Դիմադիր եւ ընդդիմադիր դաշտը տարանջատված է

Դիմադիր եւ ընդդիմադիր դաշտը տարանջատված է
Քաղաքական սելավից հետո երկինքը կարծես պարզվում է, բայց պետական մակարդակով կազմակերպված աղետը բնության աղետից էլ դաժան է ու շարունակելու է պղտոր եղանակ ստեղծելու իր գործը՝ մինչ նախագահական ընտրությունների ավարտը: Շատ բան արդեն գծագրվում է՝ դիմադիր եւ ընդդիմադիր դաշտերը տարանջատված են: Փաստորեն, խորհրդարանական ողջ կուսակցությունների պայքարը եղել է ՀԱԿ-ի դեմ: Գործադրվել են տարբեր միջոցներ՝  նրան անվանարկելու, ձայները փախցնելու ու ժողովրդի վստահությունը կորցնելու առումով: Սա արձանագրված փաստ է եւ ոչ թե եզրահանգում, իսկ փաստի շուրջ բանավեճ չի լինում. արձանագրում են այնպես, ինչպես կա: Մամուլի աշխարհում մի պարզ տրամաբանություն կա: Ասա՝ ով է ֆինանսավորում լրատվամիջոցդ, կասեմ՝ ում օգտին ես գործում: Եվ պետք չէ այդ կոնտեքստից դուրս հավատալ հոդվածագրի անաչառությանը: Դա նույնպես փաստ է, եւ հակաճառելու կարիք չկա:



Լրատվամիջոցի անաչառությունը գնահատելու համար ընդամենը պետք է իմանալ, թե ով է ֆինանսավորում այդ լրատվամիջոցը: Իշխանության կողմից հասարակության առաջին արձագանքը ստուգվում է զանգվածային լրատվամիջոցների միջոցով: Սա շատ կարեւոր խնդիր է, որի իրականացման համար փող չի խնայվում: Մեր հասարակության մեջ այդ մասը խախուտ է, իսկ դա հիմքն է:



Եթե չկա անաչառ լրատվություն, չի լինի նաեւ նորմալ հասարակություն: Անձամբ ինքս, հայկական հեռուստատեսության տարբեր ալիքներից լսելով լուրերը, խորը վիրավորվում եմ, որ ինձ, պետական լրատվությունից բացի, հնարավորություն չի տրվում լսելու հակառակ կողմի գոնե մեկնաբանությունները:



Մարդուն կախաղան բարձրացնելուց առաջ վերջին խոսքի իրավունք են տալիս: Իմ պետությունը դա չի տալիս՝ որտեղ ուզում ես խոսիր կամ հաչա, ինքս այդ հնարավորությունը չեմ տալիս. սա է նրա մոտեցումը: Իսկ մտավորականներն ասելիք ունեն, դա է վկայում ֆեյսբուքյան հեղեղը, հազարավոր կայքերը, բլոգները...  Դրան հակակշիռ՝ վերահսկողության մեխանիզմներով իշխանությունը ֆինանսավորում է որոշակի օնլայն լրատվամիջոցների, որպեսզի նրանք խժռեն մանրերին, հասարակության ուշադրությունը կենտրոնանա խոշորների վրա...  Դրանով խեղդում են հասարակության այլընտրանքային առաջխաղացումը: Սրանք ներկայացնում եմ, որպեսզի պարզ լինի, թե ընտրություններից հետո ինչու հատուկենտ լուսաբանումներից զատ այլ մոտեցում չկա. ժողովուրդը մինչեւ հիմա չի հասկանում, թե ով ով է:



Հատուկենտ մեկնաբանությունները ժողովրդի գիտակցության մեջ չեն նստում, նրա հետ հարկավոր է ամենօրյա գաղափարական լուրջ աշխատանք, որպեսզի թացը չորից ջոկի, որպեսզի իր ընտրությունը կամային լինի: Անկախ ինչ կխոսեն, ինչ կգրեն, խորհրդարանական բոլոր ուժերը մի մարդու նման աշխատել են ՀԱԿ-ի դեմ: Ինքս ՀԱԿ-ի հետ ոչ մի առնչություն չունեմ, բայց, կարծում եմ, իշխանության կողմից հաղթանակի փաստն արձանագրելուց հետո գոնե պետք է վերջ տալ քաղաքական անորոշություններին ու հստակություն մտցնել քաղաքական դաշտում:



Խորհրդարանական բոլոր ուժերը՝ կոալիցիա կազմեն, թե չէ, իշխանական  ուժեր են, որոնք գործել ու շարունակելու են գործել իրադրային պայմաններում: «Ժառանգությունը» շարունակելու է նոր խաղեր տալ, նախագահական ընտրություններին ընդառաջ՝ մեռած կուսակցությունների հերթափոխ է դաշտ մտցվելու: Իսկ լրատվական դաշտը պարտավոր է առանց սեթեւեթումների` ճշգրիտ արձագանք տալ նման դրսեւորումներին:



Լրատվական դաշտի պղտորությունը մտցվում է հասարակական դաշտ, ու ժողովուրդը չի հասցնում ճշգրտել իրավիճակի լրջությունը: Բոլոր թեւերի լրատվամիջոցները պարտավոր են հիմք ընդունել մի կարեւոր պայման՝ ժողովրդի համար տեսանելի դարձնել օբյեկտիվ իրականությունը, յուրաքանչյուրն իր կուսակցական ապարատը փոխարինի ժողովրդական ապարատով: Իշխանություններն ու կուսակցություններն անցողիկ են, մնայուն է միայն ժողովուրդը՝  իր հոգեւոր արժեքներով, ու նրան խաբելը հավասարազոր է պատմության աղավաղմանը, որը չի ներվում պատմության կողմից:



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ