Հրապարակի ողբերգությունը ժլատության հետեւանք էր

Հրապարակի ողբերգությունը ժլատության հետեւանք էր
ՀՀԿ-ի տխրահռչակ փուչիկների պատմությունից մեզ որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մեր տեղեկություններով, ՀՀԿ-ի փուչիկների գծով կազմակերպիչները նախապես մի քանի ընկերությունների են դիմել մեծաքանակ փուչիկներ պատվիրելու համար, որոնք լիցքավորված պետք է լինեին հելիում անվտանգ գազով: Սակայն մեկ փուչիկի գինը նվազագույնը կազմել է հինգ հարյուր դրամ, ինչը ձեռնտու չի եղել, քանի որ որոշվել է հայ հանրությանը զարմացնել փուչիկների առատությամբ: Կարճ ասած, նախընտրել են էժան տարբերակը՝ դիմելով անհատ լցնողների: Ասում են՝ սովորաբար նորմալ կազմակերպությունները հրաժարվում են փուչիկները բնական գազով լցնելուց՝ իրենց հաճախորդներին ցույց տալով այնպիսի կադրեր, որտեղ կան փուչիկների բռնկվելու տեսարաններ: Ի դեպ նշենք, որ փողոցում վաճառվող փուչիկները հիմնականում լիցքավորված են բնական մեթան գազով, ինչը նույնքան վտանգավոր է: Պարզապես, քանի որ դրանք մեծ քանակությամբ չեն, նման պայթյունի վտանգը նվազագույնի է հասցված: Փաստորեն, իշխող կուսակցությունը միլիարդներով գումար ծախսեց, իսկ մանրուքների մեջ խնայեց: Սակայն եթե հաշվենք, թե ինչ վնաս կրեց արդյունքում՝ թեկուզ միայն բժշկական ծախսերի տեսքով, պարզ է, որ քաղաքական եւ ֆինանսական վնասներն ահռելի են: