«ՕԵԿ-ը հեռախոս և օծանելիք է բաժանում». Արամ Մանուկյան

«ՕԵԿ-ը հեռախոս և օծանելիք է բաժանում». Արամ Մանուկյան
«ՀԱԿ-ին Արաբկիրում հրաժարվում են ընտրաշտաբի համար տարածք տրամադրել», -այսօր հայտարարեց ՀԱԿ ներկայացուցիչ, պատգամավորի թեկնածու Արամ Մանուկյանը: Նրա պնդմամբ` մարդիկ վախենում են, ասելով, որ իշխանությունները իրենց «հերը կանիծեն»: Այդ պատճառով էլ ՀԱԿ  համակիրներն իրենց տները դարձնում են ընտրաշտաբ: Բացի այդ Ա. Մանուկյանը իրականացնելու է «տնետուն» ծրագիրը, որի ընթացքում պատրաստվում է մոտ 3000 տուն այցելել:



Նա խոսեց նաև ընտրացուցակների կեղծիքների մասին, ասելով, որ Արաբկիրում 4000-4500 մարդ է ավելացել ցուցակներում, իսկ տեղամասերի քանակը 32-ից դարձել է 34:



ՀԱԿ-ը դիմել էր ոստիկանություն, որպեսզի իրենց տրամադրեին Հայաստանից վեց ամսից ավելի բացակայող մարդկանց ցուցակները, սակայն իրենց հայտնել էին, որ այդ տեղեկատվությանը չեն տիրապետում: Այժմ  նույն հարցով դիմել են վարչապետին:



Իրենք նաև հայտնաբերել են, որ Բաղրամյան 45 և 47  հասցեներում կա տուն ու շենք, և դրանց բնակիչների մի մասը քվեարկում է մի ընտրատարածքում, մյուս մասը՝ մեկ այլ:



Ընտրակաշառքներին անդրադառնալով` ՀԱԿ ներկայացուցիչը տեղեկացրեց, որ իրենց բակում թաղապետը և ՍԱՍ-ի Արտակը անձամբ են հետևում ասֆալտապատմանը: Իսկ ՕԵԿ-ը իրենց շենքում հեռախոս և օծանելիք է բաժանում:



Բանախոսը ասաց, որ թոշակառուներից անձնագրերը վերցնում են՝ պատճառաբանելով, որ ժամկետը լրացել է և ուղարկում են նոր անձնագիր ստանալու:



ՀԱԿ-ի պայքարը ուղղված է ՀՀԿ-ի դեմ, քանի որ Հայաստանը, ըստ Արամ Մանուկյանի, կործանման եզրին է: Նա բացառեց և հիմարություն համարեց, այն կարծիքը, որ ՀԱԿ-ը և ՀՀԿ-ն համագործակցում են միմյանց հետ:



Սեդա Ստեփանյան