Լույս տեսավ «Գրանիշի» երկրորդ համարը

Լույս տեսավ «Գրանիշի» երկրորդ համարը
«Գրանիշ» գրական հիմնադրամի, ակումբի եւ «Անտարես» հրատարակչության գործակցությամբ լույս տեսավ «Գրանիշ» գրական ամսագրի երկրորդ համարը:  Ինչպես առաջին համարում, նոր համարում եւս ընդգրկվել են հայ ժամանակակից գրողների` Մհեր Արշակյանի, Սարգիս Հովսեփյանի, Հասմիկ Սիմոնյանի, Վրեժ Իսրայելյանի, Վարդան Հակոբյանի, Հուսիկ Արայի եւ այլ հեղինակների ստեղծագործություններ, քննադատական հոդվածներ, վերլուծություններ:Ընթերցողները կարող են կարդալ արձակագիր, թարգմանիչ Վարդան Ֆերեշեթյանի «Ջրանկար կույր անձրեւի կաթիլներով» էսսեն, 20-րդ դարի երկրորդ կեսի ամերիկյան արձակի ամենաինքնատիպ, հակասական եւ տաղանդավոր գրողներից մեկի՝ Ռիչարդ Բրոթիգանի կյանքի եւ ստեղծագործությունների մասին, բանաստեղծ Աշոտ Գաբրիելյանի՝ ճապոնացի Մացուո Բասյոյի պոեզիային նվիրված էսսեն: «Գրանիշ» գրական ամսագրում թարգմանությամբ տեղ են գտել նաեւ համաշխարհային գրականության լավագույն ներկայացուցիչների ստեղծագործություններ, որոնցից  է` սերբ մեծանուն արձակագիր Դանիլո Կիշի «Խորհուրդներ երիտասարդ գրողին» հրաշալի գործը:



Ընդհանրապես Դանիլո Կիշն այն մեծ սերբ գրողների շարքին է դասվում, որի ստեղծագործությունները մի փոքր անարդարացի, բայց եւ հասկանալի պատճառներով  դեռ չեն թարգմանվել ռուսերեն լեզով, բայց  թարգմանվել են արեւմտյան երկրների համարյա բոլոր լեզուներով եւ մեծ արձագանքներ գտել ընթերցողների եւ մասնագետների կողմից: Կիշի գրականությանը դեռ իր կյանքի օրոք բարձր գնահատանքի արժանացրին Սյուզըն Զոնթագը եւ Իոսիֆ Բրոդսկին: Նրա ամենահայտնի՝ «Գերեզման Բորիս Դովիդովիչի համար» վեպը վերահրատարակվում է Բրոդսկու առաջաբանով:



Դրամատուրգիայի աշխարհում իր ուրույն եւ ծանրակշիռ խոսքն ունեցող Արթուր Միլլերի «Բուլդոգ» պատմվածքը, որ այս ժանրում համարվում է լավագույններից մեկը, ընդգրկվել է հարավաֆրիկացի արձակագիր, Նոբելյան մրցանակի դափնեկիր Նադին Գորդիմերի կազմած հայտնի անթալոգիայում, ինչպես նաեւ առաջին անգամ հայերեն լեզվով ընթերցողները հնարավորություն կունենան ծանոթանալու աշխարհի ամենահռչակավոր շիկահեր, լեգենդար Մերիլին Մոնրոյի բանաստեղծություններին:



Այսպիսով, «Գրանիշ» գրական հիմնադրամի, ակումբի համագործակցությունն «Անտարես» հրատարակչության հետ շարունակվում է, որի արդյունքում շահում է միմիայն գրականությունը:



Շուտով «Գրանիշ» գրական ամսագրի հերթական համարը կարող եք ձեռք բերել Երեւանի փոքրաթիվ գրախանութներից: