուն տալ, որն իր մեջ կրում է մտավորականի բարձր տեսակը:



Համաձայնեք, որ դժվար է հարգել բազմաթիվ կոչումների տեր, ՀՀ վաստակավոր այն երաժիշտին, որը վախենում է Սիրուշոյի երգի մասին կարծիք հայտնել: Նա քո տված հարցից շփոթվում է, կմկմում ու փորձում արդարանալ իր «կարծիք չունենալու մեջ»: Ապա մի քանի անգամ հետ է զանգահարում խմբագրություն եւ քեզ հայրաբար խնդրում իրեն փաստի առաջ չկանգնեցնել, «չէ՞ որ բոլորի համար պարզ է, թե խոսքն ում մասին է»: Օր ծերության մարդուն վախի մեջ չպահելու համար ես թեման համարում եմ փակված:



Դժվար է հարգել այն երիտասարդ նկարչին, որը բողոքում է իր միության նախագահի կամայականություններից, նրան մեղադրում կաշառակերության ու իր հանդեպ կամայական մոտեցումների մեջ, հետո խնդրում է ինչ-որ կերպ անդրադառնալ իր խնդրին: Բայց նյութը պատրաստ լինելուն պես հորդորում է, որ հանկարծ այն չտպենք, որովհետեւ վախենում է, որ միության նախագահն իրեն մի վատություն կանի: Երբ նրան հարցնում եմ, թե ինչի՞ց է վախենում, հեռախոսի միջից ամբողջ ուժով բղավում է. «Հա, ես վախենում եմ, ես քաքլան նկարիչ եմ, է՞դ ես ուզում...»: Բայց սա վերջը չէ, հանկարծ պարզվում է, որ նա այդ ամենը քեզ պատմել էր «որպես քրոջ»: Մարդը, փաստորեն, կիսվելու ցանկություն է ունեցել եւ դրա համար՝ ոչ ավել ոչ պակաս, ընտրել է խմբագրությունն ու լրագրողին էլ հոգեբանի տեղ դրել:



Վախի դրսեւորման մեկ այլ իրավիճակ. կոմպոզիտոր մարդը բողոքում է իր բուհի ռեկտորից, նրա վարած քաղաքականությունից, խղճուկ աշխատավարձից, ավերակ լսարաններից, այն ստորացման աստիճանից, որ ստիպված են լինում հաղթահարել ամեն անգամ բուհի զուգարանից օգտվելիս, բայց զրույցի վերջում քեզ խնդրում է դա գրել ոչ թե իր անունից, այլ քո, իր պահվածքը պատճառաբանելով նրանով, որ ինքը դեռ սպասելիքներ ունի նրանից եւ չի կարող հանդես գալ սեփական անունից: Հետաքրքիր է, տեսնես մարդու անունն ինչի՞ համար է՝ ուրիշի ձեռքերով իր կեղտոտ սպիտակեղենը լվանալու ու անմեղսունակ դեմք ընդունելո՞ւ:



«Ա.» հեռուստաընկերությունում աշխատող դերասանուհին բողոքում է, որ հեռուստաընկերությունն իրենց կարծիքի հետ ոչ միայն հաշվի չի նստում, այլեւ իրենց հետ վարվում է որպես իր ճորտերի, եւ «վերեւից» են որոշում ով որտեղ լինի, ով ինչ խոսի: «Իրան թվում է՝ եթե քեզ փող է տալիս, ուրեմն դու իրանն ես, քեզ առավ, էլի...»,- ասում է դերասանուհին ինձ: Բայց հարցազրույցից հետո հանկարծ մտաբերում է, որ եթե այդ տողերը կարդա հեռուստաընկերության տնօրինությունը, ինքը հացից կզրկվի եւ, մատնանշելով ապրուստի իր միակ միջոցը, խնդրում է իր «հացին վայիս չլինել»: Այստեղ արդարացիորեն պետք է նշել, որ «Ա.» հեռուստաընկերությունն այնքան էլ չի սխալվում, երբ մտածում է, որ՝ «եթե քեզ փող է տալիս, ուրեմն դու իրանն ես, քեզ առավ էլի՜....»:



Մի պատմություն եւս. դերասանը, որի հետ հարցազրույց եմ անում, ողջ զրույցի ընթացքում իր մասին խոսում է երրորդ դեմքով, անընդհատ իրեն կոչելով «ժողովրդի սիրած դերասանը», «հսկա մի լեգենդ»: Դերասան, որը, որպես այդպիսին, հայտնի դարձավ ժողովրդին կրիմինալ մի սերիալում կրիմինալ մի դեր խաղալով: Նա իր ինքնագովեստով այնքան է տարվում, որ իր դերը դնում է ոչ միայն հայ թատրոնի պատմության ամենաբարձր տեղում, այլեւ իր «աստվածատուր տաղանդի առաջ» զրոյացնում է հայ թատրոնի դեմքերից մի քանիսին: Բայց, այդուհանդերձ, պարբերաբար դժգոհում եւ իր զարմանքն է հայտնում, թե նմանօրինակ մեծ ժողովրդական սիրո պարագայում ինչպե՞ս կարելի է իր նման դերասանին մինչ օրս ոչ տուն, ոչ կոչում, ոչ էլ պաշտոն տալ: Իսկական թատրոնը` տրագիկոմիկ ժանրում, տեղի է ունենում հաջորդ օրը, երբ նրա անվերջ զանգերին ու խնդրանքներին տեղի տալով, թողնում եմ, որ նա հարցազրույցը կարդա:



Ահա այստեղ նա խելագարի նման պոռթկում է ու ասում, որ իր այդ մտքերի համար անգամ իր տատն իրեն մի հատ կճլոթեր, էլ չասած, որ թատրոնից էլ իրեն կհանեն, ու շատ էլ ինքը «ամբախ-զամբախ» խոսել է, ինչի՞ եմ գրել, թե՞ այդպես ուզում եմ իրեն կագեբեի դուռը տանել, այն էլ այս պայմաններում, երբ երկրում լարված վիճակ է, ու կարող է անգամ քաղաքացիական պատերազմ սկսվել: Ապա սկսում է բացատրել իր ծանր դրությունը, որ չի կարող ոչ մեկի հասցեին թթու խոսք ասել, որովհետեւ նրանց բոլորի հետ նստում-հաց է կիսում, եւ իր խոսքերն այդ մարդկանց կողմից կընկալվեն ոչ այլ կերպ, քան «աբիժնիկություն», մուրացկանություն: Երբ նրան հիշեցնում եմ ձայնագրության մասին, եւ որ ոչ ոք իր կամքին հակառակ չէր ստիպում նման թեմաներ արծարծել, նա հիմա էլ սկսում է ինքն իրեն մեղադրել ու զարմանահրաշ բացատրություններ գտնել, թե իմ ձայնով կախարդել եմ իրեն, ու 2 ոտքով եկել, թակարդն է ընկել, ապա եզրակացնում է, որ ես սատանա եմ ու, ոչ ավել-ոչ պակաս՝ իր մահն եմ ուզում եւ ուզում եմ «ոչնչացնել իր 30 տարվա հեղինակությունը»:



Բայց սա էլ վերջը չէ, հանկարծ այդ պահին նա հիշում է իր գիշերվա երազը, որ ծորակը բացում է, ու ջուրը կտրվում է, եւ մեկ էլ այն, որ կինն արգելել էր իրեն հարցազրույցներ տալ...:  Դերասանը, որն այդպես էլ դուրս չեկավ իր կրիմինալ հերոսի ամպլուայից, պարզվում է՝ հարցազրույցի ընթացքում էլ կինոյի միջի լավ տղու դերն էր խաղում:



Իսկ երբ մարդն ուզում է ավելի խելացի երեւալ, քան կա իրականում, հայտնվում է ավելի հիմար վիճակում, քան մինչ այդ էր: Խոսել բարոյականությունից՝ դեռ չի նշանակում լինել բարոյական, ինչպես որ արվեստից խոսելով, արվեստագետ չես դառնա:



Չի կարող լինել մտավորական, որը պատերի տակ է իր կարծիքն արտահայտում, վախեցած աջ ու ձախ նայելով, իսկ ավելիին ընդունակ չէ, որովհետեւ տղայի բանակի հարցն են լուծել, աղջկա` կրթության, կնոջ` առողջական, ինքն էլ հավերժ պարտավոր է նրանց հացի սեղանները թամադայություն անել: Ահա այդ ժամանակ է, որ հասարակությունը մտավորականի եւ «մտավոռականի» միջեւ հավասարության նշան է դնում, որովհետեւ թատրոնում թե կյանքում, առանց տիկնիկավարի կամքի, մարիոնետներն ի վիճակի չեն ոչ մի քայլ անելու: