Հարցերը՝ մյուս դասին, էսօր խմում ենք

Հարցերը՝ մյուս դասին, էսօր խմում ենք
Երեկ` դեկտեմբերի 20-ը, Համերաշխության միջազգային օրն էր: 2006 թվականին է Միացյալ ազգերի կազմակերպությունն ընդունել այս տոնը: Հայաստանում 2007 թվականին ստեղծված «Համերաշխություն» շարժումն այս տարի երկրորդ անգամ էր մրցանակ նախատեսել տարվա ամենահամերաշխ մարդու համար: Առաջին անգամ` 2009 թվականին, Համերաշխության մրցանակով պարգեւատրվել է երգահան Արա Գեւորգյանը, 2010-ին «համերաշխ» մարդ չի գտնվել, իսկ ահա այս տարի, որը, ինչպես հայտնի է՝ նախընտրական տարի է, Համերաշխության մրցանակը հանձնվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Նիկոլաեւիչ Ծառուկյանին: Միջոցառմանը ներկա էին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, պատգամավորներ, բնականաբար, հիմնականում՝ ԲՀԿ-ականներ:



Նախ ելույթ ունեցավ «Համերաշխություն» շարժման ղեկավար Սարգիս Ավետիսյանը, որին  մեզանում քչերն են ճանաչում, քանի որ նա սովորաբար ակտիվանում է ընտրություններից մի վեց ամիս առաջ եւ անմիջապես հետո անհետանում: Նա ասաց, որ իրենք երկար դիտարկումներ են արել եւ նկատել են, որ Հայաստանի ամենահամերաշխ քաղաքական գործիչը Գագիկ  Ծառուկյանն է: Երբ հերթը հասավ Գագիկ Ծառուկյանի ելույթին, սկսվեցին ծափերն ու հրճվանքը: Իր խոսքում Նիկոլաեւիչն ասաց, որ իրենք միշտ ձգտում են համերաշխ լինել բոլորի հետ. «Դա կապ չունի՝ կուսակցական գործունեություն կլինի, թե քաղաքական, պետք է համերաշխ լինենք միմյանց նկատմամբ»:



Ապա ԲՀԿ ղեկավարն ասաց. «Այսքան ժամանակ ոչ մեկը տեսած չի լինի, որ մենք որեւիցե մեկի հանդեպ ցեխ շպրտենք կամ վիրավորենք, պատրաստ ենք, եթե որեւէ մեկը փորձի մեր հանդեպ նման  բան անել, մենք պատասխանելու ենք: Մենք պետք է լինենք հանդուրժող, համերաշխ՝ համաձայնվելով, հարգելով մեկը մյուսին,  ու փոխադարձ պետք է լինի ամեն ինչ»: Վերջին միտքը հուշում էր, որ տարվա ամենահամերաշխ մարդն այնքան էլ համերաշխ չէ: Ավելի շուտ՝ համերաշխ է, բայց միայն նրանց հետ, ովքեր իրենք են համերաշխ իր հետ, իսկ նրանք, ովքեր անհամերաշխ են, անհամերաշխություն էլ պետք է ակնկալեն ԲՀԿ-ից ու նրա առաջնորդից: Այսպես ասած՝ ակն ընդ ական: Երբ արդեն ելույթները վերջացել էին, եւ գինի էին ըմպում, մոտեցա պարոն Ծառուկյանին, փորձելով մի քանի հարցեր տալ նրան:



- Պարոն Ծառուկյան, մի քանի հարց կարո՞ղ եմ տալ:



- Հարցերը՝ մյուս դասին: Կխմե՞ս մի բաժակ հետս:



- Չեմ կարողանում խմել:



- Չէ, հարցերը՝ մյուս անգամ, բայց ասում եմ՝ բոլոր մարդիկ պետք է մի բաժակ խմեն գոնե՝ անկեղծանալու համար, չխմող մարդիկ վտանգավոր մարդիկ են: Չնեղվես՝ ինչ որ ասում եմ:



Հարություն Մկրտչյան