Սփիլբերգը ցեղասպանության մասին ֆիլմ չի նկարում

Սփիլբերգը ցեղասպանության մասին ֆիլմ չի նկարում
Մի քանի օր է՝ մամուլում շրջանառվում է այն ինֆորմացիան, ըստ որի, աշխարհահռչակ ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը պատրաստվում է ֆիլմ նկարահանել՝ նվիրված Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին, որը նախատեսում է ավարտել 2015-ին: Ըստ մամուլի հրապարակումների, ֆիլմում խաղալու են թե հայ եւ թե օտարերկրացի հայտնի դերասաններ, եւ շուտով բանակցություններ պիտի սկսվեն հայկական կողմի հետ, ավելին՝ նախատեսվում է հանդիպումներ ունենալ Հայաստանի Ազգային կինոկենտրոնի ներկայացուցիչների հետ: Ամենատարօրինակն այս պատմության մեջ այն էր, որ միակ վկայակոչվող աղբյուրը թուրքական «Ntvmsnbc.com» կայքն էր, որին էլ արված էր հղումը, ինչն արդեն կասկածելի է: Կա՞ արդյոք նման պայմանավորվածություն, թե՞ ոչ. զանգահարեցինք Հայաստանի ազգային կինոկենտրոն, մեզ հետ զրույցում կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը նշեց, որ ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը, բայց իրենք պատրաստվում են ցեղասպանության 100-ամյակին նվիրված ֆիլմ նկարել.



«Հիմա դեռ նյութերն ենք հավաքում, նախապատրաստական աշխատանքներ ենք տանում, կփորձենք ներգրավել դրսի ուժեր՝ եւ ռեժիսորներ, եւ այնպիսի ընկերությունների հետ կփորձենք համագործակցել, ինչպիսին է, օրինակ, «Ցենտրալ պարտնյորշիպը» «Փարամաունդ փիքչերսը», պիտի փորձենք ռուսների հետ աշխատել, բայց դա նախնական էտապում է, եւ որեւէ բանակցություն, առավել եւս հանդիպում` չկա»: Գլխավոր ռեժիսորի հարցը նույնպես պարզ չէ, քննարկման փուլում է, ու կարող է անգամ համատեղ նկարահանվել ֆիլմը.



«Սփիլբերգի մասով մենք 2 տարի առաջ ասեցինք, որ պետք է փորձենք իրեն էլ դիմենք, Զալյանին էլ, ում հեղինակությամբ նկարվեց «Շինդլերի ցուցակը» ֆիլմը: Մենք ասել ենք, որ կփորձենք օգտագործել նաեւ այդ հնարավորությունը, բայց կոնկրետ ոչ մի բանակցություն չի արվել, դա միայն ցանկություն է եղել, դեռ չենք դիմել»: Ինչ վերաբերում է այն բանին, որ ինֆորմացիան տարածել է թուրքական կայքերից մեկը, Գեւորգյանի կարծիքով, քանի որ նախապես ասվել էր, որ փորձելու են ներգրավել դրսի ուժեր, թուրքերը, մտածելով, որ նման համագործակցություն հնարավոր է, փորձում են այդկերպ ձախողել. «Երեւի իրենք առաջ են ուզում ընկնեն, աղմուկ բարձրացնեն, խանգարեն, որ եթե նման բան լինի, ասենք, նույն Սփիլբերգն ու նման հեղինակությունները չուզենան մասնակցել: Կարծում եմ դա է պատճառը, որովհետեւ 2 տարի է՝ ընդհանրապես այդ մասին խոսակցություն չի եղել»: Ամեն դեպքում բացառված չէ, որ ապագայում դիմեն Սփիլբերգին:



«Բացառված չէ ոչ մի բան, բայց կոնկրետ այսօր չկա ոչ մի բան»,- նշեց Գեւորգյանն ու ավելացրեց, որ հիմա աշխատանքներ են տանում ֆիլմի ուղղությամբ, որը նախատեսված է ցուցադրել 2015-ին, իսկ առայժմ դեռ վաղ է ասել, թե ֆիլմի աշխատանքները երբ կսկսվեն: Ինչ վերաբերում է այն հարցին, թե Ատոմ Էգոյանի «Արարատը» կարծես այն ռեզոնանսը չառաջացրեց, ինչ սպասում էինք, Գեւորգյանը նշեց, որ Էգոյանը նկարեց այն, ինչ ուզում էր: «Մենք ուզում ենք տեսնել այն, ինչ ուզում ենք տեսնել: Մեր` հայերի սպասելիքները, որպեսզի մեծ ռեզոնանս ունենա, մի քիչ ուրիշ պատկերացում է, ինքը նկարահանեց իր պատկերացրած ֆիլմը, չեմ կարծում, որ մասշտաբայնության մեջ է ռեզոնանսը, այլ ասելիքի, ներկայացնելու ձեւի, տեսակի մեջ»: