Եկեք տեղերով փոխվենք

Եկեք տեղերով փոխվենք
Երեկ առավոտյան մեր խմբագրություն էին այցելել երկու ոստիկան՝ Մասիսի ոստիկանությունից: Նրանք մի գրություն էին բերել, որով տեղեկացնում էին, որ ապրիլի 3-ին մեր թերթում տպագրված լուրը՝ ՀՀԿ Մասիսի շտաբի կողմից ընտրակաշառքների խոստումների մասին, արժանացել է ոստիկանության ուշադրությանը, եւ այդ առիթով իրենց բաժնում «նյութեր են նախապատրաստվում»: Բայց գրության ամենակարեւոր մասը խնդրանքն էր. «Տեղեկություններ տրամադրել խմբագրություն դիմած քաղաքացու մասին»: Ես, մտածելով, որ Մասիսի ոստիկանները պարտադիր չէ, որ կարդացած լինեն «Մամուլի մասին» օրենքը, փորձեցի բացատրել, որ օրենքը մեզ թույլատրում է անգամ դատարանում չհրապարակել մեր աղբյուրը, եթե խոսքը ծանր քրեական հանցագործության մասին չէ: Եվ անգամ փորձեցի կատակի վերածել, թե՝ քաղաքացու տվյալներն ուզում եք, որ ձեր նկուղներում ծեծեք ու ստիպեք, որ հրաժարվի՞ իր ասածներից: Բայց որքան մեծ էր իմ զարմանքը, երբ երեկոյան հեռուստատեսությամբ ունկնդրեցի հանրության ամենասիրելի դատախազ Կորյուն Փիլոյանին, որն (ո՜վ զարմանք) ընտրախախտումների գծով դատախազության նորաստեղծ հանձնաժողովի ղեկավարն է եւ որը եթերից հայտարարեց, որ մամուլը «պարտավոր է» իրենց տրամադրել տեղեկություններ: Իսկ հարգելի պրն Փիլոյան, գուցե նաեւ ձեր փոխարեն քննությո՞ւն իրականացնենք, հանցագործներին գտնենք ու սկուտեղի վրա մատուցե՞նք ձեզ: Իսկ, ներեցեք խնդրեմ, ինչո՞վ է պատրաստվում զբաղվել ոստիկանություն-դատախազություն հսկայական ուռճացված համակարգը, եթե ձեր հույսը մեր տրամադրած տեղեկություններն են եւ լրագրողների ձեռք բերած ապացույցները: Այդ դեպքում գուցե տեղերով փոխվե՞նք՝ մենք հանցագործություններ բացահայտենք, դուք հասարակական հնչեղություն ունեցող խնդիրներ լուսաբանեք եւ հոդվածնե՞ր գրեք: