Առանց գրախանութի

Առանց գրախանութի
Երեւանը, որպես գրքի համաշխարհային մայրաքաղաք, չի ունենալու նոր գրախանութ, եւ իմ երազանքը չի իրականանալու, ընդհակառակը՝ մի տեսակ հավաստի տագնապ ունեմ, որ մենք դեռ տեսնելու ենք մնացյալ գրքի տների անկումը, որովհետեւ նոր գրախանութ ունենալու համար քաղաքում պիտի ապրեն մարդիկ, ովքեր, բացի ապրելուց ու ապրածը գիտակցելուց, չեն կորցնում հետաքրքրությունն ու պատրանքը ապրածի ու դրա գիտակցման հանդեպ:



Ծիծաղելի է մի տեսակ` եթե գրախանութները փակվում են, ուրեմն մեղավոր են հազարամյակները, գրատպության աստվածը, Ալեքսանդրիայի այրվող գրադարանի լույսը, տատս, սովետը, նոր ժամանակները, համացանցը, բայց մենակ ոչ մարդիկ, ոչ էլ պետություն ասվածը, որ ջանք ու եռանդ չի խնայում կողպեքներ արտադրելու հարցում:



Իմ երազանքը չի իրականանալու` Երեւանում գրքի տուն ոչ ոք չի բացելու, եւ այս երազանքը սովորական մի էգոիստի երազանք է, ով ոչինչ չի արել ու չի կարողանում անել իր երազանքը շոշափելի դարձնելու համար: Ինչ է մնում անել էս դեպքում, երբ գիրքը զրկվում է վաճառվելու իրավունքից, երբ շահն ու գրգիռը միմյանցից հազար կիլոմետր հեռանում են ու չեն ուզում նույնիսկ բարեւել իրար, եւ այս պարագայում էլ ոչ մի ցանկություն չկա մեղադրելու, որովհետեւ, եթե մեղադրում ես, ուրեմն ունես մեղքի քո չափաբաժինը:



Գրախանութների համառ բացակայությունը տալիս է այլընտրանքի հնարավորություն, եւ գուցե պետք է փակել այս թեման ու մտածել նոր ձեւաչափով ու նոր տարածքներում գրախանութներ ստեղծելու մասին՝ թեկուզ համացանցում, ինքներս մեր մեջ, թող լինեն մարդիկ-գրախանութներ` քայլող, արկածով վառված, գրքերով լեցուն, որոնք ընթերցողներին տեղ կհասցնեն իրենց ուզած հեղինակներին կամ կպատմեն ստեղծագործությունների մասին: Չգիտեմ… փրկել է պետք, ավելի ճիշտ, որոշել է պետք՝ առանց հապաղելու. որոշել, սահմանել ու շարժվել առաջ: